>

Հանրապետական կուսակցության շրջանակը ներկայացնող գործիչների, նաեւ նրանց համակրող փորձագետների, քաղաքագետների մի ստվար պլեադա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան այցից եւ հայտարարություններից հետո ձեռնամուխ է եղել Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի զիջման քաղաքականության գույժ գեներացնելուն:

Հիմք է ծառայում այն, որ Բոլթոնն ասել է, թե բարձր լեգիտիմությամբ Փաշինյանը հրաշալի դիրքեր ունենալով նաեւ խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո, կարող է առաջնորդել Արցախի խնդրում կարգավորման առաջընթացը:

Դա տվել է Նիկոլ Փաշինյանին Արցախի խնդրում «դավադրության» համար մեղադրելու կամ առնվազն ակնարկելու հերթական առիթը: Նիկոլ Փաշինյանը չեզոքացրել է նախորդները, միանգամայն հստակ, բայց առիթի փնտրտուքը շարունակվում է, եւ պատեհություն է դիտվել Բոլթոնի հայտարարությունը: Առերեւույթ այն կարող է տալ մտահոգության հիմք, սակայն մասնագիտականությունը հենց նրա համար է, որ դիտարկվեն այդօրինակ հայտարարությունների քաղաքական տողատակերն ու համատեքստերը, դիտարկումը կրի հնարավորինս ամբողջական բնույթ:




Քոչարյանի զոհերը

Այդ առումով, Բոլթոնի հայտարարությունների դիտարկումը պետք է սկսել դեռեւս օրեր առաջ Ռիչարդ Միլզի աղմկահարույց հայտարարությունից, դրանում արձանագրված այն իրողությունից, որ «զարմանքով» արձանագրել է 25 տարի ունեցած պատկերացումների սխալականությունը եւ տեսել, որ հայ ժողովուրդը պատրաստ չէ տարածք հանձնել, ինչն էլ իր հերթին հիմնավոր է դառնում ապրիլյան պատերազմի ֆոնին:




Միլզը դա արձանագրում է Բոլթոնի Հայաստան գալուց առաջ, հետո գալիս է Բոլթոնն ու ասում Նիկոլ Փաշինյանի բարձր լեգիտիմության եւ ուժեղ դիրքի մասին, ակնկալելով, թե նա կառաջնորդի հասարակությանը դեպի կարգավորման առաջընթաց:

Մարդիկ, ովքեր փորձում են Բոլթոնի հայտարարությունը դիտարկել իբրեւ Փաշինյանի «դավադրության» մեղադրանքի հիմք, ի՞նչ կարծիք ունեն Բոլթոնի մասին: Համենայն դեպս, եթե նրանք դա դիտարկում են իբրեւ Փաշինյանի «դավադրության» հիմք, ուրեմն անլուրջ եւ հեգնական կարծիք ունեն Ջոն Բոլթոնի մասին: Այդ թվում գուցե եւ մարդիկ, որոնք մասնակցել են նրա հետ փակ հանդիպմանը:


Բանն այն է, որ միայն անլուրջ լինելու դեպքում Ջոն Բոլթոնը դեկտեմբերի արտահերթ ընտրությունից առաջ «կազդարարեր» ընտրությունից հետո Փաշինյանի բարձր լեգիտիմությունը Արցախի խնդրում «զիջման» միջոց դարձնելու ակնկալիքը: Եթե Բոլթոնն ունենար այդպիսի ակնկալիք, կամ ԱՄՆ ղեկավարությունն ընդհանրապես, ապա բազմափորձ եւ քաղաքական «պատրիարք» Բոլթոնի շուրթերով ոչ թե կբարձրաձայներ այդ մասին, այլ կլռեր՝ սպասելով դեկտեմբերի ընտրության ավարտին:

Եթե լիներ Փաշինյանի վրա այդ հիմքով ճնշում բանեցնելու իրական մտադրություն, ապա Բոլթոնը Երեւանում այդ մտադրությունը ժամանակից շուտ բացահայտելու փոխարեն կլռեր, սպասելով նոր խորհրդարանին եւ գործի անցնելու արդեն իբրեւ թե պարարտ միջավայրին:

Հետեւաբար, եթե որեւէ մեկը Բոլթոնին չի համարում անլուրջ մարդ, պետք է թերեւս ինքն իրեն հարց տար՝ ուրեմն ինչու՞ այդ լուրջ գործիչը Երեւանում արտահերթ ընտրությունից առաջ բացահայտեց այդ «մտադրությունը», անկասկած լավ պատկերացնելով, որ դա բերելու է Փաշինյանի հանդեպ ընդդիմախոսության եւ մեղադրանքների, նրան ժամանակից շուտ դնելու է «հարվածի» տակ:


Հետեւաբար, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, կամ ավելի շուտ պաշտոնյաների Միլզ-Բոլթոն տանդեմը  ոչ թե լուրջ մտադրություն է բացահայտել, այլ կատարել է լուրջ հուշում, որ Հայաստանն օգտվելով բացառիկ լեգիտիմ իշխանություն ունենալու հնարավորությունից, կարող է այդ իշխանության միջոցով Արցախի հարցում առաջ տանել ավելի կարծր ու սկզբունքային քաղաքականություն եւ այդպիսով միջնորդ համանախագահներին տալ Ադրբեջանի «մուննաթի» տակից դուրս գալու հնարավորություն:

Ըստ այդմ, հայաստանյան պատասխանատու այս կամ այն շրջանակից պահանջվում է ոչ թե հյուսել դավադրության որեւէ տեսություն, սեփական խնդիրները լուծելու համար, այլ դրսեւորել պետական շահի գիտակցում եւ հայտնել աջակցություն Նիկոլ Փաշինյանի հրապարակային այն դիրքորոշմանը, որ Արցախի հարցում չի կարող լինել թաքուն լուծում, որ Արցախի հարցը առաջին հերթին չի կարող որեւէ կերպ կարգավորվել, եթե որեւէ կերպին դեմ է Արցախի ժողովուրդն ու իշխանությունը, նաեւ Հայաստանի ժողովուրդը եւ նաեւ սփյուռքը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ժողովուրդն է հարցը լուծողը, ոչ թե որեւէ իշխանություն: Ըստ այդմ, նա շատ պարզ դնում է հարցը, որ ցանկացած իշխանություն կսպասարկի այն մոտեցումը, որը կդնի նրա առաջ հասարակությունը, համայն հայությունը եւ առաջին հերթին Արցախը, կամ կհեռանա: Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը պարզորոշ հայտնել է հասարակությանն ու համայն հայությանը, թե ինչ պետք է պատվիրել իրեն Արցախի հարցում, «դավադրությունների» փոխարեն որեւէ կասկածի ականջալուր լինելու փոխարեն: Նաեւ գուցե դավադրապաշտներին, թե հանրությանը «թունավորելու» փոխարեն ինչ է պետք անել, եթե նրանց հոգսը իրապես պետական շահն ու անվտանգությունն է, ոչ թե սեփական խնդիրները:

Աղբյուր` Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->