>

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Սերգեյ Պապոյանի գործի դատական քննությունը:

Այս գործը ժամանակին մաս էր կազմում չորս ամբաստանյալով հնչեղ մի գործի՝ պետական դավաճանության մեղադրանքով:

Պետական դավաճանության հիշյալ գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Գործով ամբաստանյալները չորսն էին՝ 50-ամյա Ռաֆիկ Պապոյանը, նրա 26-ամյա որդի Սերգեյ Պապոյանը, 47-ամյա Կարինե Ղումաշյանը և վերջինիս բարեկամուհին՝ անչափահաս Դիանա Գ.-ն:

Վերջինս մեղադրվում էր նախապատրաստվող պետական դավաճանության մասին իմանալու և պատկան մարմիններին չհայտնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով: Դատարանը Դիանայի մասով որոշում է կայացրել քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Ըստ դատական ակտի՝ մյուս երեք ամբաստանյալները մեղադրվում էին պետական դավաճանություն ծանր հանցարարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով:




Քոչարյանի զոհերը

Ընդհանուր իրավասության դատարանը գործի դատական քննության արդյունքում հանգել է հետևության, որ Ռաֆիկ Պապոյանը և Կարինե Ղումաշյանը կատարել են պետական դավաճանություն, այն է՝ թշնամական գործունեություն իրականացնող օտարերկրյա պետությանը կամ կազմակերպության ներկայացուցչին ցուցաբերել են օգնություն՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության:

Ըստ դատական ակտի՝ Ռաֆիկ Պապոյանը 2012 թվականի օգոստոսի 9-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը բնակվել է Թուրքիայում, հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած՝ Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակցի՝ Սեյրան անունով ներկայացած անձի կողմից, և կատարել է այդ հետախուզական ծառայության առաջադրանքը՝ Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների կազմից Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքրքրություն ներկայացնող անձանց ընտրելու ու հավաքագրման նպատակով Սեյրանի հետ ծանոթացնելու առումով:


Տեղեկանալով, որ Վանաձորից Թուրքիա աշխատելու նպատակով ժամանած Կարինե Ղումաշյանի որդին որպես սպա՝ ծառայում է Արցախում, աշխատանք գտնելու հարցում Կարինեին օգնելու պատրվակով Ռաֆիկը նրան ծանոթացրել է ադրբեջանական հետախուզական ծառայությունների վերոհիշյալ աշխատակից Սեյրանի հետ:




Վերջինս Կարինեին ներկայացել է որպես բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ՝ «Արման» անունով: Նա 2013 թվականին հավաքագրել է Կարինեին:

Ստանալով ընդհանուրը՝ 1500 դոլար գումարի վարձատրություն՝ Կարինե Ղումաշյանը առաջադրանք է ստացել՝ Արմանի հետ շփվել գաղտնապահության մեթոդների կիրառմամբ. Հայաստանի տարածքից նրան չզանգահարել, նրա հետ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել, ապա համոզել դասակի հրամանատար որդուն «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով կապ հաստատել Արմանի հետ ու կատարել նրա որոշակի խնդրանքները՝ փոխանցել ծառայության վայրի վերաբերյալ Արմանին հետաքրքրող տվյալներ:

2013 թվականի մարտին Ռաֆիկ Պապոյանը օգնել է նաև որդու՝ Սերգեյի հավաքագրմանը: Պայմանագրային զինծառայության անցնելու հարցում աջակցություն ստանալու պատրվակով նրան ուղարկել է Թբիլիսի՝ Սեյրանի հետ հանդիպման:

Սերգեյը, ըստ դատական ակտի, գտնվելով «բարեխիղճ մոլորության մեջ», ռեստորանում Սեյրանի հետ հանդիպման ժամանակ վերջինիս տրամադրել է տեղեկատվություն՝ 2008-2010 թվականներին ժամկետային զինծառայության ընթացքում իր տիրապետած տեղեկությունների վերաբերյալ՝ չգիտակցելով, որ այդ տեղեկատվությունը տրամադրում է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակցի:

