>


Էլեն Մարտիրոսյանը գրում է.

1 տարի…Դատարկության ու լռության, աղմուկ-աղաղակի, ստի ու պայքարի, գոյության ու կռվի, չարի ու բարու, կեղծի ու շիտակի… 1 տարի առաջ՝ 10.10.2020-ին, իմ աշխարհը գլխի վայր շուռ եկավ, դադարեց ու սկսեց ուրիշ ձև պտտվել: Ես կորցրի իմ կյանքի ամենաթանկ մարդուն, իմ առաջին եւ ամենամեծ սիրուն, իմ ամենահարազատ հոգուն, իմ ամենահավատարիմ ընկերոջը, իմ ամենաազնիվ էակին, իմ երազանքներով լի ապագան, իմ չկազմած ընտանիքը, իմ խաղաղությունը… Կորցրի անվերադարձ…

loading...








Ես խելագարվեցի, փախա իրականությունից, փորձեցի փրկության օղակներ գտնել, բայց ավելի մեծ քաոսի մեջ հայտնվեցի: Ես փորձեցի ոտքի կանգնել, բայց նորից ընկա, ես շարունակեցի, բայց ապարդյուն… Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու՞ ճակատագիրն այսքան դաժան խաղաց ինձ հետ: Ես

ունեի ամեն ինչ, ես երջանիկ էի, ես սիրում ու սիրվում էի աշխարհի ամենախելացի,ամենագեղեցիկ, ամենատաղանդավոր,ամենաբարի, ամենաԻՄ Մարդու կողմից: Եվ մի ակնթարթ ու ՎԵՐՋ… Ես կորցրի ամեն ինչ… Պատերազմ… մեկ բառ ու անդարձ կարոտ, ութ տառ ու անվերջ տառապանք…






Ես երբևէ չէի պատկերացնի, որ կդառնամ ամենասարսափելի ֆիլմի գլխավոր հերոսուհին, ով կորցնում է գլխավոր հերոսին և միևնույնն է, շարունակում է ապրել, ժպտալ, շարունակել( իսկ ուրիշ ի՞նչ կարող ես անել)… Ես կորցրի ինքս ինձ՝ քեզ կորցնելու ճանապարհին… Կներես, որ մեր սիրո աշունն էլ երբեք չկրկնվեց, ու որ բարին չհաղթեց չարին, որ ես չսպասեցի քեզ 2 տարի ու չդիմավորեցի, այնպես, ինչպես մնացած բոլոր զինվորներին սպասող աղջիկները… Կներես, որ հեքիաթը մեր տխուր ավարտվեց, ու մեր սերը չհաղթեց պատերազմին՝ մնալով անավարտ…

Կներես, որ լռում եմ քո մասին, երբ բոլորը խոսում են ու խոսում եմ այն ժամանակ, երբ ոչ ոք չի լսում … Կներես, որ լինելդ գերադասում էի չլինելուցդ… Կներես, որ ապրելդ եմ ուզում, ոչ թե անմահանալդ… Կներես, որ ինձ վերադարձդ էր պետք հերոսանալուդ փոխարեն… Կներես, որ մնացի առանց քեզ, բայց քեզնով լցված…

Կներես, որ չգրկեցի քեզ վերջին անգամ Կներես, որ տեսա սառած մարմինդ, անզարկ սիրտդ ու չխենթացա… Կներես, չներես… Դու ամենագեղեցիկն էիր, որ պատահեց ինձ հետ, բայց դարձար ամենացավոտը, իմ Շանթ… Մենք երկուսս ամենաքիչը կուզեինք մեր բաժանումը, այն էլ այս սցենարով, բայց մեր փոխարեն ամեն ինչ արդեն որոշված էր:

Շնորհակալ եմ, 5 խենթ տարիների՝ ամեն վայրկյանի համար: Դու եկար ու նվիրեցիր ինձ ամենակարևորն ու լուսավորը ՝ ՍԵՐԸ: Իսկ հիմա սրտի կսկիծով ասում եմ քեզ. Մնաս բարո՜վ, իմ «Դրախտի անոնս», ես քեզ բաց եմ թողնում՝ հուսալով, որ օրերից մի օր մենք կրկին կհանդիպենք… Շանթահարված Քո Էլեն


add
loading...
.

от admin