>

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը Բաքվում նշել է, որ արցախյան կարգավորումը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ համար եւ ինքը ռեգիոնալ այցի շրջանակում մանրամասն կծանոթանա հարցին:

Որքանով են ադրբեջանական լրատվամիջոցները ճշգրիտ փոխանցում Բոլթոնի խոսքերը, բավական բարդ է ասել՝ այնտեղ առկա է դրանք ըստ ադրբեջանական քաղաքականության ներկայացնելու ավանդույթը: Մյուս կողմից, Բոլթոնի խոսքում զարմանալի բան չկա: Արցախյան հակամարտության կարգավորումն իհարկե կարեւոր է ռեգիոնալ պետությունների եւ աշխարհաքաղաքական կենտրոնների, այդ թվում ԱՄՆ համար: Հարցն այն է, թե որ սուբյեկտն ինչ է հասկանում կարգավորում ասելով, ինչ մոդել եւ մեթոդ է պատկերացնում դրա տակ:

Եվ այդ իմաստով Բոլթոնի հայտարարությունը, որ եկել է հարցին մանրամասն ծանոթանալու, հուշում է հետաքրքիր հանգամանքի մասին, ինչը բխում է նրա կալիբրից: Բոլթոնը նախագահ Թրամփի վարչակազմի եւ ընդհանրապես ներկայիս ամերիկյան քաղաքականության առանցքային դեմքերից մեկն է: Դրա մասին է վկայում օրինակ այն, որ հենց Բոլթոնն է Մոսկվայի հետ բանակցում եւ պայմանավորվում Թրամփ-Պուտին հանդիպումների շուրջ: Նա Կովկաս այցի նախօրեին Մոսկվայում էր, եւ ինչպես ամռանը, այս անգամ էլ Բոլթոնի այցի արդյունք կարող է լինել Թրամփ-Պուտին նոր հանդիպումը:




Քոչարյանի զոհերը

Հունիսին նա քննարկեց ու պայմանավորվեց ՆԱՏՕ Վեհաժողովից առաջ Հելսինկիում տեղի ունեցած հանդիպման մասին: Նախօրեին Մոսկվա այցի արդյունքում հայտարարվեց նոյեմբերի 11-ին Փարիզում հնարավոր հանդիպման մասին:




Այդպիսով, արցախյան հարցին ծանոթանալու մասին Բոլթոնի հայտարարությունը հուշում է, որ Նահանգները աշխուժանում է Կովկասի անվտանգությանն առնչվող քաղաքականության մասով:

Միեւնույն ժամանակ դա վկայում է, որ Նահանգները չունի որեւէ մոտեցում, որը Բոլթոնը բերում է ռեգիոն: Այլապես նա չէր խոսի հարցին ծանոթանալու մասին: Մյուս կողմից, դա ամենեւին չի նշանակում, որ Նահանգները Բոլթոնի մակարդակով խնդրին ծանոթանում է որեւէ լուծման տարբերակ մշակելու եւ ներկայացնելու նպատակով: Ավելին, մեծ հավանական է, որ այդ հարցին ծանոթանալու անհրաժեշտությունը բխում է ավելի լայն ռազմավարությունից, որ Վաշինգտոնը գուցե ունի լայն համատեքստում՝ Ռուսաստանից մինչեւ Իրան եւ Մերձավոր Արեւելք:


Եվ դա ոչ միայն չի կարող ենթադրել որեւէ լուծման տարբերակի ներկայացում կամ առաջխաղացման մտադրություն Արցախի խնդրում, այլ հակառակը՝ դրանում ներկայիս իրողությունների ամրագրման տարբերակների դիտարկում: Որովհետեւ առկա ստատուս-քվոն աշխարհքաղաքական մի շարք առանձնահատկությունների համախմբում ունի մեկը, որը կարեւոր է Նահանգների համար՝ Ռուսաստանի եւ Իրանի միջազգային քաղաքականության լեգալացման հնարավորություն: Իսկ այդ երկու տերությունների հանդեպ Նահանգների քաղաքականությունը հազիվ թե կառուցված լինի դրանք լիովին փլուզելու նպատակի վրա, քանի որ այդ նպատակը իր հետ կբերի շատ ավելի բարդ խնդիրներ, քան այդ պետությունների ներկայիս միջազգային քաղաքականությունն ինքնին:

Դրա վկայությունը ԽՍՀՄ փլուզման առաջին ալիքն էր, որտեղ, ի դեպ, գործնականում հետագա դրսեւորումների առումով ամենանվազ խնդրահարույց գոտին դարձավ հենց ղարաբաղյան գոտին, դրանում ձեւավորված ստատուս-քվոյի եւ այն ձեւավորելու հայկական կարողության շնորհիվ: Դրա վկայությունն է, որ հենց այդ գոտում ձեւավորվեց նաեւ աշխարհքաղաքական բացառիկ ֆորմատը՝ Մինսկի խմբի եռանախագահության տեսքով, որտեղ գործակցում են Վաշինգտոնը, Մոսկվան ու Փարիզը:

Այդ իմաստով, խնդիրների առաջացման պատճառներից էր այն, որ քառորդ դարի ընթացքում հայկական պետականությունը եւ համաշխարհային հայկական գործոնը աշխարհքաղաքական կենտրոններին սկսեց հղել ոչ թե այդ կարեւոր ստատուս-քվոն պահելու տնտեսա-քաղաքական եւ ռազմա-քաղաքական կարողունակության ազդակներ, այլ հակառակը, այդ կենտրոնների համար ստեղծելով որոշակի փակուղային իրողություններ:


Թավշյա հեղափոխությունը այդ առումով շրջադարձ էր, կամ առնվազն շրջադարձային կետ, եւ Ջոն Բոլթոնը ժամանել է թերեւս ոչ թե արցախյան խնդրին, այլ հենց թավշյա հեղափոխություն իրականացրած Հայաստանին ծանոթանալու համար: Այլ կերպ ասած, նա եկել է մոտիկից շոշափելու ազդակներն ու հասկանալու, արդյոք դրանք բովանդակային առումով տարբեր են քառորդ դար ստացած հիասթափեցնող  ազդակներից:

Այդ առումով, Բոլթոնի այցի համատեքստում հատկանշական է Արցախյան խնդրի մասին ժողովրդի մոտեցման եւ Նահանգների քառորդ դար ունեցած պատկերացման մասին դեսպան Միլզի ուշագրավ տողատակով հայտարարությունը, որում հայաստանյան հանրության մի մասը չիջավ մակերեսից ներքեւ: Մյուս կողմից, Հայաստանի նոր իշխանությունը, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանն արեց մի շարք հայտարարություններ ու քայլեր, որոնք վկայեցին, որ նա չի կանգնել մակերեսի վրա: Այդ իմաստով նաեւ հատկանշական է Արցախի հարցի վերաբերյալ նրա հայտարարությունը խորհրդարանում՝ հոկտեմբերի 24-ին, Բոլթոնի այցից ժամեր առաջ՝ Հայաստանի ժողովրդի եւ հատկապես Արցախի ժողովրդի կարծիքի վճռորոշության մասին: Իսկ թե ինչպիսին է այդ կարծիքը, դիվանագիտական բացության առավելագույն հնարավորությամբ ազդարարել էր հեռացող դեսպան Միլզը:

Ու նաեւ այդ համատեքստում ուշագրավ է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցից առաջ Հայաստանի վարչապետի հայտարարությունը, որ Ջոն Բոլթոնի այցը կլինի հայ-ամերիկյան փոխհարաբերությունը փոխադարձ վստահության աննախադեպ մակարդակի բարձրացնելու քայլը:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->