>

Այն, որ քարոզարշավն ընթանալու է «սպիտակների ու «սևերի» հակադրությամբ՝ կասկածից վեր էր թերևս այն բանից հետո, երբ ընտրական կամպանիային մասնակից դարձավ ՀՀԿ-ն՝ իր հավակնոտ, ըստ էության՝ պրովոկացիոն օրակարգով։ Թերևս զարմանալի էր, որ Արցախը դարձավ այն հիմնական թեման, որի շուրջ բախվեցին Նիկոլ Փաշինյանի թիմն ու հին համակարգի կողմնակիցները։

Երեկ ընտրական գործընթացում տեղի է ունեցել կտրուկ շրջադարձ, որն արմատապես կարող է փոխել ոչ միայն այդ գործընթացի, այլ նաև՝ Հայաստանի առաջիկա ամիսների, նույնիսկ տարիների ներքաղաքական զարգացումների տրամաբանությունը։

Հայաստանի կառավարության առաջին երկու դեմքերը գրեթե զուգահեռ հայտարարություններ են հնչեցրել, որոնց անխուսափելիորեն հետևելու են քաղաքական, գուցե նաև իրավական հետևանքներ։

Հայաստանում երբեք չի եղել Արցախի հարցում առավել պրոհայկական դիրքորոշում ունեցող կառավարություն, քան այսօր կա. Գորիսի նախընտրական հանրահավաքի ժամանակ երեկ երեկոյան հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի առաջին համար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:




Քոչարյանի զոհերը

Նա նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը բաց է աշխատում և այս հարցում, ըստ էության մութ անկյուն չկա, ՀՀ-ում կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր օրումեջ ասում են, որ հեղափոխությունը դավադրություն է Արցախի դեմ և մեր կառավարությունը դավադրություն է պատրաստում Արցախի դեմ:


«Երբ մարդիկ սուտ հայտարարություններ են անում՝ իրենք էլ իմանալով, որ սուտ հայտարարություն է, երբ մարդիկ սուտ հայտարարություններ են անում, որ ՀՀ-ն զենք չի գնում, ես մտածում եմ՝ էս մարդիկ էս հայտարարություններն ինչի՞ են անում: Անկեղծ ասած՝ որևէ տրամաբանական բացատրություն չեմ գտնում, բացի նրանից, որ որոշ քաղաքական ուժեր հասկացել են, որ այս ընտրությունները լինելու են իրենց մահվան արձանագրումը: Այդ մարդիկ, իրենց քաղաքական մոտալուտ մահը արձանագրելով, որոշել են քաղաքական սադրիչ հայտարարություններով, դավադիր պատերազմի հրձիգ դառնալ՝ հույս ունենալով, որ կկարողանան հրահրել դավադիր պատերազմ և այդ համատեքստում լուծել իրենց նեղ խմբային և անձնային շահերը: Սա շատ լուրջ վարկած է, որովհետև ես իրոք այլ բացատրություն չեմ կարողանում գտնել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ վարկածի ստուգմամբ և այդ հայտարարություններով այլևս պետք է զբաղվեն ԱԱԾ-ն և ռազմական հակահետախուզությունը:





«Որոշ մարդիկ վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն և ես չեմ վախենում այս հայտարարությունն անել: Այսօրվա կառավարությունը և ՀՀ ժողովուրդը ունեն բավարար լծակներ, որպեսզի արմատախիլ անեն մեր ԶՈՒ թիկունքում քայքայիչ գործողություններ անելու փորձեր անող որոշ ուժերի»,-ասել է նա:

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ եթե որևէ մեկը ժողովրդական հեղափոխությունը, այսինքն՝ ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը կփորձի կասկածել որևէ հակազգային կամ հակապետական դավադրության մեջ, իրենք իրավունք կվերապահեն այդ մարդկանց կասկածել առնվազն օտարերկրյա ազդեցության գործակալներ լինելու մեջ:

Գրեթե զուգահեռաբար՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը «Ազատության» ուղիղ եթերում տեղի ունեցած բանավեճի ժամանակ ՀՀԿ-ին անվանել է հանցագործների բանդա։

Նման կտրուկ հայտարարություններ, հասցեական քննադատություն ՀՀԿ-ի հասցեին չի հնչել անգամ թավշյա հեղափոխության ամենաթեժ օրերին։ Ակնհայտ է նաև, որ Փաշինյանի ու Միրզոյանի հայտարարությունները փոխկապակցված են ու դժավար չէ դրանց միջև ընդհանուր կապ, փոխկապակցվածություն գտնելը։


Ինչո՞վ է պայմանավորված «Իմ քայլը» դաշինքի առաջնորդների նման կտրուկ հռետորաբանությունը, արդյո՞ք նրանք տեղեկատվություն ունեն, որ նախկին համակարգի ներակայացուցիչներն իրապես զբաղված են հակապետական գործունեությամբ ու հրահրում են պատերազմ, թե՞ կտրուկ հայտարարությունների պատճառը պետք է փնտրել ներքաղաքական դաշտում և առկա է, այսպես կոչված, հակահեղափոխության ռիսկ, ու իշխանություններն իրավա-քաղաքական հող են նախապատրաստում տոտալ հարձակման համար։ Իսկապե՞ս նախկին համակարգի ներկայացուցիչները տվել են հակապետական գործունեության առիթ, թե՞ Նիկոլ Փաշինյանի թիմն՝ այլ ելք չունենալով, դիմում է վճռական գործողությունների, որովհետև ԼՂ հարցում իրապես սպասվում են անցանկալի իրադարձություններ։

Գլոբալ իմաստով՝ հարցն այն է, թե արդյոք հեղափոխոխությո՞ւնն է գնում վաբանկ, թե՞ հակահեղափոխությունը։

Այն, որ ՀՀԿ 3-րդ համար Դավիթ Շահնազարյանի կտրուկ հայտարարություններն, որոնք Փաշինյանի կառավարությունն ավելի մեծ սպառնալիք համարեցին Արցախի համար, քան՝ Ադրբեջանին, բերելու էր հետևանքների՝ ակնհայտ էր։ Ընդ որում՝ Շահնազարյանին սկսեցին ձայնակցել նաև ՀՀԿ, նույնիսկ ՀՅԴ այլ գործիչներ, այդ տրամադրությունները թափանցեցին անգամ ԼՂՀ իշխանության որոշակի շրջանակներ։

Շահնազարյանը պարտավոր է հիմնավորել իր այս ու մի քանի այլ հայտարարություններ, հակառակ պարագայում՝ իրապես գործ ունենք սադրանքի հետ, որը պայթունավտանգ հետևանքներ կարող է ունենալ ոչ այնքան ներքաղաքական հարցում, որքան՝ Արցախի խնդրում։
Խնդիրն այլևս ներքաղաքական դաշտում չէ, կամ գոնե՝ դուրս է միայն այդ հարթությունից, ու պատահական չէ, որ Փաշինյանը հին համակարգի հետ կապված շրջանակներին մեղադրում է, ըստ էության՝ պետական դավաճանության մեջ ու վստահ է, որ նրանց գործողություններին գնահատական տվողն արդեն ոչ միայն հասարակությունն է, այլ նաև ու գուցե առաջին հերթին՝ ԱԱԾ-ն։ Արարատ Միրզոյանը սրան փոխլրացրել է՝ ՀՀԿ-ն համարելով հանցագործների բանդա։

Ակնհայտ է, որ պետական դավաճանության մեջ մեղադրվող բանդան ոչ միայն տեղ չունի ընտրական գործընթացում, այլ նաև՝ քաղաքական կյանքում ու նման հայտարարություններից հետո պետք է մեկնարկի ՀՀԿ-ն արգելելու, կոնկրետ մարդկանց ազատությունից զրկելու գործընթացը։



Արդյո՞ք իշխանության առաջին դեմքերն ունեն կոնկրետ ինֆորմացիա, թե՞ նրանց հայտարարությունները նույնքան զգայական ու քաղաքական են, որքան՝ օրինակ, Դավիթ Շահնազարյանի ասածները։

Առաջիկա օրերին, նույնիսկ ժամերին իրադարձությունները կարող են սրընթաց զարգացում ունենալ՝ տալով այս հարցերի պատասխանները, մանավանդ, որ վաբանկ է գնում նաև ՀՀԿ-ն․ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ մտադիր են դատի տալ Արարատ Միրզոյանին։

ՀՀԿ գործիչների, նաև՝ ԼՂՀ որոշ պաշտոնյաների հայտարարություններն իրոք սադրիչ էին, սակայն արդյո՞ք այդքանը բավարար էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը հանդես գան կտրուկ իրավա-քաղաքական հայտարարություններով։ Դրանք ոչ միայն զրոյացնում են ՀՀԿ-ի՝ խորհրդարանում հայտնվելու՝ առանց այն էլ, նվազագույն շանսերը, այլ ենթադրում են, որ այդ կուսակցությունը պետք է հայտարարվի օրենքից դուրս, իսկ նախկին համակարգը ներկայացնող մի շարք գործիչներ, այդ թվում՝ Արցախից, պետք է հայտնվեն ճաղերի հետևում՝ որպես հանցագործներ, որոնց կարող է առաջադրվել նաև պետական դավաճանության մեղադրանք։

Ընդ որում՝ իրավիճակը չափաազանց նուրբ է ու բարդ։ Եթե Փաշինյանն ու Միրզոյանը նման լուրջ հայտարարություններ անում են միայն ընտրական տրամաբանության համատեքստում, ապա գործ ունենք ավտորիտար նոր ռեժիմ հաստատելու մտադրության հետ, որը պատրաստվում է հաշվեհարդար տեսնել ցանկացած ընդդիմախոսության հետ՝ ներքին ու արտաքին որոշակի օրակարգ իրականացնելու համար։

Սա մոտավորապես այն մեղադրանքն է, որը կարող է հնչեցվել ՀՀԿ-ի կողմից, սակայն դրա համար չկան քաղաքական հիմքեր, որովհետև Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այս պահին այնքան բարձր է, որ նա հազիվ թե՝ նման ոչ ստադարտ քայլերի գնար մի գործընթացում, որտեղ չունի իրական մրցակիցներ, հատկապես՝ ՀՀԿ-ի դեմքով։

Մյուս կողմից՝ ինչքանո՞վ է արդարացված իշխանության առաջին դեմքերի կողմից նման կտրուկ հայտարարությունների հնչեցումը, քանի դեռ չկան ԱԱԾ բացահայտումներ կամ դատարանի վճիռներ, մի խոսքով՝ իրավական ամրապնդում ունեցող հիմնավորումներ։

Ամենևին չենք ուզում կասկածի տակ դնել Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի հայտարարությունների օբյեկտիվությունը, սակայն կարծում ենք՝ դրանք կարող են ընդդիմախոսությունը լռեցնելու փորձ համարվել, եթե առաջիկա օրերին չբերվեն կոնկրետ ապացույցներ, իրավական հիմքեր։ Երբ կտրուկ հայտարարություններ են հնչում պաշտոնյաների շուրթերից, ապա դրանք ունենում են ոչ միայն քաղաքական, այլև՝ իրավական հետևանքներ։ Բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ խորհրդարանական ընտրությունների եզրափակիչ փուլը կարող է դրամատիկ ավարտ ունենալ՝ բացահայտելով հեղափոխության թիմի ու հին համակարգի վերջին օրերի հակադրության ու դրանում Արցախի խնդրի ակտիվ արծարծման իրական պատճառները:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->