>

Հայաստանի կառավարությունը երաշխավորում է ներդրումների անձեռնմխելիությունը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով ԲՀԿ պատգամավորության թեկնածուներից Նաիրա Զոհրաբյանի այն դիտարկմանը, թե քվե տալով Ծառուկյանին՝ հանրությունը պետք է օգնի նրան շարունակել ներդրումները:

Փաշինյանը հայտարարել է, որ դա հին համակարգի մտածողությունն է, իսկ ներկայում բոլորովին այլ իրավիճակ է:

Հայաստանի ներքաղաքական գործընթացներում Գագիկ Ծառուկյանը ներկայում գործնականում մնացել է միակ խոշոր սեփականատերը, որն անմիջականորեն ներգրավված է քաղաքականության մեջ: Եվ քանի որ մնացյալը տարբեր պատճառներով կամ ստիպված են եղել, կամ հասկացել են քաղաքական պահի խորությունն ու հետ են քաշվել կամովին, Ծառուկյանը «հրապարակում» մնացել է մենակ, եւ նրա գործոնը դարձել է առավել ընդգծված:




Քոչարյանի զոհերը

Երբ Ծառուկյանը նախորդ համակարգում ներդրումների համար ակնկալում էր 50+1 տոկոս քվե, դա հնարավոր էր հասկանալ: Այդ համակարգում սեփականությունը երաշխավորվում էր իշխանությամբ, իշխանության մեջ բաժնեմասի տոկոսով:





Ներկայում չկա այդ երաշխիքի կարիքը, եւ խոշոր սեփականատիրոջ երաշխիքը դառնում է օրինական գործունեությունը, ըստ այդմ նա չունի տնտեսվարմանը զուգահեռ նաեւ քաղաքական բեռ վերցնելու պարտավորություն:

Ըստ այդմ, Գագիկ Ծառուկյանը կամ չի հավատում, որ Հայաստանում այլեւս երաշխավորը օրենքն ու Սահմանադրությունն են, կամ շարունակում է մնալ նախորդ համակարգի տրամաբանության, մտածողության շրջանակում, ինչը նշանակում է, որ Ծառուկյանը շարունակում է հայկական քաղաքականության համար լինել խորքային, համակարգային խնդիր:


Կամ էլ կան շրջանակներ, որոնք օգտագործում են Գագիկ Ծառուկյանի ապաքաղաքական մտածողության կրող լինելու հանգամանքը եւ նրան պահում քաղաքական դաշտում իրենց խնդիրները լուծելու համար: Մի անգամ դա արդեն իսկ Ծառուկյանին կանգնեցրել է «քաղաքական գնդակահարության» պատի առաջ:

Ընդ որում, այն ժամանակ մարդիկ, որոնք նրա ձեռքից բռնած կամ նրան ձեռքերի վրա բռնած տանում էին դեպի այդ պատը՝ համոզելով, որ նա է հայ ժողովրդի փրկիչը, հասնելով հենց պատին՝ ուղղակի ցած գցեցին Ծառուկյանին եւ փախան՝ բառի բուն եւ պատկերավոր իմաստով: Մինչ այդ նրանք էին Ծառուկյանին ներշնչել, որ հայկական ժողովրդավարության հայրն է, որ պետք է տիրություն անի ազգին ու պետությանը:

Հիմա այդ մարդկանցից շատերը դարձյալ «ժողովրդավարության դասախոսներ» են, ելույթներ ու գրառումներ են անում տարբեր հարթակներում: Առայժմ նրանք փրկիչ չեն որոնում, այլ միայն փորձում են ազգին համոզել, որ Նիկոլին փրկիչ չհամարեն՝ ուզում են այդպես համոզել այն ազգին ու ժողովրդին, որին իրենք տարիներ շարունակ համոզում էին, որ փրկիչը Ծառուկյանն է:



Հիմա իհարկե մեկ էլ փորձում են համոզել բոլորին, որ իրենք կապ չեն ունեցել Ծառուկյանի հետ: Բայց դա այլ խնդիր է:

Պարզապես, Ծառուկյանն ըստ երեւույթին պետք է ազատվի այն համոզումից, որ ինքը փրկիչ է եւ իր ներդրումներն էլ ոչ թե շահույթ ստանալու համար են, այլ ազգն ու պետությունը փրկելու: Ծառուկյանը դարձել է այդ մտքի պատանդ: Եթե որեւէ մեկը նրան հանգիստ ու անշահախնդիր բացատրի, որ ժամանակին իրեն ուղղակի մոլորեցրել են, եւ ինքը սովորական սեփականատեր է, նա այլեւս անձամբ ոչինչ չի փնտրի քաղաքականության մեջ, այլ հանգիստ խղճով շահույթ կփնտրի տնտեսության մեջ:

Մնացյալն արդեն պետք է անի պետությունը, ձեւավորելով այնպիսի մեխանիզմներ, որ Ծառուկյանն ու որեւէ մեկը այլեւս չմտածի քաղաքականության մեջ պաշտպանություն փնտրելու մասին, իսկ բիզնեսում էլ շահույթ փնտրելով, կամա, թե ակամա նոր հնարավորություններ ստեղծի հասարակության համար:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->