Պուտինն ահաբեկիչների մասին․Իսկ Արցախի դեմ նրանք եղե՞լ են — ingablog

Ղազախստանում գործում էին միջազգային ահաբեկչական ճամբարներում մարզված ահաբեկիչներ, որոնք ունեն նաև տարբեր թեժ կետերում գործունեության փորձ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը, ՀԱՊԿ Վեհաժողովի ընթացքում անդրադառնալով ղազախական իրադարձություններին, ինչի համար էլ հենց նախաձեռնվել էր Վեհաժողովը: Պուտինը սակայն հերթական անգամ չի ասում, թե որտեղից են ահաբեկիչները կոնկրետ, ինչպես են նրանք հայտնվել այնտեղ, ո՞վ է ապահովել այդ «հայտնությունը», կամ ի՞նչ թեժ կետերում են եղել նրանք: Չի ասում կոնկրետ այնպես, ինչպես չէր ասվում Արցախի դեմ պատերազմի ժամանակ, երբ ՌԴ-ն արտաքին հետախուզական ծառայության պետի մակարդակով խոսում էր այդ մասին, հայտնում էր տեղեկացված լինելու վերաբերյալ, սակայն առանց մատնանշելու, որ այդ ահաբեկիչներին Արցախի դեմ նետել է Թուրքիան: Իսկ ինչպե՞ս պետք է դրանք հայտնվեին նաև Ղազախստանում: Եվ արդյո՞ք թեժ կետերի շարքում, որոնց մասին խոսում է ՌԴ նախագահը, եղել է նաև Արցախը, որի դեմ պատերազմին մասնակցել են ահաբեկիչները:






loading...


Կասկած չկա, որ Ռուսաստանն ինչպես տեղյակ էր Արցախի դեմ հայտնվելու մանրամասնություններից, նույն կերպ տեղյակ է նաև Ղազախստանում ահաբեկիչների հայտնվելու մանրամասներից: Իհարկե պետք չէ դիտարկումից դուրս թողնել տարբերակը, որ Պուտինը պարզապես դիմում է քարոզչական հայտնի հնարքի, որպեսզի այդպիսով արադարացնի Ղազախստան Ռուսաստանի դե ֆակտո ռազմական մուտքն ու քաղաքական գերիշխանության հաստատման «բլից-կրիգը»: Մյուս կողմից իհարկե բոլորովին բացառելի չէ, և ավելին՝ ամենևին նվազ հավանական սցաներ չէ այն, որ այդ երկրում իրապես հեղաշրջման փորձ էր կատարվում Էրդողանի թյուրքալեզու քաղաքական նախագծի տրամաբանությամբ, ինչը արագորեն փորձեց կասեցնել Ռուսաստանը:


Իրավիճակը անշուշտ բավականին բազմաշերտ ու բարդ է, սակայն հենց այդ համատեքստում էլ պետք է դիտարկել հնարավոր սցենար, երբ Ղազախստանի հարցում կարող է առաջանալ ռուս-թուրքական նոր համաձայնության հեռանկար: Մեծ հաշվով, այդ համաձայնությունները հասունանում են այնտեղ, որտեղ բախվում են երկուսի շահերը: Իսկ Ղազախստանում և թերևս կենտրոնասիական ռեգիոնում բախվել են անկասկած: Դրա մեկ այլ վկայություն է այն, որ Կիրգիզիայի նախագահ Ժափարովը չի մասնակցել ՀԱՊԿ Վեհաժողովին, տարօրինակ կերպով արձակուրդ վերցնելով մի շրջանում, երբ ռեգիոնում տեղի են ունենում այդպիսի զարգացումներ: Մինչդեռ հարկ է հիշատակել, որ դեռևս հունվարի 6-ին նրան էր զանգահարել Էրդողանը: Ոչ միայն նրան, իհարկե, այլ նաև ռեգիոնից Թյուրքալեզու պետությունների կազմակերպության մյուս անդամ Ուզբեկստանին էլ: Դե իսկ այդ կազմակերպության երկրորդ խոշոր միավոր Ղազախստանի հետ թուրքերը կարողացան պայմանավորվել հունվարի 11-ին թյուրքալեզու պետությունների արտգործնախարարների հավաք անցկացնելու մասին: Ընդ որում հետաքրքիր է, իսկ արդյո՞ք Անկարան փորձել է Վեհաժողով, սակայն ստացվել է միայն արտգործնախարարների մակարդակի հավաք:

 



Բոլոր դեպքերում անկասկած է, որ ռուս-թուրքական հարաբերությունը կենտրոնասիական ռեգիոնում մտնում է բավականին դինամիկ բարդացման փուլ, իսկ դա նշանակում է, որ գործնականում մեկնարկելու է նաև պայմանավորվելու որևէ պրոցես: Հարցն այն է, թե ինչ պայմաններով, կամ ու՞մ պայմաններով, ո՞վ է լինելու թելադրողը: Թուրքիան Ղազախստանում ուշացավ, բայց Էրդողանը փորձում է կամաց-կամաց հասնել: Ընդ որում, կարծես թե այդ գործին ներգրավվում են ռուսական մեդիա-փորձագիտական դաշտում գործող այն շրջանակները, որոնք Ռուսաստանի՝ Թուրքիայի հետ պայմանավորածության «ապոլոգետներն» են, որոնք սկսում են շրջանառել միտք, թե Ղազախստանում Պուտինն ու Էրդողանը կարող են գտնել պայմանավորվածության եզրեր:  Այդտեղ իհարկե միայն թուրք-ադրբեջանական վարձավճարների հարցը չէ: Այդ խնդրով մտահոգ են ռուսական տնտեսա-քաղաքական վերնախավի ազդեցիկ շրջանակներ, որոնց համար ամերիկա-ռուսական ինտենսիվ բանակցությունը անկասկած մտահոգիչ է: Որքան էլ պրոպագանդայի մակարդակով առկա է ավանդական «բրավադան», այդուհանդերձ նրանք ներքին իրողություններին ծանոթ լինելով պատկերացնում են, որ ամերիկա-ռուսական պայմանավորվածությունը կարող է ներառել ներռուսական ստատուս-քվոյին վերաբերող հարցեր: Ավելին, այդ հարցերին անդրադառնալու համար Պուտինին նույնիսկ կարող են տալ այսպես ասած արտաքին դաշտի որոշ ուղղություններում դիրքերն ամրացնելու վերահսկելի քարտ-բլանշ, հետո ներսի վերաբերյալ պարտավորություն-պայմանավորվածության անցնելու համար:

Сообщение Պուտինն ահաբեկիչների մասին․Իսկ Արցախի դեմ նրանք եղե՞լ են появились сначала на Myinfo.


add
loading...
.

от admin