Նվերի անվան տակ՝ Սեյրանը Սերգեյ Պապոյանին նախապես տվել է 750 դոլար և փորձել է հավաքագրել նրան՝ նոր առաջադրանք տալով՝ ընդունվել ԼՂՀ-ում՝ Մատաղիսում, պայմանագրային զինծառայության ու այդ զորամասի վերաբերյալ տեղեկություններ հայտնել բացառապես «Սկայպ» ծրագրի կամ «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով:

Սերգեյը, այդ պահին արդեն հասկանալով, որ գործ ունի օտարերկրյա հետախուզական ծառայությունների աշխատակցի հետ, գտնվելով Թբիլիսիում ու վախենալով իր անվտանգության համար՝ առերևույթ տվել է իր համաձայնությունը ու վերադարձել է Հայաստան, սակայն կամովին հրաժարվել է հանցավոր արարք կատարելուց և Սեյրանի առաջադրանքը կատարելու ուղղությամբ որևէ քայլ չի արել: Նա Մատաղիսում պայմանագրային ծառայության չի անցել, Սեյրանի հետ հանդիպումից մեկ ամիս անց՝ 2013թվականի ապրիլին, մեկնել է ՌԴ Նովոռոսիյսկ քաղաք, Հայաստան է վերադարձել 2014 թվականի նոյեմբերին, հոր հետ շատ քիչ է շփվել:

Դատարանը եզրակացրել է, որ Սերգեյ Պապոյանին պետական դավաճանության համար առաջադրված մեղադրանքը դատարանում չի ապացուցվել, և «բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով վերագրված արարքին Սերգեյ Պապոյանի առնչությունը հաստատող բավարար ապացույցները»:

Սերգեյ Պապոյանն արդարացվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:


Ռաֆիկ Պապոյանը և Կարինե Ղումաշյանը մեղավոր են ճանաչվել պետական դավաճանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով:

Ռաֆիկ Պապոյանը դատապարտվել է 14 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2015 թվականի մայիսի 28-ից:

Կարինե Ղումաշյանը դատապարտվել է 12 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2015 թվականի մայիսի 19-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել Ռաֆիկ Պապոյանի և Կարինե Ղումաշյանի շահերի պաշտպանները՝ խնդրելով արդարացնել իրենց պաշտպանյալներին՝ հանցակազմի բացակայության հիմքով, ու անհապաղ ազատ արձակել կալանքից:

Արդարացված Սերգեյ Պապոյանի մասով վերաքննիչ բողոք էր բերել մեղադրող դատախազ Ա. Արամյանը՝ խնդրելով Սերգեյ Պապոյանին մեղավոր ճանաչել պետական դավաճանության համար և դատապարտել 14 տարի ազատազրկման կամ նրա մասով բեկանել դատավճիռը, այդ մասով գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ նոր քննություն կատարելու:

Վերաքննիչ քրեական դատարանը, մերժելով Ռաֆիկ Պապոյանի ու Կարինե Ղումաշյանի մասով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքները, նրանց մասով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ, բավարարել է միայն մեղադրող Արամ Արամյանի բողոքը՝ արդարացված Սերգեյ Պապոյանի մասով: Քրեական գործի այդ մասով դատավճիռը բեկանվել է, գործն ուղարկվել է նույն ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով նոր քննության:

Կարինե Ղումաշյանի ու Ռաֆիկ Պապոյանի մասով դատավճիռն արդեն մտել է օրինական ուժի մեջ:

Արդարացված Սերգեյ Պապոյանի մասով գործն ընդունվել է դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթ:

Դատարանը ապացույցների հետազոտման փուլում է:


Մեղադրողը հրապարակեց մեղադրանքի հիմքում դրված մի շարք ապացույցներ: Դրանք մեծ մասամբ հեռախոսային խոսակցությունների վերծանումներ էին՝ մեծ մասամբ Կարինե Ղումաշյանի հեռախոսային խոսակցությունների: Մեղադրողը դատարանի հարցին պատասխանեց, թե իր հրապարակած ապացույցների առնչությունը Սերգեյ Պապոյանի մեղադրանքին վեր կհանի իր մեղադրական ճառի ժամանակ:

Իսկ դատական նիստի ժամանակ հրապարկվեց ԱԱԾ կողմից կազմված տեղեկանք՝ Կարինե Ղումաշյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների հիման վրա կատարված բացահայտումների մասին՝ որ Կարինե Ղումաշյանը ոմն Արմանի ներկայացրել է որպես իր եղբոր, բայց նրա հետ գտնվել է սիրային կապի մեջ, իսկ այդ «Արման» կոչվածը, պահանջելով պահպանել գաղտնիություն՝ իրեն չզանգել հայկական հեռախոսահամարներով ու Հայաստանից, իր հետ շփվել միայն «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով, ֆինանսական միջոցներ է տվել Կարինեին, մասնավորապես՝ տվել է 1500 դոլար, իսկ երբ Կարինեն դժգոհել է ֆինանսական վիճակից ու ասել է, թե երեխաները հեռախոս ու համակարգիչ են ուզում, նա ուղարկել է նաև հեռախոս ու համակարգիչ:

Բարեկամուհու հետ հեռախոսազրույցի ժամանակ Կարինեն ասել է, թե անձամբ Թուրքիայից կգա Հայաստան և կստանա հեռախոսն ու համակարգիչը, բայց որոշ ժամանակ անց նույն բարեկամուհու հետ խոսելիս ասել է, թե «Արմանը շպիոնի պես բան ա, նենց բաներ ա գրել, որ մազերդ բիզ-բիզ կկայնեն… որ կարդաս՝ կէշանաս… Լավ ա չգնացի մոտը… Իմ սիրտը մի բան վկայում էր … Ուզում եմ էս սայթը շուտ ջնջեմ, էս սայթով եմ հետը գրվել… Ես իրա գրածներից եմ ջոգել, որ ինքը տենց ա… Դեբիլն էլ կհասկանար… Տիկոյի պահով եմ վախում… Լավ ա, որ չգնացինք, հեռախոսն ու համակարգիչը չվեկալեցինք, հոպ-ստոպ կանեին մեզ… Արմանին ռադ եմ արել… Քեզ որ հարցնեն՝ կասես՝ տեղյակ չես…»:

Հրապարակվեց ԱԱԾ տեղեկանքը այն մասին, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերոհիշյալ «Արմանի»՝ «Օդնոկլասնիկի» կայքում ունեցած անձնական էջի ուսումնասիրությամբ պարզվել է, որ օգտատերը չի դրել իր լուսանկարը, լատինատառ՝ ոչ իր անունով է կոչել էջը, իրական անձը քողարկված է, նա նամակագրություն է վարել Կարինե Ղումաշյանի հետ, վերջինիս միջոցով ծանոթացել է նրա՝ Արցախում որպես դասակի հրամանատար ծառայող որդու հետ:

Տեղեկանքում նշվել է, որ ադրբեջանի օգտին լրտեսական ծառայություններ մատուցող անձինք, գրանցվելով «Օդնոկլասնիկի» կայքում, տիրապետելով հայերենին, կապեր են հաստատում ՀՀ և Արցախի քաղաքացիների հետ, ներկայանում են որպես արտերկրում ապրող հայեր, հիմնականում՝ նախկին զինծառայողներ, խոսք են բացում ու տեղեկություններ են քաղում հայկական բանակի վերաբերյալ, որոշ դեպքերում կատարում են անձանց հավաքագրում՝ ներկայանալով որպես «բարեգործներ» և օգտվելով իրենց հետ կապ հաստատած քաղաքացիների՝ ֆինանսական խնդիրներ ունենալու հանգամանքից, կատարում են որոշակի ֆինանսավորում, որի դիմաց պահանջում են իրենց տրամադրել տեղեկություններ:

Մասնավորապես՝ վերը հիշատակված անձը, որ ներկայացել էր որպես «Արման», սիրային կապի մեջ էր մտել Թուրքիայում աշխատող Կարինե Ղումաշյանի հետ, նրան էր տվել 1500 դոլար, բայց նպատակ էր ունեցել հավաքագրել Կարինեի՝ զինծառայող որդուն: Վերջինս, սակայն, կապի մեջ չի մտել… Հետագայում, ըստ վերծանված գրագրության ու գաղտնալսված հեռախոսազրույցների, «Արմանը» բարկացել է Կարինեի վրա, որ նրա որդին կապի դուրս չի գալիս, չեն կատարվում իր տված հանձնարարությունները: «Արմանն» ասել է Կարինեին, որ եթե ինքը գումար է տվել նրան, բայց նա իր հանձնարարությունները չի կատարել, այլևս դժվարանում է նրան նոր գումար տալ: «Արմանը» խոստացել է, որ եթե Կարինեն համոզի որդուն, ապա դրանից հետո կգնա Թուրքիա ու «հանգիստ կապրի»: Կարինեի որդին չի համոզվել…

