>

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում՝ ՀՀ-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստին, որտեղ հանգամանալից անդրադարձ է կատարել Հայաստանում Ընտրական օրենսգրքի փոփոխության գործընթացին։

Աշոտյանի ելույթի մասին դատողություններ կարող ենք անել ֆեյսբուքյան գրառումից, որտեղ նա շարադրել է իր խոսքի հիմնական թեզերը։ «1. ԸՕ-ն մշակվել է առանց խորհրդարանական ուժերի ներգրավման։ 2. Այն չի ենթարկվել Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության։ 3. Վենետիկի հանձնաժողովի նախագահը չի ողջունում ԸՕ էական փոփոխությունները ընտրությունների նախաշեմին։ 4. Պատգամավորների վրա ճնշումներ են գործադրել այն անցկացնելու համար։ 5. ԸՕ-ի անփառունակ տապալումից հետո իշխանությունները կրկին փորձում են այն անցկացնել։ 6. Քաղաքական կոնսենսուս չկա և չի լինելու»,- գրել է հանրապետական պատգամավորը։




Քոչարյանի զոհերը

Սա այն բացառիկ դեպքերից է, երբ Արմեն Աշոտյանն ըստ էության գլխիվայր շուռ է տվել իրականությունը՝ ստեղծելով մի պատկեր, որը շատ հեռու է հայաստանյան այսօրվա համատեքստից։ Ավելին՝ Աշոտյանի ելույթը լավագույն փաստարկն է, թե ինչու պետք է արձակել գործող խորհրդարանը։ ՀՀԿ պատգամավորներն օգտագործում են իրենց այսօրվա կարգավիճակը Հայաստանի նոր իշխանության, հեղափոխության դեմ արտերկրում քարոզչական պատերազմ վարելու համար։ Ընդ որում, Աշոտյանի ելույթը որևէ կապ չունի բազմակարծության կամ իրադարձություններն այլընտրանքային դիրքերից ներկայացնելու սկզբունքի հետ։ Ցանկացած ընդդիմադիր խոսք, այլընտրանքային դիրքորոշում պետք է կառուցվի ոչ թե կեղծիքի, կլիշեյավորված ձևակերպումների, այլ փաստերի, օբյեկտիվ իրականության հիման վրա։




Բնավ չենք ուզում անդրադառնալ ՀՀԿ փոխնախագահի ելույթի բոլոր դրվագներին՝ նաև վստահություն հայտնելով, որ Վենետիկի հանձնաժողովն ինչ-որ կերպ արձագանքելու է հնչած կարծիքին՝ առնվազն այն պատճառով, որ Աշոտյանի խոսքում մանիպուլացվել է եվրոպական հեղինակավոր հանձնաժողովի օրերս հրապարակած հայտարարության բովանդակությունը։ Միայն նշենք, որ Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը կարելի է համարել նույնիսկ իշխանությունների փոքրիկ դիվանագիտական հաղթանակը, որովհետև դրանով, ըստ էության, լեգիտիմացվում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը։ Եվ առհասրակ՝ եվրոպական կառույցի հրապարակած հայտարարությունը զերծ է կոշտ ու կտրուկ ձևակերպումներից։

Սակայն գանք Աշոտյանի ելույթի, մեր կարծիքով, ավելի ուշագրավ հատվածին։ Նա ոչ միայն կասկածի տակ է դնում այն փաստը, որ ԸՕ բարեփոխումների շուրջ առկա է քաղաքական կոնսենսուս, այլև խոսում է այն մասին, որ կառավարությունը պատգամավորների վրա ճնշումներ է գործադրել այն անցկացնելու համար։


Նախ՝ կոնսենսուսի մասին։ Խորհրդարանում ներկայացված չորս խմբակցություններից երեքն իրենց հրապարակային հայտարարություններով ու քվեարկությամբ կողմ են արտահայտվել ԸՕ բարեփոխումներին։ Դրանց ընդդիմանում է միայն ՀՀԿ-ն, ընդ որում՝ շահարկելով կոնսենսուսի գաղափարը։ «4՝ մինուս 1» կամ «Կոնսենսուս՝ մինուս ՀՀԿ» բանաձևը նույնպես, ըստ էության, կոնսենսուսային է, որովհետև քաղաքական համաձայնություններին խոչընդոտում է ընդամենը մեկ քաղաքական ուժ, որը հեղափոխության արդյունքում զրկվել է իշխանությունից՝ չունենալով հանրային նվազագույն աջակցություն։ Բացի այդ՝ ԸՕ-ն սահմանադրական օրենք է, որի փոփոխություններն ընդունվում են 3/5-ով, որը կարելի է համարել կոնսենսուսային շեմ։

Մի քանի օր առաջ խորհրդարանում բավարար ձայներ չապահովվեցին ԸՕ-ն բարեփոխելու համար։ Եթե Եվրախորհրդարանի բարձր ամբիոնից Արմեն Աշոտյանը խոսում է պատգամավորների վրա գործադրված ճնշումների մասին, ապա ՀՔԾ-ն պարտավոր է պարզաբանումներ պահանջել ՀՀԿ փոխնախագահից՝ նրա հայտարարությանն իրավական գնահատական ու ընթացք տալու նպատակով։ Եթե կառավարությունն իրապես ճնշումներ բանեցրած լիներ պատգամավորների վրա, ապա կասկածից վեր է, որ խորհրդարանում կարձանագրվեր քվեարկության միանգամայն այլ պատկեր։


Սակայն Նիկոլ Փաշինյանը գնաց այլ ճանապարհով՝ փորձելով համաձայնությունների մասնակից դարձնել նաև ՀՀԿ-ին։ Աշոտյանի ելույթը հուշում է, որ վարչապետի պարզած համագործակցության ձեռքը մնացել է օդում կախված. ՀՀԿ-ն հնարավորինս ձգտում է վարկաբեկել առաջիկա խորհրդարանական ընտրությունները, ինչը, անկեղծ ասած, ոչ թե կառուցողական ընդդիմության վարքագիծ է, այլ քաղաքական մարգինալիզմի դրսևորում՝ հատկապես, որ ԸՕ խորհրդարանական նոր քննարկումները, որոնք նախատեսված են երկուշաբթի օրը, նախաձեռնել է արդեն ոչ թե կառավարությունը, այլ խորհրդարանական մյուս ուժերը, որոնց նպատակային գործունեության դեպքում ՀՀԿ-ն հայտնվելու է քաղաքական շրջափակման մեջ։

Ամեն դեպքում՝ Աշոտյանի ելույթը նման չէ քաղաքական ուժի վարքագծի, որը տրամադիր է մասնակցել առաջիկա մրցակցային ընտրություններին։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->