>

Ազգային ժողովն առաջին փուլում Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր նրա թեկնածությունն առաջադրած «Ելք» խմբակցությունը:

Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը կողմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 11:




Քոչարյանի զոհերը

Խորհրդարանում որևէ անկանխատեսելի բան տեղի չունեցավ ու չէր կարող տեղի ունենալ՝ չնայած այն բանին, որ դավադրային տեսության որոշ սիրահարներ պնդում էին անգամ, որ ՀՀԿ-ն «դավադրաբար» ընտրելու է Նիկոլ Փաշինյանին։




Քանի որ ընթացակարգային առումով խորհրդարանում այսօր որևէ ինտրիգային բան տեղի չի ունեցել, ապա հիմնական իրադարձությունը, բնականաբար, մնում է Նիկոլ Փաշինյանի ելույթը, որը ծրագրային էր՝ սակայն ոչ թե խորհրդարանի, այլ՝ ավելի լայն լսարանի համար։

Ելույթի առանցքային դրվագներից մեկը ՀՀԿ-ին ուղղված քաղաքական ուղերձն է, որն ավելի շատ ոչ թե հանդիմանություն է՝ անկախ ձևակերպումներից ու շեշտադրումներից, այլ՝ քողարկված առաջարկ կամ որոշակի ստատուս-քվոյի ուրվագծում, որտեղ ՀՀԿ-ն իրեն մեկուսացված չի զգա նոր համակարգից։


«Հարգելի հանրապետականներ, ձեզ անընդհատ սխալ ուղղությամբ են տանում։ Հին ընտրական օրենսգիրքը պահելով դուք մեզ մեծ ծառայություն եք մատուցում։ Հենց էդ ռևանշիստական մղումները պահեցիք, ընտրություններն ուզենք, թե չուզենք լինելու է սևի ու սպիտակի տրամաբանության մեջ, և դուք զրո ձայն եք ստանալու։ Ձեր միակ շանսը քաղաքականացնել, որպեսզի մենք խոսենք։ Արդեն փակված համարենք էդ հին թեման, խոսենք ծրագրերից բյուջեից, հարկերից, պրոբլեմներից, տնտեսական հեռանկարներից, որտեղ դուք բավական ինֆորմացիա ունեք կուտակած և կարող եք հանդես գալ։ Էդ ռևանշիստական բաները թողեք, որովհետև ձեզ մենակ վնասում եք, համակերպվեք, ի վերջո, գոնե ընդդիմություն մնալու ձեր շանսը պահպանեք, դուք նույնիսկ դա չեք ուզում պահպանել։ Հին Ընտրական օրենսգրքով դուք ընդհանրապես չեք անցնելու։ Ձեր միակ շանսը փոփոխված Ընտրական օրենսգիրքն է՝ պարզ համամասնական ցուցակը։ Ինչքան լարվածությունը մեծ եղավ, այնքան ձեր դեմ է աշխատելու։ Մեկը չկա ձեր շահը ձեզ բացատրի, չեմ հասկանում», – ասել է Փաշինյանը։

Վարչապետն, անշուշտ, փորձում է դուրս գալ վերջնագրային մարտավարությունից ու ապահովել խորհրդարանական կոնսենսուս՝ ԸՕ բարեփոխումների երկրորդ փուլի քննարկումներից առաջ։ Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը միանգամայն պարզ ակնարկ է անում ՀՀԿ-ին՝ վերջինիս, կառուցողական վարքագծի դիմաց, առաջարկելով քաղաքական այնպիսի միջավայր, որը ՀՀԿ-ին թույլ կտա հայտնվել ապագա խորհրդարանում։

Փաշինյանը ՀՀԿ-ին զգուշացնում է, որ եթե չընդունվեն ԸՕ փոփոխություններն, ապա իր քարոզարշավի հիմնական թիրախը դառնալու է Հանրապետականը՝ «սև»-ի կարգավիճակով դուրսմղվելով անգամ ընդդիմադիր դաշտից, այլ խոսքով՝ տեղ չունենալով քաղաքական դաշտում։ ՀՀԿ-ն, անշուշտ, չունի նման սցենարին դիմակայելու ռեսուրս, և եթե, այնուամենայնիվ, ընդդիմանա ԸՕ բարեփոխումներին, ապա, ամենայն հավանականությամբ, չի մասնակցելու առաջիկա ընտրություններին՝ մղվելով քաղաքական լուսանցք, որտեղ շատ դժվար է լինելու պատկերացնել կուսակցության արդիականացման գործընթացը։


Առաջիկա ընտրությունները, սակայն, կարող են դառնալ ՀՀԿ-ի անգամ քաղաքական ռեաբիլիտացիայի մեկնարկը, եթե կուսակցությունը հանրությանը ներկայանա առանց Սերժ Սարգսյանի կոռուպցիոն ստվերի ու կարողանա օգտվել նոր ԸՕ-ի բոնուսից, որը ենթադրում է չորրորդ կուսկցության ներկայություն խորհրդարանում՝ նույնիսկ 2%-ով քվեով։

Նման սցենարը կարող է ՀՀԿ-ի մոդեռնիզացիայի ազդակ լինել․ ի վերջո ՀՀԿ-ի թշնամին ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ քրեաօլիգարխիայի ստվերը, որը խեղդում է ցանկացած ռացիոնալ առաջարկություն։ Այս իմաստով՝ տեղին կլինի, որպեսզի ՀՀԿ վերնախավը լուրջ մտածի Նիկոլ Փաշինյանի առաջարկության մասին, որը ՀՀԿ-ն կարող է դուրս բերել ռևանշիզմի ճահիճից՝ նրան դնելով ընդդիմադիր կուսակցության կարգավիճակում։ Սա գուցե ՀՀԿ-ն փրկելու վերջին հնարավորությունն է։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->