>

Հոկտեմբերի 27-ը հնարավոր դարձավ, և դա պետք էր ոչ այնքան կատարողներին, որքան թիկունքում, կուլիսներում և դրանից դուրս վխտացող հացուրացներին, օտարին, որոնց շահերը շատ հեռվից, տարբեր ճյուղերով եկել ու միաձուլվել էին Քոչարյանի քաղաքական շահին:

2018թ.-ի հոկտեմբերի 17-ին՝ Հոկտեմբերի 27-ի 19-րդ տարելիցից 10 օր առաջ, հանկարծամահ եղավ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ Մալաթիա տարածքային կառույցի նախագահ Վարազդատ Զատիկյանը: Նա, որպես ԵԿՄ ներկայացուցիչ, 4-րդ զոհն է Զատիկյանների ընտանիքից՝ 20 տարվա ընթացքում…

Դեպքի օրը նա մասնակցել էր եղբոր՝ լուսահոգի Վահան Զատիկյանին նվիրված մարզական հուշամրցաշարին, ապա՝ տոնական հավաքին: Մահացել էր տուն հասնելուց հետո՝ րոպեների ընթացքում… Նույնիսկ շտապ բուժօգնություն չէին հասցրել զանգել…




Քոչարյանի զոհերը

Նա սրտի հետ կապված խնդիր ուներ, բայց արդյո՞ք դա բնական մահ էր… և ոչ՝ նոր Հոկտեմբերի 27-ի գույժ, մանավանդ որ վերջին օրերի, շաբաթների ընթացքում լսում ենք նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների հարազատների կասկածելի մահվան, ինքնասպանությունների դեպքերի մասին:


Բանն այն է, որ 19 տարի առաջ՝ արյունոտ Հոկտեմբերի 27-ից 20 օր առաջ նմանատիպ իրավիճակում և կասկածելի հանգամանքներում էլ մահացել էր Վարազդատի ավագ եղբայրը՝ «Մալաթիա» ջոկատի հրամանատար, նույնանուն համայնքի և ԵԿՄ կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր, երջանկահիշատակ Վահան Զատիկյանը: Անձ, ում մահը ողբաց ողջ համայնքը որբացողի զգացողությամբ, բացի… Զատիկյանների անձնական թշնամիներից:




Մահվան օրը նա ևս մասնակցել էր տոնախմբության. մարտական ընկերների, հյուրերի հետ ներկա էր եղել Ծաղիկ Ռուբո մականվամբ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի (ով իրեն ազատամարտիկ է համարում) կառուցած եկեղեցու բացման արարողությանը: Վահանի և ներկա գտնվողներից ոմանց ինքնազգացողությունը հանկարծ վատացել էր: Սակայն բոլորը փրկվել էին՝ բացի Վահան Զատիկյանից:

Պաշտոնական վարկածով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն էր (թեև նա սրտի հետ կապված որևէ գանգատ չէր ունեցել), սակայն մինչ օրս հետաքրքրված հանրության մեջ համոզմունքի հասնող կասկած կա, որ նրան թունավորել են… Այնտեղ էր եղել նաև մալաթիացի մեկ այլ պատգամավոր՝ Լեդի Հակոբ մականունով հայտնի Հակոբ Հակոբյանը, ում եղբորորդին ու նրա ընկերը հետագայում պատվիրեցին սպանել Վահանի երկու որդիներին՝ 100,000 դոլարի դիմաց:

Ի դեպ, Վահան Զատիկյանը Վազգեն Սարգսյանի հավատարիմ զինակիցն էր, ինչպես հոկտեմբերի 27-ին կասկածելի հանգամանքներում սպանված պատգամավոր Արմենակ Արմենակյանը: Կրակոցների պահին նա գտնվել էր ԱԺ դահլիճին կից կարմիր նախասրահում՝ Գուրգեն Եղիազարյանի և Հակոբ Հակոբյանի (Լեդիի) հետ միասին: Կրակոցների ձայնը լսելուց հետո՝ վայրկյաններ անց, երբ Արմենակյանը փորձել էր մտնել դահլիճ, սպանվել էր հենց դռան մոտ: Մարդասպանը մինչ օրս «անհայտ է…»:

Փաստորեն, Վահանի կասկածելի մահը վարչապետ Վազգեն Սարգսյանի թիկունքը թուլացնելու, կառավարությունն ու խորհրդարանը գլխատելու գույժն էր՝ Հոկտեմբերի 27-ից առաջ…


Բացի այդ, օրվա քաղաքական իշխանությունը Վազգենին ու Վահանին սպանելու այլ շարժառիթ էլ կարող էր ունենալ. Վազգեն Սարգսյանը մտադիր էր Մալաթիան օազիս դարձրած Վահան Զատիկյանին կարգել Երևանի քաղաքապետ, բայց, ինչպես պարզվեց հետագայում, Քոչարյանը այլ թեկնածու ու բիզնես ծրագիր ուներ… (մանրամասները՝ ֆիլմում):

