Արցախի ՄԻՊ-ը Googl-ին հորդորել է զերծ մնալ Ադրբեջանի ցանկությամբ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց — ingablog

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը «Գուգլ» ընկերությանն հղած նամակում վերջինիս հորդորել է չտրվել ադրբեջանական սադրանքներին, անտեսել Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնազուրկ պահանջները և զերծ մնալ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց։

loading...



Նամակում, մասնավորապես, նշված է, որ Ադրբեջանի այդ ջանքերն ուղղված են Արցախի ժողովրդին հայրենիքից զրկելուն և հանդիսանում են Արցախի հայկական ինքնությունը մերժելու ադրբեջանական երկարամյա քաղաքականության հերթական դրսևորումը։ Գ. Ստեփանյանը հիշեցրել է, որ 2020 թվականի աշնանը Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, որն ուղղված էր Արցախի ողջ տարածքի բռնազավթմանն ու նրա ժողովրդի ոչնչացմանը, դարձել է ադրբեջանական հանցավոր քաղաքականության գագաթնակետը։





Նա ընդգծել է նաև, որ Արցախի նկատմամբ իր հավակնությունների կեղծ իրավաչափությունն ապահովելու համար Ադրբեջանը միտումնավոր ջնջում, ոչնչացնում և վերացնում է իր վերահսկողության տակ հայտված տարածքի յուրաքանչյուր սանտիմետրից հայերի և հայկական մշակույթի ու պատմության ցանկացած հետք։


«Քարտեզներից հայկական տեղանունները հանելու Ադրբեջանի պահանջների իրական դրդապատճառները հեշտությամբ կարելի է սահմանել. Արցախը (Լեռնային Ղարաբաղը) պարզապես տեղանուն չէ, այլ հայկական մշակույթի և պատմության ամբողջություն։ Արցախի հայկական տեղանունները տեղանքի հիշողություններ են, ինչպես նաև կենդանի հիշողություններ այն մարդկանց մասին, ովքեր այդ անունները տվել են այդ վայրերին։ Տեղանունները ծառայում են որպես տարածաշրջանային մշակույթի խորհրդանիշներ և այդպիսով արտացոլում են տվյալ վայրի պատմությունն ու միջավայրը: Քարտեզներից հայկական տեղանունները հանելու Ադրբեջանի պահանջը ոչ այլ ինչ է, քան քարտեզների վրա իր համար ցանկալի իրականություն ստեղծելու փորձ՝ նպատակ ունենալով նպաստելու իր հանցավոր քաղաքականությանը»,- նամակում նշել է Արցախի ՄԻՊ-ը:

Պաշտպանը ներկայացրել է նաև միջազգային իրավունքի կարգավորումները, որոնցով ամրագրված է ժողովուրդների՝ իրենց տեղանունները ազատորեն կիրառելու, պահպանելու և սերունդներին ժառանգելու իրավունքը։ Նշվում է, որ միջազգային իրավունքը տեղանուններն ու աշխարհագրական անվանումները չի համարում պետությունների սեփականություն, այլ համարում է ժողովուրդների ոչ նյութական ժառանգություն։ Ըստ Գ. Ստեփանյանի՝ հայկական տեղանունների հեռացումը միայն կխրախուսի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների կոպիտ խախտումները և կաջակցի ուժի անօրինական կիրառման արդյունքների օրինականացմանը։



Բարձր գնահատելով ընկերության մարդակենտրոն մոտեցումը, որն արտահայտվում է քարտեզներում հայկական տեղանունների կիրառմամբ՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը վստահություն է հայտնել, որ ընկերությունը կմերժի քարտեզները փոփոխելու և Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու Ադրբեջանի շարունակական փորձերը։

 

Сообщение Արցախի ՄԻՊ-ը Googl-ին հորդորել է զերծ մնալ Ադրբեջանի ցանկությամբ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց появились сначала на Myinfo.


add
loading...
.

от admin