Կոմունիկացիաների բացումը մեր տնտեսությանն առանձնապես մեծ բան չի տալու․ Հրանտ Բագրատյան — ingablog

Ես շատ տխուր եմ, որ Մհեր Գրիգորյանը վատ է բանակցել՝ Հայաստանի համար ստրատեգիապես կարեւոր էր բացել դեպի Ղազախ գնացող գիծը՝ Երեւան-Սեւան-Դիլիջան-Իջեւան-Ղազախ, որովհետեւ սա ավելի արագ կբացվեր, ավելի քիչ ծախս կպահանջեր, եւ ավելի կարճ կլիներ թե՛ մեզ համար, թե՛ նրանց, իսկ կոմունիկացիաների բացումը մեր տնտեսությանն առանձնապես մեծ բան չի տալու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ու, մասնավորապես, Երեւան-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի վերաբացման մասին հայտարարություններին։

loading...



«Դեռեւս երկար ժամանակ չեմ հավատում, թե դա լինի, ինչպես չեմ համարում, որ դելիմիտացիա եւ դեմարկացիա կլինի՝ երբեք դա չի լինելու, չեն անելու։ Թուրքիան մեր սահմանները ճանաչել է՝ սովետի սահմաններով, իսկ էս մյուսը՝ Ադրբեջանը, չի ճանաչելու, որովհետեւ դա կնշանակի ճանաչել, որ էս հողը Հայաստանինն է, ընդհանուր ձեւով ասելու են՝ դելիմիտացիա, խաղաղության պայմանագիր, ու չեն ստորագրի։ Իրանց գնացքները կգնան Նախիջեւան, մենք չեմ կարծում, որ կարողանանք գնացք ուղարկել՝ տեսնենք, ժամանակը ցույց կտա։ Բայց դա մեզ առանձնապես որեւէ բան չի տալու՝ Թուրքիայի հետ առեւտուրն էական է, բայց դա այսօր էլ ունենք, էդ առեւտուրը կապ չունի այս երկաթգծի հետ, Ադրբեջանի հետ առեւտուր չունենք եւ չենք էլ կարող ունենալ՝ այնպես չէ, որ վաղը Հայաստանը կարող է Ադրբեջանից մեծ քանակությամբ նավթամթերք բերել, չնայած իշխանամերձ որոշ օլիգարխների երազանքն է դա այսօր։ Թուրքիայի հետ առեւտուրում կոմունիկացիայի բացումը կարող է մի 10-15 մլն դոլարի օգուտ տա, ընդհանուր առմամբ՝ մի 60-65 մլն դոլարի օգուտ Հայաստանի տնտեսության համար, բայց դա էլ հարաբերական է, որովհետեւ կկրճատվի Վրաստանի տարածքով փոխադրումները, իսկ թե ինչպիսին կլինի Վրաստանի ռեակցիան, կտեսնենք։ Եթե սկսեն վերականգնել երկաթուղու այդ հատվածը, 3 տարի կպահանջվի»,- նշեց Բագրատյանը։






ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Երեւան-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի՝ ՀՀ տարածքով անցնող 45 կիլոմետրանոց հատվածը վերականգնելու համար մոտ 200 մլն դոլար կպահանջվի։ Բարգատյանի կարծիքով՝ Հայաստանի պետական բյուջեն հնարավորություն կտա Մեղրիի տարածքով երկաթուղու այդ հատվածը վերականգնել, ուղղակի, օրինակ, թոշակները չեն բարձրացվի։



«Մյուս տարի պատրաստվում են մի քիչ բարձրացնեն թոշակներն, արդեն աղմուկ են դրել, բայց 2021թ․ թոշակառուները պարենամթերքի 10-15% թանկացման պայմաններում են ապրել, եթե դու եկող տարի 10% բարձրացնես թոշակները, էդ մարդիկ էլի 5%-ով վատ են ապրելու։ Եկամուտների աճ չկա, թեեւ խոստովանում են, որ աղքատությունը 26․4%-ից 27%-ի է հասել, թեեւ մինչեւ իշխանությանը գալը 23% էր»,- նկատեց նախկին վարչապետը։


add
loading...
.

от admin