>

Անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունն այն մասին, որ ամերիկյան կողմը պատրաստ է դիտարկել Հայաստանին զենք վաճառելու հնարավորությունը, բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց ու առանց չափազանցության՝ համարվում է վերջին օրերին քննարկվող ամենակարևոր թեմաներից մեկը։ Սա ինքնին բնական է, որովհետև Բոլթոնի կարգավիճակը պարտավորեցնում է լուրջ վերաբերել նրա կողմից հնչեցվող հայտարարություններին, մանավանդ եթե դրանք շրջադարձային նշանակություն կարող են ունենալ տարածաշրջանային գործընթացների, անվտանգության նոր համակարգի ձևավորման գործընթացում։

Ի դեպ, երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, դրական է արձագանքել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությանն՝ առնվազն հասկացնելով, որ Երևանի համար քննարկելի են Վաշինգտոնի առաջակությունները։




Քոչարյանի զոհերը

Այս ամենի համատեքստում, սակայն, նվազագույնը տարակուսելի է Հայաստանի իշխանության, նրա տարբեր պատասխանատուների հայտարարությունների, գործողությունների հակասականությունը, անհամարժեքությունը, ինչը կարող է էական հարված հասցնել մեր երկրի միջազգային հեղինակությանը։




Երեկ «Ազատությանը» ծավալուն հարցազույց է տվել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ու հնչեցրել է հայտարարությւններ, որոնք, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում, եթե չասենք՝ կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության լրջությունն ու համարժեքությունը։

«Ընդամենը հայտարարությունների մակարդակում է դեռ զենքի վաճառքը, որևիցե կոնկրետ քննարկում այդ առումով չի եղել։ Միացյալ Նահանգները 907-րդ բանաձևի հետ կապված քաղաքական հայտարարություններ է արել, բայց մեր ընկալումները այսպիսին են՝ մենք գտնում ենք, որ տարածաշրջանում հնարավորինս սպառազինությունը մինիմումի պետք է հասցվի։ Սպառազինությունների մրցավազքը Հայաստանի և Ադրբեջանի միջև որևիցե ձևով չեն օգնում, որպեսզի հակամարտությունը լուծվի, իսկ Հայաստանը միանշանակ կողմ է, որպեսզի հակամարտությունը լուծվի, իսկ եթե մենք կողմ ենք հակամարտությունը լուծելուն, ապա դա նշանակում է, որ սպառազինությունների մրցավազքը պետք է կանգնեցնել և մեր դիրքորոշումը այս հարցում ավելի շատ այդ տեսանկունից է»,- «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Անվատանգության խորհրդի քարտուղարը՝ անուղղակիորեն բացահայտելով, որ, ըստ էության, չի հասկացել, թե ինչ առաքելությամբ ու ասելիքով էր Հայաստան եկել Բոլթոնը։


Հավանաբար, Գրիգորյանը հասկանալի պատճառներով փորձել է քողարկել Բոլթոնի ասածների աշխարհաքաղաքական նշանակությունն, օրինակ՝ Մոսկվային հանգստացնելու նպատակով, սակայն դա արել է խիստ ոչ պրոֆեսիոնալ մատուցմամբ, ինչի հետևանքով կասկածի տակ է դրել ամերիկյան իր գործընկերոջ լրջությունը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հրապարակավ ասում է՝ Հայաստանի վարչապետին սպառազինություն ձեռք բերելու առաջարկ եմ արել, իսկ Հայաստանի ԱԽ քարտուղարը հակադարձում է, թե դրանք լոկ հայտարարություններ են և ոչ մի կոնկրետ բան չկա: Սա պարզապես զավեշտ է, որովհետև Հայաստանի իշխանության աստիճանակարգում ազդեցիկ պաշտոն զբաղեցնող մարդն առնվազն պետք է գիտակցեր, որ Բոլթոնի կալիբրի գործիչը չի կարող հենց այնպես հայտարարություն անել․ նրա յուրաքանչյուր խոսքը Սպիտակ տան ռազմավարության դրսևորում է, գործնական քաղաքականության արտահայտություն։ Առավել ևս՝ եթե Բոլթոնն այդքանը բացահայտել է ԶԼՄ-ների համար, ուրեմն՝ շատ ավելի հանգամանալից քննարկումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։

Եվ հետո՝ առնվազն զարմացնում է խնդիրները պարզունակացնելու Արմեն Գրիգորյանի մոտեցումը։ Տպավորություն է ստեղծվում, որ նա լսել է, սակայն չի ընկալել Բոլթոնի խոսքի աշխարհաքաղաքական ուղերձը։


Զենքի վաճառքի մասին Թրամփի խորհրդականի հիշատակումն ընդամենը ամերիկյան գլոբալ քաղաքականության բանալին է, ինչը թույլ է տալիս հասկանալ, թե իրանական կամպանիայի համատեքստում Վաշինգտոնն ինչ պատկերացումներ ունի տարածաշրջնային անվտանգության համակարգի մասին։ Առնվազն համարժեք չէ, երբ Գրիգորյանը Բոլթոնի ասածների համատեքստում խոսում է տարածաշրջանային միլիտարիզացիայի անթույլատրելիության մասին, որովհետև զենքի վաճառքի ուղերձն ընդամենն ամերիկյան քաղաքականության գործիքակազմ է, որի միջոցով Վաշինգտոնը փորձում է Ռուսաստանից, այսպես ասած, վերցնել ԼՂ հակամարտության մենեջմենտը։

Եթե Հայաստանի իշխանությունը պատրաստ չէ առարկայական քննարկում ծավալել ամերիկյան օրակարգի շուրջ կամ դեռ համաձայնությունների անհրաժեշտություն ունի Մոսկվայի հետ, ապա գոնե անթույլատրելի է կասկածի տակ դնել Բոլթոնի հայտարարությունների լրջությունը։ Ցանկացած լուրջ մարդ միանգամից հասկանում է, որ տվյալ պարագայում հենց այնպես հայտարարություններ անողն ոչ թե ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան է, այլ Հյաաստանի իշխանության այն ներկայացուցիչները, որոնք այդպես էլ չեն գիտակցել, թե մի քանի օր առաջ ում են հյուրընկալել և որ ամենակարևորն է՝ ինչ են լսել նրանից։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->