Մեղադրողը հրապարակեց Կարինե Ղումաշյանի կողմից տրված «Արմանի» նկարագրությունը՝ ձեռագիր՝ մեկ թերթի վրա: Ըստ Կարինեի՝ «Արմանը» 35-36 տարեկան, կլոր դեմքով, միշտ՝ կեպիով, ջինսե տաբատով, միջահասակ, «լիքոտ» տղամարդ է՝ «գեղեցիկ ժպիտով», կարճատեսի մուգ ակնոցով, նա «կաթով կոֆե» է խմել, շոլոլադով թխվածք է կերել, իր սիրելի սրճարանն է ունեցել, թվացել է շատ կիրթ, շատ չի ծախսել, այնպիսի բան չի արել, որ կասկած հարուցի: Նա Կարինեին ասել է՝ երևի Աստված է կամեցել, որ իմ կողքին հայտնվես, անկախ այն բանից, որ մի քանի տարով ինձնից մեծ ես…»:

Մեղադրողը տեղեկանքներ հրապարակեց նաև Կարինե Ղումաշյանի, Ռաֆիկ Պապոյանի, Սերգեյ Պապոյանի կողմից կատարած սահմանահատումների վերաբերյալ: Մասնավորապես՝ Սերգեյ Պապոյանի վերաբերյալ մեկ տեղեկություն հրապարակվեց՝ նա 2013 թվականի մարտի 8-ին, ժամը 14-ն անց 45-ին Բագրատաշենի սահմանային կետով հատել է ՀՀ սահմանը, նույն օրն էլ նորից վերադարձել է ՀՀ՝ ժամը 18-ն անց 45-ին:

Մեղադրողը նույնիսկ փաթեթավորումից հանեց ու ի ցույց դրեց մի կապույտ նոթատետր, որտեղ կար «Արմանի» հեռախոսահամարը, բայց նոթատետրը պատկանում էր ոչ թե տվյալ գործով ամբաստանյալ Սերգեյ Պապոյանին, այլ Կարինե Ղումաշյանինն էր…

Մեղադրողն ավարտեց մեղադրանքի հիմքում դրված ապացույցների հրապարակումը: Առերեևույթ՝ ապացույցների մեծ մասը վերաբերում էր Կարինե Ղումաշյանին, սակայն մեղադրողը հավաստիացրեց, որ դրանց կապը Սերգեյ Պապոյանին առաջադրված մեղադրանքի հետ ի ցույց կհանի մեղադրական ճառում:

Ամբաստանյալ Սերգեյ Պապոյանը ժամանակ խնդրեց՝ ցուցմունքին նախապատրաստվելու համար:

Նրա շահերի պաշտպան, փաստաբան Սուրեն Մնացականյանն ասաց, թե մեղադրողը հրապարակեց «ամբողջ քրեական գործը», իր պաշտպանյալը հաջորդ դատական նիստում ցուցմունք կտա ու կներկայացնի, որ հրապարակված ապացույցներն իր հետ ոչ մի առնչություն չունեն:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը մեր զրույցում նշեց, որ մեղադրողը Սերգեյ Պապոյանի մեղադրանքը հիմնավորող որևէ ապացույց դատական այս նիստին չհրապարակեց: Ամբողջ քրեական գործում, ըստ պաշտպանի, այդպիսի ապացույցներ չկան, եթե լինեին՝ մեղադրողը չէր հրապարակի Կարինե Ղումաշյանին վերաբերող ապացույցները: Քրեական գործում, ըստ պաշտպանի միայն 10 էջ փաստաթղթեր կան, որ վերաբերում են Սերգեյ Պապոյանին, դրանք էլ պաշտպանական կողմն է ներկայացրել, ու դրանք մեղադրանքը չէ, որ ապացուցում են, այլ՝ Սերգեյ Պապոյանի անմեղությունը:

Դատական հաջորդ նիստին ցուցմունք կտա Սերգեյ Պապոյանը:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->