Զավեշտալի դեպք է գրանցվել Մեքսիկայում. կինը հեռացել է տղամարդուց, որը հանուն նրա սիրո իր երիկամը նվիրել է աղջկա մորը և փրկել նրա կյանքը։
Իր զավեշտալի և միաժամանակ ողբերգական պատմությունը մեքսիկացի ուսուցիչը ներկայացրել է TikTok-ում։ Յուզիլ Մարտինեսը պատմել է, որ վիրահատությունից մեկ ամիս չանցած սիրած աղջիկը մերժել է իր սերը։ Ավելին՝ շուտով ամուսնացել է այլ տղամարդու հետ։ Մարտինեսի պատմությունը վիրուսային է դարձել TikTok-ում։ Այն ավելի քան 14 մլն դիտում է հավաքել։
Օգտատերերից մեկը գրել է. «Մի տխրի՛ր։ Նա է կորցրել հրաշալի տղամարդու։ Շարունակիր առաջ շարժվել և կգտնես իդեալական կնոջ, որը կգնահատի քեզ»։
Մեկ այլ մեկնաբանության հեղինակ Մարտինեսին կոչ է արել չկրկնել նույն սխալը, բայց վերջինս կատակել է, որ այլևս նվիրաբերելու օրգան չունի։ «Մենք միայն երկու երիկամ ունենք և, հաշվի առնելով, որ մեկից արդեն զրկվել եմ, ապա երկրորդն ինձ կթողնեմ»,- նկատել է նա։
Մարտինեսը նաև նշել է, որ իր մոտ ամեն ինչ լավ է, ինքը չարացած չէ նախկին սիրեցյալի վրա։ Տղամարդը նշել է, որ, թեպետ մնացել է միայն մեկ երիկամով, բայց առողջությունից չի գանգատվում։
«Որևէ բան չունեմ նրա դեմ… Մենք ընկերներ չենք, բայց նաև չենք ատում իրար։ Ես ընդամենը տեսանյութ էի պատրաստել TikTok-ի համար։ Չէի կարծում, որ ամեն ինչ դուրս կգա վերահսկողությունից»,- մեկնաբանել է նա տեսանյութի նկատմամբ խելահեղ ուշադրությունը։
Ավելի վաղ Ֆլորիդա նահանգում բնակվող 56-ամյա ամերիկուհին երկար սպասված ամուսնությունից երկու օր անց իր երիկամը նվիրաբերել էր նոր ամուսնու նախկին կնոջը։ Նա նույնիսկ ցանկացել է հետաձգել հարսանյաց արարողությունը, սակայն ընկերները հարսնացուին հետ են պահել այդ մտքից, քանի որ զույգն արդեն 10 տարի փորձում էր ամուսնանալ, բայց տարբեր պատճառներով մի քանի անգամ հետաձգել էր հարսանիքը։