>

ԱԺ փոխնախագահ, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի հարցերի ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ պետք է վերանայել հայ-ռուսական գազային «ստորացուցիչ» պայմանագիրը: Միքայել Մելքումյանը մատնանշել է դրա մի շարք դրույթներ, օրինակ Գազպրոմի շահութաբերության կայուն տոկոս ապահովելու տեսանկյունից, որն ըստ նրա Հայաստանի համար բավական բարդացնում է գազային համակարգում սակագնային քաղաքականության ճկունությունը:

Հայտնի է, որ գազային ոլորտում իրավիճակն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է ստեղծել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հետո օրեր անց ստեղծվեց խորհրդարանական հանձնաժողովը: Դա ինքնին հետաքրքիր է, թե ինչու՞ «կոնտր» ուսումնասիրության նախաձեռնություն եղավ խորհրդարանում:

Այդուհանդերձ, Միքայել Մելքումյանը բարձրացնում է կարեւոր հարցեր, իսկ գազային եւ ընդհանրապես էներգետիկ ոլորտը Հայաստանում այն ոլորտն է, որտեղ իսկապես անաչառ եւ համալիր որեւէ վերլուծություն չի կարող լինել ավելորդ: Էներգետիկ համակարգը եղել է նախորդ իշխող համակարգի կոռուպցիոն զարկերակներից մեկը:




Քոչարյանի զոհերը

Հայ-ռուսական գազային համաձայնագիրը էներգետիկ համակարգի ամենաաղմկոտ դրվագներից մեկն է, որը կնքվեց 2013 թվականի դեկտեմբերին: Ընդ որում, այդ պայմանագիրը մի քանի օր անց Հայաստանի խորհրդարանում վավերացվեց ոչ պակաս աղմկոտ ձեւով:




Այն ժամանակ դրան դեմ հանդես եկան խորհրդարանական ընդդիմություն ներկայացող ուժերը, մասնավորապես ԲՀԿ-ն՝ որի անդամ եւ պատգամավոր էր այն ժամանակ նաեւ Միքայել Մելքումյանը, Ժառանգությունը՝ որի խմբակցությունում միայն Զարուհի Փոստանջյանն էր ժառանգական, եւ ՀԱԿ-ը: Զարուհի Փոստանջյանը հավաքել էր ՀՀԿ պատգամավորների քվեարկության քարտերը, եւ նրանք քվեարկությունն իրականացրին ձեռքով, ինչպես ի դեպ 2018-ի հոկտեմբերի 2-ին կատարվեց հայտնի օրինագծի քվեարկությունը:

Հանկարծ խորհրդարանական ընդդիմությունը որոշեց ոչ միայն դեմ լինել, այլ բոյկոտել նիստը եւ դուրս գալ դահլիճից, ՀՀԿ-ին թողնելով միայնակ: Ինչպես հետո հայտնում էին նիստին հատուկ դիտակետից հետեւող լրագրողները, դահլիճում ներկա է եղել ավելի քիչ թվով պատգամավոր, քան պետք էր, սակայն մենակ մնացած իշխանությունը հաշվել է իր ուզած ձեւով եւ հայտարարել, որ գազային պայմանագիրը վավերացված է:


Ըստ այդմ հարց է առաջանում՝ դեմ լինելով, խորհրդարանական ընդդիմադիր ուժերը ինչու՞ դուրս եկան դահլիճից եւ ՀՀԿ-ին թողեցին ինչ ուզի անի: Արդյոք դա «դեմ ըլլալով կողմ ըլլալ չէ»:

Պատասխանը թերեւս պետք է լիներ ավելի ուշ, երբ դահլիճը լքած ուժերը հետագայում պետք է կազմեին այսպես կոչված ոչիշխանական բեւեռը, որն իրականում պետք է կատարեր Հայաստանը ԵՏՄ մտցնելու հարցում Սերժ Սարգսյանի թիկունքից ճնշման առաքելությունը, որից կարճ ժամանակ անց Ռուսաստանը Սարգսյանին տվեց այդ բեւեռը ցրելու հնարավորություն, նրանց ռազմավարությունը գնահատելով կլոունադա:

Ինչ վերաբերում է գազային ոլորտին, ապա պայմանագիրը, որ կնքված է մինչեւ 2043 թվականը եւ գործնականում Գազպրոմի դե ֆակտո մենաշնորհի մասին պայմանագիր է, հարաբերական է, ինչպես երեւի թե պայմանագրերի մեծ մասը: Դրանում պարտավորություն ունի թե Հայաստանը, թե Գազպրոմը եւ այստեղ առանցքայինը թերեւս այն է, թե ինչ քաղաքական համատեքստ է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունում: Եվ եթե Հայաստանը ունակ է պահել ինքնիշխան դիրք, պաշտպանել իր շահը, ապա Գազպրոմի հետ պայմանագիրը կարող է եւ չպարունակել մեծ ռիսկեր ու խնդիրներ:


Եվ հենց այդտեղ է թերեւս բուն խնդիրը, որ պայմանագիրը կնքվեց մի իրավիճակում, երբ Հայաստանում կար ոչ լեգիտիմ իշխանություն, իսկ այսպես կոչված լեգիտիմ ընդդիմությունն էլ նրա հետ մրցում էր Ռուսաստանին ծառայություն մատուցելու հարցում: Այդ պարագայում Հայաստանը քաղաքական իմաստով կոնկրետ գազային պայմանագրի հարցում դառնում էր անկենսունակ: Դրան ավելանում էր այն կոռուպցիոն ռիսկերով հագեցած էներգետիկ-գազային համակարգը, որ կար Հայաստանում: Այլ կերպ ասած, Հայաստանը քաղաքականապես զիջելով իր պայմանագրային կենսունակությունը, ըստ էության արդեն իր տարածքում էլ զիջում էր կենսունակությունը էներգետիկ համակարգի կոռուպցիայով:

Ներկայում իրավիճակը այլ է, տեղի է ունենում վերափոխման գործընթաց, եւ այս համատեքստում նույնիսկ հարց է՝ արժե՞ դնել Գազպրոմի հետ պայմանագրի վերանայման խնդիր, առաջ բերելով ավելորդ լարվածություն, այն պահին, երբ կա ավելի առարկայական խնդիր՝ մի կողմից Հայաստանը լեգիտիմ իշխանությամբ ձեռք է բերում քաղաքական կենսունակություն, հետեւաբար պայմանագրում իր շահը պաշտպանելու ավելի մեծ կարողություն, եւ զուգահեռ վարչապետ Փաշինյանը հայտարարում է գազային եւ էներգետիկ համակարգում կոռուպցիան արմատախիլ անելուն ուղղված ուսումնասիրության անհրաժեշտության մասին, որը եւս կբարձրացնի Հայաստանի կենսունակությունը պայմանագրում, եւ միաժամանակ նաեւ փաստարկներ կտա Ռուսաստանի նախագահի հետ օրակարգ բերելու համար:

Այլ կերպ ասած, Հայաստանի բուն խնդիրն այս պահին պայմանագիրը չէ, այլ դրա շուրջ միջավայրի մաքրումը, որը կարող է լիովին այլ լույսի ներքո բացել պայմանագիրը եւ ըստ այդմ կողմնակի արատավոր ազդեցությունից զերծ դիտարկել դրա շահեկան եւ ոչ շահեկան կողմերը:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->