>

ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան եւ նրա հայտարարությունները բավական հագեցած էին նախեւառաջ Հայաստանին առաջարկների առումով, որոնք շոշափում են մեր երկրի ինքնիշխանության ու միջազգային դերակատարության ուժեղացման խնդիրները:

Օրինակ, Բոլթոնը հայտարարել է, որ Հայաստանի համար հիմնարար հարցը ինքնիշխանության ամբողջական իրականացնումն ու արտաքին ազդեցությունից անկախությունն է։




Քոչարյանի զոհերը

«Կարծում եմ, որ ժողովրդի համար կարեւոր է համաշխարհային հարթակում լայն հնարավորություններ ունենալ եւ կաշկանդված չլինել «պատմական կաղապարներով»։




Բոլթոնը նաեւ անակնկալ հայտարարություն է արել Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքի մասով: «Ինչպես ասացի վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարում։ Այնպես որ, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավելը շատ բարձր առաջնահերթություն է Թրամփի վարչակազմի համար»։

Այս ֆոնին, կարեւոր էր նաեւ Արցախի խնդրի մասով Բոլթոնի հայտարարությունը. «Խնդրի լուծումը բարդ է: Եթե այն հեշտ լիներ, արդեն վաղուց կարգավորված կլիներ: Ես իմ այցով չեմ եկել ազդարարելու ամերիկյան քաղաքականության փոփոխություն, կամ նոր լուծումներ առաջարկելու այս հարցում: Կողմերը պետք է աշխատեն միմյանց հետ, և ի վերջո նրանք պետք է կարողանան գտնել լուծումը», ասել է նա:


Դա նշանակում է, որ պարտադրանք որպես այդպիսին չկա, եւ հաստատում է այն թեզը, որ ԱՄՆ-ն ճանաչել է իրողությունները Արցախի հարցում: ԱՄՆ-ում գիտեն, որ ցանկացած պարտադրանք Արցախի հարցում Հայաստանը դարձնում է ավելի կախյալ Ռուսաստանից եւ մեկուսացված միջազգային հանրությունից, բացի այդ՝ ուժեղացնում է պրո-ռուսական շրջանակների դիրքերը Հայաստանում:

Ամերիկացի փորձառու պաշտոնյան նկատի է առել Հայաստանի իրավիճակի բոլոր նրբությունները եւ չի դնում Ռուսաստանից պոկվելու խնդիր, ընդհանրապես նման խնդիր եւ պահանջ ըստ էության գոյություն չունի: Միեւնույն ժամանակ, այս այցով ԱՄՆ-ն բացում է Հայաստանի ճանապարհը եւ ջնջում «պատմական կաղապարներից» մեկը եւ քաղաքական առումով թերեւս ամենակարեւորը, ըստ որի՝ հայերը գնալու տեղ չունեն:

Սա առանցքային հանգամանք է, որը կարող է ունենալ շղթայական էֆեկտ այլ «պատմական կաղապարներով» եւս չկաշկանդվելու համար: Խնդիրը Հայաստանի ինչ որ տեղ գնալը չէ, այլ դատապարտվածության հոգեբանության վերացումը եւ միջազգային հարթակում ինքնիշխան դիրքերի ուժեղացումը:


Հերթը Մոսկվայինն է, որի քաղաքականությունը Հայաստանի ուղղությամբ կառուցված է եղել հենց այդ կաղապարների ու վախերի վրա: Բայց բավական էր Հայաստանի նոր իշխանությունը հարաբերությունների հիմքում դներ հայկական պետական շահերի խնդիրը, եւ այդ քաղաքականությունը փաստորեն կանգնել է փլուզման առաջ: Գազի գնի եւ Ռուսաստանում ավելի շատ միրգ-բանջարեղեն վաճառելու շուրջ կենցաղային խոսակցությունները ցույց են տալիս, որ Մոսկվայում դեռ դուրս չեն եկել Հայաստանի հանդեպ կաղապարված մտածողությունից ու վերաբերմունքից:

Որը կարող է լինել Մոսկվայի համարժեք առաջարկը Հայաստանին, կամ որը Հայաստանը կհամարի համարժեք: Նախեւառաջ՝ Հայաստանի հաշվին 100 տարի առաջ կնքված ռուս-թուրքական անօրինական պայմանագրերի չեղարկումը եւ հատուցումը Կարսի, Նախիջեւանի եւ Սուրմալու-Արարատի տեսքով: Հնարավոր է չափազանցված է հնչում, բայց հայերը հեղափոխություն չեն արել գազի գինը նվազեցնելու համար:

Աղբյուր՝ lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->