>

ՀՀԿ-ից մնացած տարբեր խմբեր վերջին շրջանում հիմնականում երկու ուղղությամբ ակտիվ քարոզչություն են սկսել՝ ժողովրդավարության ու Արցախի հարցում: Առաջին դեպքում միջազգային տարբեր կառույցներում փորձ է արվում ստեղծել Հայաստանի նոր իշխանության ոչ ժողովրդավարական կերպարը, խոսքի եւ այլ ազատությունների սահմանափակումը:


Երկրորդ դեպքում քաղաքագիտական որոշակի շրջանակների ու ԶԼՄ-ների ներգրավմամբ շրջանառության մեջ է դրվել մի թեզ, ըստ որի Հայաստանի լեգիտիմ իշխանությանը ընտրություններից հետո ստիպելու են զիջումների գնալ Արցախի հարցում: Այսինքն, արդեն չվիճարկելով նոր իշխանության առաջիկա 100 տոկոսանոց լեգիտիմությունը, փորձ է արվում ներկայացնել, որ այդ լեգիտիմության գինը Արցախի հանձնումն է:







Քոչարյանի զոհերը

Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ով է այս թեզի հեղինակը կամ աղբյուրը: Իսկ նպատակը պարզ է՝ մի կողմից արդարացնել իրենց իշխանության ոչ լեգիտիմությունը, մյուս կողմից՝ փորձել շանտաժով ու վախեցնելով մի քանի մանդատ կորզել նոր խորհրդարանում: Այլ մոտիվացիա դժվար է պատկերացնել:

Հակառակ դեպքում, նման բաներ ասելուց առաջ գոնե պետք է ներողություն խնդրել հանրությունից սեփական իշխանության օրոք հանրային իրավունքների անզուսպ ոտնահարումների ու Արցախը հանձնելու պատրաստականության համար (Սերժ Սարգսյանի խոստովանությունը եւ ԱՄՆ դեսպանի բացահայտումը), ասել, որ իրենք ժամանակին սխալ էին, հիմա գտնում են, որ հակառակը պետք է լինի, եւ այլն: Բայց դրա համար քաղաքական բնույթ ու արժանապատվություն է պետք:


Մի քանի օրից խորհրդարանը ցրվելու է, եւ ՀՀԿ-ն իր կապիտուլյացիային է գնում անարժանապատիվ ձեւով: ՀՀԿ-ն կամ ավելի շուտ նրանից մնացած խմբերը չգնահատեցին հանրության ներողամտությունը, պարբերաբար լարվածություններ առաջացնելով: Բայց խնդիրը թերեւս ավելի խորքային է. Իր իշխանության տարիներին այս կուսակցությունն այնքան էր կտրվել իրականությունից, որ արդեն ընդունակ չէր համարժեք գնահատել թե ներքին, թե արտաքին իրողությունները: Առավել եւս, որ «ասող» արդեն չկա:


ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը ժամանակին իր կուսակիցներին հիշեցրել էր, որ եթե թագավորը վայր է դնում զենքը, բանակը դադարում է կռվել: Շմայսը առաջիններից մեկը հասկացավ, որ վիճակ է փոխվել: Իսկ գեներալ Մանվելը պետությանը հանձնեց իր ահռելի տարածքները: ՀՀԿ-ական «քաղաքական դեմքերը» այս երեքի չափ խելք չունեցան: Եվ իզուր են կարծում, թե իրենք, ինչպես հաճախ ակնարկում են, տուժել են այս կարգի կոնտինգենտի պատճառով: Հակառակը, նրանք իրենց քաղաքական կարիերայով պարտական են հենց նրանց ու նրանց փողերին, եւ դա երբեք չպետք է մոռանան:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->