>

Հետք պարբերականը տեղեկություն է հրապարակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասին, որը կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքի մասին է: Ըստ տեղեկության, Ավինյանի ստեղծած եւ չրի արտադրությամբ զբաղվող ընկերությունը 2018 թվականին հայտ է ներկայացրել եւ մոտ 35 հազար դոլար դրամաշնորհ ստացել գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: Նաեւ, այդ հիմնադրամի նախագահը օրերս նշանակվել է գյուղատնտեսության նախարար, եւ կարծիք կա, որ այդ նշանակման լոբբինգը արել է Տիգրան Ավինյանը:

Հայտը ներկայացվել է մինչեւ թավշյա հեղափոխությունը, դրամաշնորհը ստացվել է՝ երբ Տիգրան Ավինյանն այլեւս փոխվարչապետ էր: Պատմությունն աղմուկ է բարձրացրել, ընդհուպ որ փոխվարչապետը պետք է հրաժարվի պաշտոնից:

Նրա խոսնակը ներկայացրել է պատմության այսպես ասած պաշտոնական վարկածը, ասելով, որ դրամաշնորհի հայտի գործընթացը անցնում է անկախ հանձնաժողովի քննություն եւ դրանում չի եղել որեւէ կոռուպցիա: Շատերը կարծում են, որ Ավինյանի հետ կապված պատմության շուրջ աղմուկն ավելորդ է, քանի որ չկա կոռուպցիա՝ փոխվարչապետը դրամաշնորհի հայտ ներկայացրել է մինչեւ հեղափոխությունը, ու երբ դարձել է փոխվարչապետ՝ հայտը հետ հո չէ՞ր վերցնելու:




Քոչարյանի զոհերը

Անշուշտ, չկար հետ վերցնելու մասին օրենքի որեւէ պահանջ: Գուցե չկա նաեւ որեւէ կոռուպցիա: Բայց կա կոռուպցիայի ռիսկի մասին հանրային կասկածի հիմնավոր պատճառ: Ու հաշվի առնելով այն, թե Հայաստանը ինչպիսի իրավիճակում է գտնվում այժմ, այդ կասկածն արդեն իսկ բավարար է, որպեսզի Տիգրան Ավինյանը, ելնելով հանրային շահից, ելնելով հենց այն թավշյա հեղափոխության շահից, որի առաջնորդող թիմի անդամ է եղել ինքը՝ հրաժարական տա, ի ցույց դնելով նոր իրավիճակում նոր իշխանության վարքագծի բարձր ստանդատներին տիրապետելը:




Որովհետեւ խնդիրը լոկ օրենքի դաշտում չէ: Ընդհանրապես: Պետություններն ու ազգերը, հասարակությունները միայն օրինապաշտության եւ օրինական միջավայրի հիմքով չէ, որ արձանագրում են առաջընթաց: Դրա համար կարեւորագույն նշանակություն ունեն նաեւ հանրային, քաղաքական համակեցության, պետական վարքագծի բարձր ստանդարտները: Ի վերջո, հենց դա է էլիտաների դերը որեւէ պետության հասարակական-քաղաքական կյանքում:

Եվ առավել եւս դա կարեւորագույն խնդիր է կոռուպցիոն բուրգ-հասարակարգից իրավական, ժողովրդավարական եւ օրինական հասարակական համակեցության անցնելու խնդիր լուծող Հայաստանի համար:


Հասարակության հոգեբանությունը, նյարդը, պատկերացումներն ու ենթագիտակցական շերտերը քայքայել են երկու տասնամյակի սուտն ու երեսպաշտությունը, որ մարդկանց հրամցվել է կոռուպցիոն բուրգի գոյությունը լղոզելու համար:

Ի՞նչ են ասել, օրինակ: Ասել են, որ թղթերով ամեն ինչ կարգին է, ասել են, թե իրենք մեղավոր հո չե՞ն, որ իրենց որդին, եղբայրը, ընկերը, քույրը, քենին, բաջանաղը կամ այլք զբաղվում են բիզնեսով եւ հաջողակ գործարար են:

Հանրությունը հոգնել է այդ ամենից: Հիմա նույնը հանրությանը հրամցնելը խիստ վտանգավոր է, եւ գուցե ավելի վտանգավոր, քան նախկինում: Որովհետեւ հանրությունը նախկինի դեպքում համոզվել էր, որ ստում են: Ներկայում նա ունի բոլորովին այլ ակնկալիք, եւ այստեղ առանցքային խնդիր կա. չպետք է առաջնորդվել սեփական անձի կամ հեղափոխության թիմի հանդեպ հասարակության վստահության ու հավատի կանխավարկածով, մտածելով, թե կարելի է բերել նախկինի հետ ասոցացվող պատճառաբանությունները՝ բայց այս դեպքում արդեն ազնվորեն, ու ապավինել հենց հանրության հավատին:


Ստախոսներին ազնիվներով փոխարինելու խնդրի լուծում չէ, որ կանգնած է Հայաստանի առաջ: Հայաստանի առաջ կանգնած է ստանդարտները փոխարինելու խնդիր, այդ թվում առաջին հերթին էլիտայի վարքագծի ստանդարտները փոխարինելու խնդիր: Միայն դրանից հետո հնարավոր կլինի համարել, որ չակերտներն ընկել են էլիտայի հետեւից եւ առջեւից, ու Հայաստանն ունի առանց չակերտների էլիտա:

Ըստ այդմ, խնդրի խորքային շերտերը Տիգրան Ավինյանից պահանջում են ոչ թե բացատրություն, որ նա մաքուր է եւ ազնիվ, այլ իրողության հենց ընդգրկում գնահատում եւ նաեւ հեղափոխության խնդիրների ամբողջական գիտակցում: Եվ այդ դեպքում, առավել եւս մաքուր եւ ազնիվ լինելը պետք է դառնա ոչ թե իր դեմ պատվերների «փաստարկով» պաշտպանվելու, այլ հեղափոխության գործընթացը իր հրաժարականով պաշտպանելու քայլ կամ մոտիվ: Նաեւ պաշտպանելու քաղաքական ասպարեզում հետագայի համար մնալու հեռանկարը:

Միաժամանակ, մոռանանք Տիգրան Ավինյանին: Նրա օրինակը պարզապես ցույց է տալիս խորքային խնդիրը եւ իրավիճակը հենց այդ խորքից գիտակցելու եւ դիտարկելու անհրաժեշտությունը, ոչ թե լոկ օրինականության պարզունակ շրջանակում, որը խիստ անհրաժեշտ, բայց նաեւ նույնքան էլ անբավարար է հեղափոխության բովանդակային-արժեքային բաղադրիչը զարգացնելու համար:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->