Հայաստանն անհեթեթություն է համարում լուրերն այն մասին, որ 102-րդ ռազմաբազան դուրս է բերվելու Գյումրիից:
Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ չի բացառվում, որ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան այնտեղից դուրս բերվի:
«Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, այս պահին նոր սկսված խոսակցություն կա Հայաստանի ու Թուրքիայի միջև հատուկ ներկայացուցիչների միջոցով, խոսակցությունը նոր է սկսվել, զարգացումների մասին համապատասխան գերատեսչությունները կտեղեկացնեն», — այս մասին լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Նա նշեց, թե նման խոսակցությունների հիմքերի մասին տեղյակ չէ, նման խոսակցությունները այս պահին որևէ հիմնավորում չունեն:
«Հետևաբար, դրանք մեկնաբանության ենթակա չեն, նման խոսակցություն մեր իրականության մեջ գոյություն չունի», — ասաց Հովհաննիսյանը:
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ հիշեցրեց, որ ռազմաբազայի հետ պայմանագիրը մինչև 2049 թվականն է:
«Նման լուրեր տարածելն ուղղակի անհեթեթություն է», — ասաց Հովակիմյանը: