>

Շանթ Նավոյանը 8 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Կյանքով լեցուն, կյանքը սիրող պատանին իր ապրած 18 տարիների ընթացքում հասցրել էր կրթվել, ստեղծագործել, սիրել ու բանակ զորակոչվել:

«Շանթին շատ ուրախ  ենք բանակ ճանապարհել, որ Կապան քաշեց, մենք հանգիստ էինք, բայց տարին երկու անգամ զորավարժություններ էին ունենում Ջրականի շրջանում: Շանթը ծառայում էր Կապանի հրետանային զորամասում: Ծառայության ընթացքում ծառայում էր այնպես, ինչպես պետք է ծառայեր: Շանթը ցանկացած տեղ՝ լիներ դա բանակ կամ այլ տեղ, կարողանում էր իրեն դրսևորել և  իր տեղը գտնել. նա միշտ է այդպես եղել: Իր բնավորությունը իմանալով՝  կարող եմ ասել, որ բանակում պիտի խնդիրներ  չունենար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Շանթ Նավոյանի մայրը՝ Էլեն Նավոյանը:

Շանթ Գուրգենի Նավոյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում: Ընտանիքի ավագ որդին էր, իրենից փոքր քույր ունի:

Շանթը ընդունվել  էր Հայաստանի ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետ, բայց մեկ կիսամյակ սովորելով՝ ուսումը կիսատ է թողել և զորակոչվել բանակ:

loading...


«Դեռ սեպտեմբերի սկզբին Շանթենց գունդը տեղակայված է եղել Ջաբրայիլում՝ Ջրականում: Շանթը առողջական խնդիրներ ուներ, մինչ Ջրական տեղափոխվելը 2,5 ամիս Մուրացանի հոսպիտալում էր: Եվ նրան հոսպիտալից միանգամից տեղափոխեցին Մեխակավան: Սեպտեմբերի 26-ից տագնապի հրամանով արդեն այդտեղ տեղակայված են եղել, ռազմի դաշտում Շանթը հրետանավոր է եղել:


Պատերազմի սկզբի օրերին ոչ մի բան չեմ զգացել, երևի իր հանգստությունը մեզ հավասարակշիռ էր պահում և այն հավատով, որ մենք իսկապես հաղթելու ենք: Գրեթե ամեն օր օրվա մեջ գոնե մեկ անգամ զանգում էր, ուղղակի ասեր, որ ինքը լավ է: Անհանգստություն կամ վախ, որ կփոխանցվեր,  իրենից չի եղել:





Գիտեինք, որ Շանթն Արցախի հարավում է կռվում, մտածում էինք, որ կարող ա իրենք ընդհանրապես այդ ամենի մեջ չեն: Մեր վերաբերմունքը  փոխվեց և սկսեցինք անհանգստանալ, երբ  կոնկրետ իրենց գնդից արդեն զոհ կար: Այդ ժամանակ իրավիճակի լրջությունը շատ ավելի  հասկանալի էր»,- պատմում է հերոսի  մայրը:

 

 

 

Շանթի հետ հարազատները  վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 9-ի երեկոյան:


«Երկար ժամանակ փորձում էր կապվել, չէր կարողանում, հետո կապվեց: Այդ օրն էր, որ իր ձայնը սովորականի նման չէր. ձայնի մեջ ինչ-որ անհանգստություն, վախ կար: Երբ ես ու հայրը հարցրեցինք՝ ինչ-որ բան այն չէ՞, հոգնա՞ծ է, լավ չի՞ զգում իրեն. Շանթն ուղղակի ասաց՝ մի տեսակ հոգնած եմ, մամ, գնամ քնեմ»,- պատմում է Շանթ Նավոյանի մայրը:

18-ամյա ժամկետային զինծառայողը հոկտեմբերի 10-ին՝ առաջին հրադադարից րոպեներ անց, թշնամու առաջին հարվածից ստացել է վիրավորում:

«Տղերքը ուրախացել են, որ հրադադար է, իրար շնորհավորել են, բայց ուրախությունը տևել է մի քանի րոպե: Առաջին հարվածը եղել է հենց Շանթենց ուղղությամբ, 9 հոգուց 6-ը տեղում զոհվել են: Շանթը վիրավոր է եղել, մահացել է դեպի Իշխանաձոր ճանապարհին: Իհարկե մենք այդ ամենն իմացել ենք շատ ավելի ուշ:

Երրորդ օրը Շանթը բեկորային վնասվածք է ստացել ոտքերի տակից վերև, և այդ ամենը մենք իմացել ենք օրեր հետո, երբ մեզ հաջողվեց գտնել Շանթի անձնական իրերը:

Սեպտեմբերի 25-ից գրպանի նոթատետրում գրառել է, թե ինչ  է զգացել և մեզ որոշակի զգացողություններ փոխանցել: Շատ բաներ պարզ դարձավ, այդ վիրավորումը, մի խոսքով, մանրամասներ, որոնց մասին մենք տեղյակ չէինք:



Չեմ ընկալում «Հերոս» բառը, ոչ մի մայր  էլ նման ձևով Հերոս  չի ուզում, ես ոչ ոքի նման բան չեմ ցանկանում: Բոլոր զոհված տղերքը Հերոսներ են… մենք հիմա ապրում ենք, որովհետև նրանք չկան: Շանթը այսպես թե այնպես իր կյանքով էր Հերոս լինելու, որովհետև նա այն տեսակն էր, որ ապրելով էլ կարող էր Հերոս լինել: Ես հպարտ եմ, որ Շանթի մայրն եմ, և Շանթի մայրը կոչում է:

Կուզեի սեպտեմբերի  27-ից սկսած ամեն ինչ ջնջեի, և այս ամեն ինչը երազ լիներ: Մինչև պատերազմը մենք երջանիկ էինք, և բոլոր այն խնդիրները, որոնք կային, հիմա ոչինչ են թվում: Բոլորին եմ խորհուրդ տալիս, որ ապրեն այսօրով, ապրեն այն ամենով, ինչ ունեն, և հնարավորության սահմաններում իրենց երեխաներին տալ այն ամենը, ինչ հնարավոր է տալ:

Հիմա մեր աղջիկն է մեզ ապրեցնողը, Շանթի հետ կապված հուշերն ու նպատակները, որոնք պատերազմը կիսատ թողեց, որոնց մասին ակնարկում կամ երազում էր»:

Տիկին Էլենը պատմում է, որ Շանթը շրջապատում կարող էր շատ կիրթ և ջենթլմեն լինել, բայց կարող էր նաև ուրիշ լինել. այսինքն՝ պահը ինչպես  թելադրում էր:

«Շատ սուր և համով հումոր ուներ. պահ էր լինում, որ չէիր հասկանում՝ կատա՞կ է անում, թե՞ լուրջ է: Մտքերը  փիլիսոփայական էին, և տարիներ շարունակ գրառում էր իր մտքերը: Գրում էր այն ամենը, ինչ զգում էր և ինչի մասին մտածում էր: 14 տարեկանում շատ խորը և փիլիսոփայական մտքեր էր գրի առնում: Առաջ զարմանում էինք, հիմա ավելի շատ ենք զարմանում, որ երեխան  կարող էր նման կերպ մտածել:

Շանթն իր տարիքից և իր հասակակիցներից ավելի հասուն էր, սկզբունքային էր, երբեք չէր դավաճանում իր սկզբունքներին»,- եզրափակեց Շանթ Նավոյանի մայրը:

Հ.Գ. հունիսի 18-ին տեղի է ունենալու հերոս Շանթ Նավոյանի «Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում» գրքի շնորհանդեսը: Գրքում հերոսի նյութերն են, գրառումները, այն ամենը, ինչը հնարավորություն կտա ճանաչել Շանթին:

Անահիտ Չալիկյան

Сообщение «Տղերքը ուրախացել են, որ հրադադար է, իրար շնորհավորել են, բայց ուրախությունը տևել է մի քանի րոպե: Առաջին հարվածը եղել է հենց Շանթենց ուղղությամբ». 18-ամյա հերոսի մոր պատմությունը появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin