>

Ժամկետային զինծառայող Սերգեյ Համբարձումյանը Ջաբրայիլի զորամասում էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Սերգեյն այս պատերազմում հրաշքով փրկվածներից մեկն է։ Նրան գտել են զոհվածների մեջ, նախ մտածել են, թե նա էլ է մահացել, միայն դիերը տեղափոխելիս են հասկացել, որ Սերգեյի սիրտն աշխատում է։

Սերգեյ Համբարձումյանը ծնվել է 2001 թվականին՝ Մասիս քաղաքում։ Միջնակարգ կրթությունից զատ, սովորել է Մասիսի երաժշտական դպրոցում.

loading...




«Մոտ 13 տարի զբաղվել եմ կիթառով, դաշնամուր նվագել էլ եմ իմացել, դա պարտադիր պայման է երաժշտական դպրոցում, բայց անկեղծ երբեք չեմ սիրել դաշնամուր նվագել»։





NEWS.am-ի հետ զրույցում Սերգեյն ասում է՝ Ջաբրայիլում 9 ամիս էր ծառայում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը.

«Այդ ընթացքում մասնակցեցինք Ջաբրայիլի, Հադրութի եւ եւս մի քանի շրջանների մարտերին։ Առաջին 4 օրվա ընթացքում կռվել ենք Ջաբրայիլում, այնուհետեւ տեղափոխվել ենք Հադրութ։ Կռիվը սկսելու ժամանակ ես եղել եմ քնած։ Մեզ ասել էին, որ առավոտյան ժամը 5-ին պատրաստ, մարտական վիճակում դիրքերում լինենք։ Ժամը 5-ին կռիվը չի սկսում, մենք մտածում ենք՝ ուղղակի ուսումնական տագնապ է եղել, ով պետք է դիրքում մնար, մնում է, մնացածը գնում են հանգստի։ Բլինդաժում տեղ չի լինում քնելու, քնում եմ ճաշարանում։ Կռվի սկսելուն պես ինձ քնից հանում է մեր տղաներից մեկը։ Ճաշարանի դիմաց այդ պահին մի քանի ռումբ է պայթում, երկուսս վազում ենք դեպի բլինդաժ, որ զինվենք, վերցնում ենք զենքերն ու վազում դիրքեր։ Մի քանի օր կռիվը շարունակելուց հետո նկատում էի, որ մենք զոհ չունենք, մեր մարտկոցը երեւի այն եզակի մարտկոցներից էր, որ մոտ 30 օր կռվի ընթացքում զոհ չուներ, ճիշտ է, հետո բոլորը զոհվեցին»։


Սերգեյ Համբարձումյանը պատմում է իր վիրավորվելու դրվագը. «Հադրութի Տեղ գյուղ բարձրանալիս կար բարձունք, մեր մասում մեր մեքենայի վրա ընկնում է «Բայրաքթարը», որը պայթեցնում է մեքենան։ 25 հոգանոց անձնակազմից ողջ ենք մնում միայն ես ու ընկերս՝ ծանր վիրավորումով։ Ինձ փրկող բժիշկը չէր հավատում, որ ես ողջ կմնամ, որովհետեւ վիճակս շատ ծարն էր»։

Սերգեյին փրկել է իրենց մարտկոցի տղաներից մեկը՝ Միշա Ավետիսյանը. «Նա դիերը հանելիս տեսել է, որ ես պուլս ունեմ ու բժշկին կանչել է, բժիշկը ստուգել ու ասել է՝ տարեք Ստեփանակերտ»։

Ստեփանակերտում վերականգնել են Սերգեյի ձեռքը. «Ձեռքս երկաթներով հավաքած է եղել 8 ամիս,  ձեռքը փշուրներ է եղել, հավաքած է»։



44-օրյա պատերազմում զոհվել են Սերգեյի ընկերները, այդ թվում՝ մանկության ընկերը. «Ում ես որ ես մոտ եմ եղել, ում հետ ծառայությունս եմ տարել, իրենք չկան։ Մանկության ընկերս նույնպես ինձ հետ էր, զոհվեց։ Նա Արա լեռ էր ծառայում, ուղղակի կռվի ժամանակ հանդիպեցինք, այնպես ստացվեց, որ վերջին մարդը, ում ինքը տեսել էր, ես եմ եղել։ Մենք ձեռք ենք բերել ոչ թե կյանքի փորձ, այլ մահվան փորձ»։

Աղբյուրը

The post «Դիերը հանելիս տեսել են, որ սիրտս աշխատում է». Սերգեյ Համբարձումյանը 44-օրյա պատերազմում հրաշքով է փրկվել appeared first on Amnew.site | լրատվական կայք.


add
loading...
.

от admin