>

Վաղը Հայաստան է ժամանում հանրահայտ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն: Նա մասնակցելու է Սահմանադրության թեմայով միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին, որից հետո հանդիպելու է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Վենետիկի հանձնաժողովի թեման վերջին օրերի ներքաղաքական զարգացումների կենտրոնում է՝ կապված նոր Ընտրական օրենսգրքի հետ: ՀՀԿ-ի համար այս հանձնաժողովը դարձել է «փաստարկ», եւ Բուքիքիոյին թերեւս ամենաշատը հենց ՀՀԿ-ն է սպասում:




Քոչարյանի զոհերը

ՀՀԿ-ն դեմ է նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը եւ վկայակոչում է հանձնաժողովի այն եզրահանգումը, թե չի կարելի նոր Օրենսգրքի ընդունումից մեկ ամիս անց ընտրություն անել: ՀՀԿ-ն նաեւ հերքել է կառավարության հայտարարությունը, ըստ որի՝ հանձնաժողովը ոչ մի խնդիր չի տեսել: Եվ ամենայն հավանականությամբ Բուքիքիոյի հետ հանդիպմանը կխոսեն այդ մասին:




Իսկ Ընտրական նոր օրենսգրքի երկրորդ անգամ քվեարկությունից առաջ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը զգուշացրեց բոլորին, որ հետագայում, եթե ընտրություններն անցնեն նոր օրենսգրքով, Հայաստանը խնդիրներ է ունենալու եվրոպական կառույցներում:

Մյուս կողմից, այս հարցի շուրջ հերթական զավեշտալի իրավիճակն է ստեղծվել: Տվյալ դեպքում ՀՀԿ-ն զրկվել է իր փաստարկից, քանի որ Ընտրական նոր օրենսգիրքն արդեն չի ընդունվել, թեեւ կան այլ իրողություններ եւս: Բանն այն է, որ ՀՀԿ-ն իր իշխանության օրոք սովորաբար մերժում էր Վենետիկի հանձնաժողովի բոլոր այն առաջարկները, որոնք կարող էին խանգարել ընտրությունների կեղծմանը: Իսկ նոր կառավարության մշակած օրենսգրքում ներառվել են բոլոր այն առաջարկները, որոնք ժամանակին մերժել էր ՀՀԿ-ն: Այսինքն, նոր օրենգիրքը մերժելով, ՀՀԿ-ն որոշ առումով մերժել է նաեւ Վենետիկի հանձնաժողովին:


Ի դեպ, Հայաստանում Եվրամիության դեսպան Պետր Սվիտալսկին այսօր ափսոսանք է հայտնել, որ ԱԺ-ն չի ընդունել նոր Ընտրական օրենսգիրքը: «Ցավալի է, քանի որ փոփոխությունների այդ փաթեթը դրական գնահատական էր ստացել նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի կողմից։ Որոշ փոփոխություններ ներկայացնում էին նաև այն փոփոխությունները, որոնք առաջարկվել էին Եվրախորհրդի կողմից։ Այնպես որ, մենք կարծում ենք՝ Հայաստանը կորցրեց Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու հնարավորությունը»:

Արժե նշել, որ ՀՀԿ-ի պարագայում հարցը միայն ընտրություններով չի սահմանափակվում: ՀՀԿ իշխանության օրոք երկու անգամ կեղծվել է հիմնական օրենքի՝ Սահմանադրության ընդունումը, ընդ որում՝ խայտառակ այլ դրսեւորումներով եւս: Օրինակ, Վենետիկի հանձնաժողովին ուղարկվել էր Սահմանադրության անգլերեն տարբերակ, որը չէր համընկնում հայերեն տարբերակի հետ: Եվ դա արվել էր միտումնավոր, թեեւ հղում էին անում թարգմանական խնդիրներին:

Ինչ վերաբերվում է եվրոպական կառույցներում Հայաստանի արտահերթ ընտրությունների արձագանքին, ապա զարմանալի կլինի, որ այդ կառույցները, որոնք պարբերաբար «մեկ քայլ առաջ» են համարել եւ ընդունել ՀՀԿ-ի կեղծած բոլոր ընտրությունները, խնդիրներ ստեղծեն Հայաստանում 27 տարի անց առաջին չկեղծված համապետական ընտրությունների պարագայում:


ՀՀԿ-ն իր պահվածքը բացատրում է պետական շահով, սակայն այս հանգամանքները այդ «շահի» հետում ցցուն ցուցանում են բավական ճղճիմ մոտիվացիան:

Հատկանշական է, որ ՀՀԿ-ի մասով բազմաչարչար Վենետիկի հանձնաժողովի նախագահը Հայաստան է ժամանում խորհրդարանի լուծարման նախօրեին ու այդպիսով՝ ՀՀԿ-ի հետիշխանական ձղաձգումների ավարտին:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->