>

Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հետ

-Տիկի՛ն Զոհրաբյան, ի՞նչ կասեք քարոզարշավի ընթացքի մասին:

-Ես մոտ մեկ ամիս է` Սյունիքում եմ: Դասական քարոզարշավ եմ իրականացնում: Սիսիանի գրեթե բոլոր գյուղերում եղել եմ, մյուսներում կլինեմ ամսի 7-ին: Ինձնից բացի այստեղ առաջադրված որեւէ թեկնածու չեմ տեսել, որ գյուղեգյուղ ընկած քարոզարշավ իրականացնի: Սիսիանի տարածաշրջանում վիճակը ուղղակի զարհուրելի է, գործազրկության, աղքատության, արտագաղթի մակարդակով տարածաշրջանը ռեկորդակիր է: Մարդկանց ձեռքին կանխիկ գումար չկա, մարդիկ ապրում են վարկերով: Մասնավոր մի քանի օբյեկտներ կան ընդամենը, որտեղ էլ աշխատավարձը մինչեւ 30.000 դրամ է: Էլ չեմ խոսում միջհամայնքային ճանապարհների մասին. կարծես միջնադարից էս կողմ չի վերանորոգվել: Երբ այստեղից հետեւում եմ Երեւանյան քաղաքական կրքերին, քաղաքական բոքսին, տեսնում եմ, որ մարդկանց համար այնքան տհաճ է դա, որ տպավորություն է` իրենք ապրում են բացարձակ այլ իրականության մեջ: Մարդիկ ունեն կոնկրետ պրոբլեմներ, եւ իրենց ոչ թե պետք է քաղաքական ռինգ, այլ իրենց պետք են քաղաքական գործիչներ, որ կլուծեն իրենց կոնկրետ խնդիրները:




Քոչարյանի զոհերը

-Սյունիքում ո՞ւմ եք հիմնական մրցակից համարում:





-Պետք է անկեղծ ասեմ, որ ոչ ոքի: Ես սովորաբար համեստ մարդ եմ, բայց առաջին անգամ պիտի լինեմ անհամեստ եւ պիտի ասեմ, որ առաջադրված թեկնածուների մեջ որեւէ առումով մրցակից չունեմ: Կուզենայի, որ գոնե մեկ-երկուսը լինեին, ես իրենց հրավիրեի բանավեճի քննարկելու այս կամ այն համայնքի զարգացման ծրագիրը: Գյուղեր կան, որ ես մտա, եւ պարզ դարձավ, որ 20 տարվա մեջ մարդիկ էնտեղ առաջին անգամ են պատգամավորի թեկնածու տեսնում: Այստեղ թեկնածուները զբաղված են տարբեր գյուղապետերի վերբովկա անելով, եւ ոչ թե գնում են գյուղ ընտրողին ծրագիր ներկայացնելու, այլ զբաղված են իրենց կլանային, ներազգակցական կապերով, փորձում են քվեներ կորզել:

-Շատերը բողոքում են, որ պայքարը ծրագրային եւ գաղափարական չէ: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

-Համաձայն եմ դրա հետ: Ռեյտինգային պայքարը թույլ տվեց, որ պատգամավորության թեկնածու առաջադրվեն մարդիկ, որոնք քաղաքականության հետ կապ ունեն այնքան, ինչքան կատուները: Շատերը ադեկվատության հետ որեւէ աղերս չունեն, իրենց անուն-ազգանունը գրելուց կանեն տասը ուղղագրական սխալ եւ, ցավոք սրտի, այդ մարդիկ ունեն տեղական կապեր: Ես նաեւ տեսնում եմ, որ որոշ քաղաքական ուժեր պայքարը տեղափոխեցին սեւ ու սպիտակի դաշտ, ինչը բացարձակ անընդունելի է: Գոնե այս նոր իրականության մեջ մենք պետք է կարողանայինք ընտրողին չդարձնել քաղաքական ռինգի հանդիսատես: Այստեղ մարդկանց մոտ նողկանք է առաջացնում այս քաղաքական փոխհրաձգությունը: Մարդիկ ուզում են կոնկրետ լուծումներ: Դու չես կարող գալ այստեղ եւ խոսել քաղաքական մարտաբոյից: Իրենք ուզում են իմանալ` ո՞ր քաղաքական ուժն է լուծելու իրենց խնդիրները: Մեր քաղաքացին հոգնել է քաղաքական կրկեսից, խայտառակ առճակատումներից, վարկաբեկումներ լսելուց, որովհետեւ այդ ամենը ոչ մի հարց չեն լուծելու: Սա լուծելու է մեկ հարց, թե որ քաղաքական ուժը որ մեկին նակաուտ կանի: Ուստի մեր հստակ ռազմավարությունն է` չենք անդրադառնալու որեւէ քաղաքական ուժի: Որեւէ քաղաքական ուժ հետաքրքիր չէ, ամեն մեկը թող ներկայացնի իր ծրագիրը:


-Այս մարտավարությունը ավելի շահավե՞տ է ԲՀԿ-ի համար:

-Միանշանակ: Երբ դու գնում ես հանդիպման, ժողովուրդը չի ակնկալում, որ քեզնից պիտի լսի հայհոյանք այս կամ այն ուժի հասցեին: Երեւանյան հասարակության համար այս քաղաքական կրկեսը կարող է էկզոտիկ լինել, բայց այստեղ շատ սառը եւ սթափ մտածող մարդկանց համար, ովքեր ապրում են համայնքներում, որոնք գտնվում են Ադրբեջանի դիրքերից մեկուկես կիլոմետր այն կողմ, այս մարդիկ շատ ավելի սուր են զգում անվտանգության խնդիրը եւ նրանք շատ ավելի պահանջ ունեն ռեալ փոփոխությունների եւ ռեալ առաջարկների:



-Շատերի համար ընկալելի չէ, որ ԲՀԿ-ի քաղաքական դեմքը` Նաիրա Զոհրաբյանը, իր քարոզարշավը չի անցկացնում Երեւանում: Ինչո՞ւ այդպես որոշեցիք:

-Իմ ներկայությունը այստեղ ավելի կարեւոր է, որովհետեւ ես կարծում եմ` իմ գործընկերները շատ պատվով քարոզարշավ կանցկացնեն Երեւանում: 11 տարի եղել եմ պատգամավոր, որեւէ անգամ չեմ տեսել, որ Սյունիքից որեւէ պատգամավոր բարձրացնի այդ մարզի խնդիրները: Եւ պատահական չէ, որ ամեն բնակավայր գնալիս հիշում եմ Արշակ Սադոյանի այն խոսքը, որ Սյունիքից ընտրված պատգամավորները եղել են տապանաքարեր: Ուզեցի առաջադրվել հենց այս մարզից, որովհետեւ այն շատ ծանր մարզ է, սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող մարզ է: Սյունեցիները իսկապես արժանի են, որ ունենան պատգամավոր, որը իրենց խնդիրները կբարձրացնի խորհրդարանում եւ հետամուտ կլինի, որ դրանք քայլ առ քայլ լուծվեն: Այ որ իմ վճռականությանը, իմ համառությանը, իմ սկզբունքայնությանը պետք չէ կասկածել, էստեղ բոլորը դա գիտեն, եւ դա ինձ մեծապես ոգեւորում է:

Ըստ Ձեր կանխատեսման` ո՞ր ուժը կլինեք ԱԺ-ում:

-Ես հիմա դրա մասին չեմ մտածում: Այս պահին մտածում եմ, թե ինչպես լուծեմ Աշոտավան համայնքի գազաֆիկացման խնդիրը, մտածում եմ` ինչպես բանակցեմ Աշտարակ կաթի հետ, որ Աշտարակ կաթը վերջապես մարի մի բնակավայրի 8 միլիոն դրամ կաթի պարտքի խնդիրը, մտածում եմ` ինչպես լուծել Իշխանասար համայնքի մանկապարտեզի խնդիրը, Անգեղակոթ ռազմավարական ճանապարհի հարցը: ԲՀԿ-ն վստահության լուրջ քվե անենալու է, որովհետեւ այս քարոզարշավը ցույց տվեց, որ մենք շահեկանորեն տարբերվում ենք ուրիշ ուժերից, ովքեր ընտրապայքարը վերածեցին քաղաքական ձեռնամարտի, եւ միայն ԲՀԿ-ն է, որ կոնկրետ ներկայացնում է ռեալ ծրագիր մեր երկրում քաղաքական հեղափոխությունից տնտեսական հեղափոխական անցման անցնելու:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->