Վահանի կենդանության և պաշտոնավարման ժամանակ հսկայական կարողության տեր դարձած Հակոբյաններից Սիմոնի որդիները սկսեցին բացահայտ թշնամանք դրսևորել նախկին թաղապետի որդիների հանդեպ: Ավելի ուշ պատվիրեցին սպանել նրանց. Սեդրակը սպանվեց 2006թ.-ին՝ ինքնաձիգի կրակահերթից, իսկ Անդրանիկ Զատիկյանի դին գտան 2013թ.-ին՝ եղբոր սպանության պատվիրատու Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստի օրը: Փաստորեն, մարդասպանները կանխեցին դա:

Բայց վերը նշված քաղաքական, անձնական, բիզնես շահառուներին կարծես ուշացումով միացավ ևս մեկ մալաթիացի պատգամավոր, ում հավանաբար հետո էին բացատրել իր շահը … Զատիկյանների հաշվին…

Այս առումով որոշ ուշագրավ հանգամանքներ կան. 2013թ.-ին, երբ իր ավտոմեքենայում հայտնաբերեցին Անդրանիկի դին, այդ պահին նրա կողքին էր համաթաղեցի Արման Գրիգորյանը՝ «քնած»: Քրեական գործ հարուցվեց, սակայն այն կասեցվեց ոչ օբյեկտիվ պատճառաբանությամբ, իսկ այդ ընթացքում Արման Գրիգորյանը, որը պետք է տեղյակ լիներ Անդրանիկի մահվան հանգամանքներին, հանկարծ ներքաշվեց մի քրեական պատմության մեջ, իսկ հետո հայտնվեց բանտում:


Այնուհետև խոսակցություններ տարածվեցին թաղում, որ այդ հասարակ ընտանիքի տղային «տեր է կանգնել» Մալաթիայի օլիգարխիական, պատգամավորական թևը: Թե ինչ շահ կամ նպատակ կա դրա տակ՝ դեռ հայտնի չէ, սակայն Հայաստանում աղմկահարույց գործերը փակելու ընդունված ձեռագիր կա. նախ մեկուսացնում են՝ վտանգավոր ինֆորմացիայի հնարավոր արտահոսքը կանխելու համար, իսկ հետո ընդմիշտ «լռեցնում»՝ որպես պատճառ ներկայացնելով առողջական խնդիրները կամ «դժբախտ պատահարները»՝ ինչպես Հոկտեմբերի 27-ի սպանդն իրականացնողների դեպքում:

Բացի այդ, 2006թ.-ին, Սեդրակ Զատիկյանի սպանությունից հետո, թերթերից մեկում սպանության հնարավոր շարժառիթի ենթատեքստում հիշատակվեց Սեդրակի և Լֆիկ մականունով Սամվել Ալեքսանյանի հանդիպման մասին: Խոսակցությունը եղել էր բլուրի վրա գտնվող և մինչ օրս Զատիկյաններին պատկանող «Փարոս» ռեստորանի գնման կամ զիջման շուրջ, որի հարևանությամբ դեռ նոր էր սկսվելու Ալեքսանյանի հիպերմարկետի կառուցումը:

Չգիտեմ՝ կարդալ չսիրող Սամվել Ալեքսանյանը տեղյա՞կ էր այդ վարկածից, թե՞ ոչ, բայց այն ժամանակ մեզ թվաց, թե դա միտումնավոր բաց թողնված՝ շեղող վարկած է, քանի որ բոլորը գիտեին Զատիկյանների և Հակոբյանների լարված հարաբերությունների մասին:

Բայց այժմ, երբ Վարազդատ Զատիկյանի մահից հետո Ալեքսանյանն ավելի թափով սկսեց քանդել «Փարոսի» սարը՝ փակելով, օկուպացնելով իրեն հացի տեր դարձնող ընտանիքի բիզնես օբյեկտը, կարելի է ենթադրել, որ նրա շահը լրացնում է մյուսներինը, և նա ևս կարող էր շահագրգռված լինել Զատիկյանների մահվամբ և «մասնակից»՝ մասամբ: Չմոռանանք, որ Ալեքսանյանը քանդել է Մալաթիայի բոլոր բլուրները՝ բացի Եռաբլուրից ու «Փարոսի» սարից…

Ուստի վատ չէր լինի, որ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը իր հայտնի սկեչերից մեկում հնչեցրած հարցը ուղղեր Ալեքսանյանին հեկտարներով հող «նվիրած» նախորդ քաղաքապետերին՝ այ… էս երկրում ուրիշ «հերոսի» անուն չգիտեի՞ք, որ հող տայիք…

Եվ կրկին՝ կարևոր հարցի մասին. մի ընտանիքից չորս երկրապահի մահը՝ որոշակի պարբերականությամբ և իրադարձություններից առաջ, կարո՞ղ է պատահականություն լինել… Իսկ գուցե ժամանա՞կն է, որ Աստված առնի հացուրացների հացը և փոխարինի բանտային բալանդով… Հաստատ ժամանակն է, քանզի թիկունքում գտնվող և չնվասազերծված խմբերը՝ «հինգերորդ շարասյունայինները», կրկին ակտիվացել են:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->