>

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ շարունակվեց 42-ամյա Կարեն Բաղդասարյանի և 31-ամյա Լիանա Դաղբաշյանի գործի դատական քնննությունը:

Ամբաստանյալները «Դերժավայի» Արկադիին պատկանող, նրա քրոջ կողմից կառավարվող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ են, ներկա պահին էլ աշխատում են՝ նրանց խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Երկու բժշկներին մեղադրանք է առաջադրվել բժշկական օգնությունը կազմակերպելու ժամանակ մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ, անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով ծննդկանի մահը առաջացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Բաղդասարյանը 2016 թվականի հուլիսի 26-ին եղել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգը: Այդ օրը, ժամը 16-ն անց 30-ին ծննդկան, գործով տուժող Տաթևիկ Գ.-ն ենթարկվել է կեսարյան հատումի, նա որդի է աշխարհ բերել: Ժամը 20-ի սահմաններում Տաթևիկի ինքնազգացողությունը վատացել է, նա գանգատներ է ունեցել: Սակայն, ըստ մեղադրական եզրակացության, հերթապահ գինեկոլոգ Կարեն Բաղդասարյանը ժամանակին չի ձեռնարկել որակյալ, մեծ կարևորություն ունեցող ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագետների կողմից, մասնավորապես՝ չի հետազոտվել որովայնի խոռոչում գտնվող օրգանների վիճակը, չի ստուգվել ներքին արյունահոսության առկայությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նեղ մասնագետ չլինելով՝ Կարեն Բաղդասարյանն ինքն է շարժական սարքով կատարել ծննդկանի որովայնի օրգանների հետազոտություն, որովայնի խոռոչում արյունավաք չի հայտնաբերել ու եզրակացրել է, թե ծննդկան Տաթևիկ Գ.-ի առողջական վիճակը բավարար է:

Սակայն կնոջ վիճակն աստիճանաբար վատացել է, իսկ նեղ մասնագիտական հետազոտության ժամանակ նրա որովայնի խոռոչում հայտնաբերվել է արյունահավաք: Ըստ մեղադրական եզրակացության՝ եթե Կարեն Բաղդասարյանը ժամանակին կազմակերպեր նեղ մասնագետների կողմից ծննդկանի վիճակի, մասնավորապես՝ որովայնի օրգանների հետազոտումը, շուտ հայտնաբերվեր արյունահավաքը, ավելի շուտ կկազմակերպվեր վիրահատական երկրորդ միջամտությունը, կվերցվեին ներքին արյունահոսությունը, արյունահավաքը, և միգուցե հնարավոր կլիներ ձեռնպահ մնալ պլազմայի փոխներարկումից: Բայց քանի որ ծննդկանը ներքին արյունահոսության պատճառով արյան մեծ կորուստ էր ունեցել՝ արյան սուր դեֆիցիտի պայմաններում նրան փոխներարկվել է թարմ սառեցված պլազմա, ինչի հետևանքով առաջացել է թոքերի ու գլխուղեղի այտուց, և ծննդկանը մահացել է…




Քոչարյանի զոհերը

Ըստ մեղադրական եզրակացության՝ մանկաբարձ-գինեկոլոգ Լիանա Դաղբաշյանը 2015 թվականի դեկտեմբերի 25-ից «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վարել է Տաթևիկ Գ.-ի հղիությունը:

2016 թվականի հուլիսի 26-ին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում Տաթևիկ Գ.-ն ենթարկվել է կեսարյան հատումի, նրա երեխան ծնվել է:


Ըստ մեղադրական եզրակացության՝ որպես ծննդկան Տաթևիկ Գ.-ի բուժող բժիշկ՝ Լիանա Դաղբաշյանը վիրահատությունից հետո ծննդկանի վիճակի մոնիտորինգը «ցածր մակարդակով» է կատարել՝ նրան վաղաժամ են հետվիրահատական սրահից տեղափոխել մանկաբարձական ստացիոնար հիվանդասենյակ:




Ըստ մեղադրական եզրակացության՝ բուժող բժիշկ Լ. Դաղբաշյանը նույնպես միջոցներ չի ձեռնարկել՝ ծննդկանի մոտ առաջացած ներքին զարկերակային արյունահոսությունը ժամանակին հայտնաբերելու ուղղությամբ: Ծննդկանի մոտ առաջացել է արյան դեֆիցիտ, որը լրացնելու նպատակով նրան փոխներարկել են թարմ սառեցված պլազմա, ինչի արդյունքում ծննդկանի մոտ առաջացել է թոքերի և գլխուղեղի այտուց, և նա մահացել է:

Այս ողբերգական պատմության միակ լուսավոր կետը՝ Տաթևիկը կեսարյան հատումով աշխարհ է բերել որդի, ու երեխան, բարեբախտաբար, չի տուժել, նա մեծանում է…

Ամբաստանյալներ Կարեն Բաղդասարյանն ու Լիանա Դաղբաշյանն իրենց մեղավոր չեն ճանաչում:
Դատարանը մեկ անգամ ևս հարցաքննեց «Սլավմեդի» ծննդատան վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Վ. Ռափյանին, ով մասնակցել էր տուժող ծննդկանի կեսարյան հատումին՝ որպես… ասիստենտ:

Պատասխանելով պաշտպանական կողմի հարցերին՝ կեսարյան հատումից հետո ծննդկանին ինտենսիվ թերպիայի բաժանմունքից սովորական հիվանդասենյակ տեղափոխելու վերաբերյալ, այս գործով վկա Վ. Ռափյանն ասաց, թե գոյություն ունի դեռ խորհրդային ժամանակից գործող ուղեցույց, համաձայն որի՝ ծննդառությունից 2 ժամ անց ծննդկանը տեղափոխվում է սովորական հիվանդասենյակ, եթե բարդություններ չեն արձանագրվում: «Սա չափանիշ է»,- ասաց Վ. Ռափյանը: Նա ավելացրեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում նոր՝ ժամանակակից ուղեցույց կազմելու վրա, բայց դեռ գործում է խորհրդային ժամանակներինը:

Ըստ վկայի՝ «Սլավմեդում» կեսարյան հատումի ենթարկված ծննդկանին սովորական հիվանդասենյակ տեղափոխելու հատուկ կարգ՝ ժամային առումով, չի եղել: Միայն պահպանել են պարտադիր երկու ժամը: Դրանից հետո ղեկավարվել են՝ ըստ ծննդկանի վիճակի: Կարող են բարդ դեպքեր լինել, երբ ծննդկանը ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակում պահվի 24-48 ժամ: Դա կախված է բարդության աստիճանից:

Վկան ասաց, որ բժիշկ Լիանա Դաղբաշյանն իր աշխատանքային օրը վերջացնելուց հետո այլ պարտականություններ չի ունեցել ու գնացել է տուն:

Վկան նշեց, որ ըստ տուժող Տաթևիկ Գ.-ի պատմագրի՝ հերթապահ բժիշկ Կարեն Բաղդասարյանը սկզբնական շրջանում որևէ ցուցում չի ունեցել՝ սոնոգրաֆիա կամ արյան հետազոտություն կատարելու համար:

Վկան ասաց՝ պրակտիկան հետևյալն է՝ եթե ծննդկանի տվյալները նորմային համապատասխան են, հատուկ հետազոտություններ չեն կատարվում: Դրանք կատարվում են այն ժամանակ, երբ բնորոշ ընթացքից շեղումներ են նկատվում:


Վկան ասաց, որ աշխատանքային օրվա ավարտից հետո «Սլավմեդի» հերթապահ սոնոգրաֆիստը տանն է հերթապահում, այսինքն՝ հերթապահը գտնվում է տանը՝ կազմ ու պատրաստ, անհրաժեշտության դեպքում նրան զանգում են հերթապահ բժիշկները, կանչում են բժշկական կենտրոն, և սոնոգրաֆիստը շուտափույթ ներկայանում է, ինչպես եղել է տվյալ դեպքում՝ հերթապահ բժիշկ Կարեն Բաղդասարյանը կանչել է հերթապահ սոնոգրաֆիստին, նա տնից է ներկայացել ու կատարել է վիրահատված ծննդկանի սոնոգրաֆիկ հետազոտություն:

Պաշտպանական կողմը վկա Վ. Ռափյանին՝ որպես «Սլավմեդի» ծննդատան վարիչի՝ հարցեց՝ «Տվյալ տուժողի նկատմամբ ի՞նչ հարցում է թերացել հերթապահ բժիշկ Կարեն Բաղդասարյանը»:

Վկա Վ. Ռափյանը պատասխանեց, որ Կարեն Բաղդասարյանի կատարած բոլոր գործողությունները եղել են բավարար ծավալով, նա հսկողության տակ է պահել վիրահատության ենթարկված ծննդկանին, առաջին անգամ ինքն է կատարել սոնոգրաֆիկ հետազոտություն, արյունահավաք չի հայտնաբերել, այնուհետև, ելնելով ծննդկանի վիճակից, նա ճիշտ ախտոոշում է կատարել ու կանչել է հերթապահ սոնոգրաֆիստին, եթե ծննդկանին հսկողության տակ չպահեր, նա այդքանը չէր անի…

Վկան ասաց. «Կարեն Բաղդասարյանի գործողությունները եղել են ճիշտ, նա բաց չի թողել տուժողի որովայնում հեմատոմա հայտնաբերելու պահը, դինամիկ հսկողության շնորհիվ է հայտնաբերել հեմատոման, ես Կարեն Բաղդասարյանի գործողություններում սխալ բան չեմ տեսնում»:

Գործով կատարված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, սակայն, մի խումբ մասնագետներ պատճառահետևանքային կապ էին արձանագրել հերթապա բժիշկ Կարեն Բաղդասարյանի ու տուժողի մահվան միջև, ինչի պատճառով Կարեն Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել, ու նա ամբաստանյալի կարգավիճակում է:

Վկա Վ. Ռափյանը, պատասխանելով պաշտպանական կողմի հարցերին, ասաց, որ ինքը բժիշկ- մանկաբարձ է, բժշկական գիտությունների թեկնածու, բժշկական համալսարանի դոցենտ, մասնակից է եղել բազմաթիվ փորձաքննությունների, այդ թվում՝ դատաբժշկական փորձաքննությունների:

Վ. Ռափյանն ասաց, թե «պրոֆեսիոնալ առումով շատ բարձր է գնահատում Կարեն Բաղդասարյանին», վերջինիս ճանաչում է շուրջ 10 տարի՝ համատեղ աշխատանքից: Կարեն Բաղդասարյանի մասնագիտական բարձր որակները հաշվի առնելով են նրան ավագ հերթապահ բժիշկ նշանակել՝ դրա համար որոշակի աշխատանքային փորձ ու գիտելիքներ են անհրաժեշտ:

Պաշտպանական կողմը հարց հնչեցրեց՝ ինչպիսի՞ն է բժիշկ Կարեն Բաղդասարյանի «բարոյական բնութագիրը»՝ ըստ վկայի, պատահե՞լ է, որ նա որևէ հիվանդի ներկայացրած գանգատները «ականջի հետև թողնի»:


Վ. Ռափյանը պատասխանեց, թե նման բան չի եղել ու լինել չի կարող՝ բժշկի մասնագիտության մեջ նաև բարոյական կերպարն է մտնում. «Իմ կարծիքը բժիշկ Կարեն Բաղդասարյանի վերաբերյալ բոլոր առումներով դրական է»:

Վկա Ռափյանն ասաց, որ կեսարյան հատումը բավական «տրավմատիկ վիրահատություն է», դրանից հետո վիրահատություն տարած կանայք ցավեր են ունենում, բժիշկը գնահատում է ոչ միայն ցավերի առկայությունը, այլև դրանց բնույթը: Չբարդացած կեսարյան հատումի դեպքում ցավերը վիրահատության շրջանում պարտադիր են լինում, միայն ցավի առկայությունը չի նշանակում, որ բարդություն կա…

Վկա Վ. Ռափյանը նշեց, որ ներքին արյունահոսության սկիզբը նշել պրակտիկորեն հնարավոր չէ, դրա մասին խոսում են, երբ որոշակի կլինիկական պատկեր է առաջանում, ի հայտ են գալիս մի խումբ ախտանշաններ: Կոնկրետ՝ արյան ճնշման անկումը կարող է վկայել ներքին արյունահոսության մասին, բայց ներքին արյունահոսության սկզբնական փուլում արյան ճնշման անկում չի լինում, դա լինում է, երբ կորսված արյան քանակությունը մեծանում է, օրգանիզմն արդեն չի կարողանում վերականգնել այն:

Ըստ վկայի՝ երբ հերթապահ բժիշկ Կարեն Բաղդասարյանը սկզբնական փուլում չափել է ծննդկանի արյան ճնշումը, այն եղել է նորմայի սահմաններում, «ուրիշ ի՞նչ պիտի աներ հերթապահ բժիշկը»: Իսկ արյունահավաքի՝ հեմատոմայի առաջացումը որոշակի ժամանակ է պահանջում, հեմատոման պիտի ձևավորվի ու կլինիկական արտահայտություն ունենա, «սիմպտոմների համախումբ պիտի լինի… այնպես որ՝ սկզբանական շրջանում ներքին արյունահոսությունը դժվար է դիագնոզել»:

Երբ հեմատոման ձևավորված է լինում, արդեն արտահայտված նշաններ են հայտնվում՝ արտահայտված ցավ, որովայնի առաջնային պատի ասիմետրիա, հեմատոմայի շրջանն ավելի կարծր ու ցավոտ է լինում, անգամ՝ մաշկի գույնն է փոխվում…

Ըստ վկա Վ. Ռափյանի՝ հերթապահ բժիշկ Կարեն Բաղդասարյանը տուժողի որովայնում հեմատոման ախտորոշել է… ժամանակին…

Վկա Վ. Ռափյանն ասաց՝ «սովորական երևույթ է», որ ինքը՝ ծննդատան վարիչը, կեսարյան հատում վիրահատության ժամանակ եղել է երիտասարդ բժշկի ասիստենտը: Դա ամենօրյա երևույթ չէ, բայց ինքը պատրաստակամությամբ օգնում է իր երիտասարդ գործընկերներին, դա համարում է իր գործի մի մասը: Տվյալ դեպքում իր մասնակցությունը Տաթևիկ Գ.-ի կեսարյան հատումին պայմանավորված չի եղել դեպքի բարդությամբ: Վիրահատությունը անցել է նորմալ, ըստ վկայի, տեխնիկական տեսակետից ինքը որևէ շեղում չի տեսել…

Վկան նշեց, որ ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակում ծննդկանը կգտնվեր ապարատային հսկողության տակ, իսկ սովորական հիվանդասենյակ տեղափոխվելով՝ նա գտնվել է հերթապահ բժշկի դինամիկ հսկողության տակ, տարբերությունը մեծ չէ…

Վկան նշեց, որ նորմալ կեսարյան հատումի ժամանակ, ըստ մեթոդիկայի, որովայնի առաջնային պատի խոշոր անոթները չպիտի հատվեն, իսկ մանր անոթներ կարող են հատվել ու կարվել: Եթե պատահի, որ խոշոր անոթ էլ հատվի, այն պարտադիր պետք է կարվի… Պատասխանելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի հարցին՝ վկան ասաց. «Ձեր ասած անոթը ես ո՛չ կտրել եմ, ո՛չ կարել»:

Ըստ վկայի՝ կեսարյան հատումի ենթարկվածի մոտ մինչև 1 լիտր արյան կորուստը չի ազդում նրա ընդհանուր վիճակի ու արյան ճնշման վրա, չնայած այլ դեպքերում այդքան արյան կորուստը կարող է շոկի էլ հանգեցնել: Որպես կանոն, ըստ վկայի, կեսարյան վիրահատության ենթարկվածը շոկային վիճակի մեջ կարող է ընկնել 2-2,5 լիտր արյուն կորցնելու դեպքում:

Գործով մեղադրողը նշեց, որ վկայի դատաքննական ցուցմունքը հակասում է գործում առկա՝ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությանը, որը ստորագրել են մի խումբ անվանի մասնագետներ:

Մեղադրող Գևորգ Գևորգյանը հարցրեց ամբաստանյալների գործողություններում անփութություն, անբարեխղճություն չտեսնող վկային՝ դուք կաշկանդվա՞ծ եք ինչ-ինչ հանգամանքներով, օրինակ՝ այն բանով, որ ամբաստանյալները ձեր գործընկերներն են…

Վկա Վ. Ռափյանը պատասխանեց. «Կաշկանդվածություն չունեմ»:

Դատական հաջորդ նիստին դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունը:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->