>

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստան կատարած այցն ու արված արդեն բավականաչափ հայտնի հայտարարությունները տվել են բավականին մտորումների, դիտարկումների, վերլուծությունների և մեկնաբանությունների առիթ, որոնք անկասկած դեռ կշարունակվեն և կտրանսֆորմացվեն նաև այլ հարցերի, նոր զարգացումների: Առայժմ դրանք կենտրոնացած են արտաքին հայացքի ներքո, այսինքն՝ դիտարկումների գերակշռող մասը ուղղված է դեպի դուրս, արտաքին միջավայրի գնահատում և Հայաստանի քաղաքականության, անելիքների սահմանման փորձեր:

Միևնույն ժամանակ, սակայն, ամերիկացի հեղինակավոր պաշտոնյայի, աննախադեպ կալիբր ունեցող գործչի այցը ռեգիոն և Հայաստան, նաև դրա ընթացքում արված հայտարարությունները տալիս են ոչ պակաս հիմք՝ հայացք ուղղելու նաև Հայաստանի ներս կամ, այլ կերպ ասած, հայաստանյան ներքաղաքական քարտեզ, եթե այն կա: Եթե այն կա, ապա հարց է ծագում, թե այդ քարտեզում ինչպիսի ուրվագծեր պետք է ունենան քաղաքական բաժանումները՝ հաշվի առնելով այն արտաքին-անվտանգային միջավայրային խնդիրները, որ ուղենշվեցին Բոլթոնի այցի ընթացքում՝ թե՛ ռեգիոնալ մասշտաբում, սկսած Ռուսաստանից, թե՛ մասնավորապես Հայաստանի առումով:




Քոչարյանի զոհերը

Այդ խնդիրը հատկապես կարևոր է դառնում խորհրդարանի արտահերթ ընտրությանն ընդառաջ՝ որպես այդ ընտրության բովանդակային պայքարի կամ ընտրողի հետ բովանդակային, գաղափարական, հայեցակարգային հարաբերության բացառիկ հնարավորություն՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այլ առումով գերիշխող իհարկե լինելու է թավշյա հեղափոխության ներքին մթնոլորտը:




Այս տեսանկյունից ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցն ու հայտարարությունները հայաստանյան քաղաքական ուժերի համար արտահերթ ընտրությանը քաղաքական բովանդակություն բերելու բացառիկ հնարավորություն են՝ հաշվի առնելով և այն, որ Բոլթոնի այցը շոշափել է քաղաքական խնդիրներ, որոնք անկախ թավշյա հեղափոխության էներգետիկայից և պահպանվող մթնոլորտից՝ մեծ հետաքրքրություն են ներկայացրել հանրության համար:


Այսպիսով, ի՞նչ դիրքավորում են ունենալու խորհրդարանի արտահերթ ընտրությանը մասնակցելու մտադրություն ունեցող ուժերը արտաքին-անվտանգային առանցքային հարցերի շրջանակում՝ սկսած Արցախի խնդրից, մինչև ռեգիոնալ անվտանգություն, ընդհուպ ռուս-ամերիկյան հարաբերությունների կոնտեքստ: Սա է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա արեալը՝ ուզենք թե ոչ, և Բոլթոնի այցը հստակ նախանշեց դա:

Ակնհայտ է, որ ռեգիոնում սկսվում է ռուս-ամերիկյան գերակայությամբ մի գործընթաց, որտեղ բավական բարդ է հասկանալ՝ նրանք ավելի շատ մրցակիցնե՞ր են լինելու, թե՞ աշխատելու են միասին, հստակ դերաբաշխումով: Մինչդեռ կասկածից վեր է, որ այդ դասավորության համատեքստում միամտություն է ենթադրել, թե Հայաստանում, իհարկե նաև ռեգիոնալ այլ պետություններում ընդհանրապես, հնարավոր կլինի պատկերացնել այդ գերակայությունից դուրս, դրան չենթարկվող ներքաղաքական կյանք և զարգացումներ: Ըստ այդմ՝ խորհրդարանի ընտրության մասնակից այն ուժերը, որոնք կխոսեն ներքին իրողությունների մասին՝ պակաս ուշադրության արժանացնելով նաև արտաքին միջավայրային այդ գերակա խնդիրը, պարզապես կվկայեն կա՛մ քաղաքական անհամարժեքության, կա՛մ ընտրողի հանդեպ անազնվության մասին:


Այդ իմաստով Ջոն Բոլթոնի այցը, ի մի բերելով մի շրջափուլ, գործնականում կամա թե ակամա բավականին ուշագրավ նշաձող է սահմանել ընդամենը մի քանի օր անց Հայաստանում մեկնարկելիք խորհրդարանի արտահերթ ընտրության մասնակիցների համար՝ սահմանելով նույնիսկ յուրօրինակ ֆիլտր:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->