>

Hraparak.am-ը  գրում է.

Նոր Նորքի նորանշանակ թաղապետ Հայկ Մհրյանը մեկ ամիս է՝ թաղապետարանում դեսպոտական խաղեր է տալիս։ Նրան մեկ ամիս առաջ քաղաքապետ Հայկ Մարությանն է «գործուղել» Նորքի բարձունք՝ «սևերին հսկելու համար»։

Նախկին ոստիկանը, որը 2008 թվականին՝ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, նշանակվել էր ՀՀ ոստիկանության ակադեմիայի ծառայության բաժնի պետի տեղակալ, իսկ հետո՝ ակադեմիայի պետի տեղակալ, չի հարմարվել նոր կարգավիճակին ու հաճախ շփոթում է աշխատավայրերը։




Քոչարյանի զոհերը

Թաղապետարանի մեր աղբյուրները մտահոգված են՝ համայնքային խնդիրները թողած՝ քննչական գործառույթ է իրականացնում նախկին ոստիկանը։ Սիրելի զբաղմունքն էլ տեսախցիկներով աշխատողներին հետևելն ու դրանցով վերջիններիս «ճնշելն» է։





Ստեղծված իրավիճակում աշխատակիցները պղտոր ջրում փորձում են ձուկ որսալ կամ էլ այդ ջրից գոնե չոր դուրս գալ։ Միմյանց դեմ դավեր են նյութում ու հայտնվում «ռևիզորի» կաբինետում, որտեղից, ասում են, հաճախ է հնչում «Հայկ Մարությանն է ասել» արտահայտությունը։

Նորանշանակ թաղապետը «կադրային բագաժով» չի եկել պաշտոնին, դրա համար էլ շրջապատված է ուլիխանյանական կադրերով (Արմեն Ուլիխանյանը նախկին թաղապետն է), որոնց համար երբեմնի անհոգ աշխատավայրը վերածվել է «քաոսի»։

Մամուլում այս մասին հրապարակումներ կան, որտեղ նշված է, թե Մհրյանը վերջերս ստիպել է հրաժարականի դիմում գրել իր տեղակալին, որին անձամբ ինքն է առաջարկել ու նշանակել այդ պաշտոնում։ Խոսքը Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի ավելի քան 15 տարվա տնօրեն, մինչեւ վերջերս ՀՀԿ կուսակցության անդամ, Կարեն Կարապետյանի ազգական Ալվինա Հարությունյանի մասին է, որը նաեւ տեղի ՀՀԿ կանանց կառույցի ղեկավարն է եղել։ Ի դեպ, տիկին Ալվինան նաև ռեփեր Միշոյի մայրն է։


Հարությունյանին տեղակալ աշխատելու առաջարկը արվել է Մհրյանի կողմից։ Թաղապետը տիկնոջը հանդիսավորությամբ ներկայացրել է նաեւ կոլեկտիվին, սակայն երկու շաբաթ անց լրատվականներից մեկի հրապարակումից հետո, թե Ալվինա Հարությունյանը ՀՀԿ-ական է, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ազգակցական կապեր ունի, որ Մշակույթի կենտրոնի տնօրեն է նշանակվել վերջինիս շնորհիվ եւ այլն, թաղապետը հետողորմեա է արել եւ խնդրել իր տեղակալին հրաժարականի դիմում գրել։

Ալվինա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց՝ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նոյեմբերի 20–ին՝ վերադառնալով Մշակույթի կենտրոն։

Անդրադառնալով հարցին, թե թաղապե՞տն է ստիպել ազատման դիմում գրել, Հարությունյանը նախ ծիծաղեց, ապա բացասական պատասխան տվեց. «Ես ինքս որոշեցի գալ Մշակույթի կենտրոն, ես զրոյից ստեղծել եմ այդ կենտրոնը, երբ համաձայնեցի, որ տեղակալի պաշտոն ունենամ, միտքն այն էր, որ դա լինի ժամանակավոր։ Կարճ ժամանակահատվածում ես հասկացա, որ ճիշտը ետ գալն ա։ Ինքը ինձ չի ասել՝ դիմում գրի։ Իրար հետ խոսելուց հասկացանք, որ ճիշտը իմ դուրս գալն է։ Արդեն 25 տարի է՝ ես աշխատում եմ, գիտեք՝ ինքը 6–րդ թաղապետն է, ում հետ ես աշխատում եմ։ Ամեն մեկի հետ աշխատել եմ։ Նույն թաղապետարանի աշխատակիցները, որոնք իմ հետ շատ մոտ են, մեկը ասում ա՝ լսել եմ քեզ հանել են, մեկն ասում ա՝ խի՞ ես գնացել»։



Հարությունյանը 1 ամիս առաջ է լքել հարազատ կուսակցությունը. «Լուրջ պատճառ չի եղել, ինձ ոչ մի կուսակցության մեջ չեմ տեսնում։ Ես Կարեն Կարապետյանի հետ, այո, ազգակցական կապեր ունեմ։ Ես եսիմ ինչ պաշտոն էլ չունեմ»։

Հարցի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաև թաղապետ Հայկ Մհրյանից, որը մեզ հետ զրույցում նախ հերքեց՝ թաղապետարանում լարված մթնոլորտ չկա, ապա ավելացրեց․ «Ես աշխատում եմ հետևյալ սկզբունքով․ կարգապահություն, օրենքի տառի պահպանում և պահանջում եմ օրենքի տառին համապատասխան։ Եթե բողոքում են, ուրեմն նախկին «բարեկեցիկ պայմաններով» աշխատողներն են»։

Աշխատակիցները բողոքում են Ձեր աշխատաոճից, նշում՝ դեսպոտական մեթոդներ եք կիրառում, նշեց․ «Ես 3 էպիզոդով դիմել եմ իրավապահ մարմիններին։ Մնացածի մասին հետո կտեղեկանաք, այլ մանրամասներ չեմ կարող ասել»։

Ինչ վերաբերում է Ալվինա Հարությունյանի՝ աշխատանիքց ազատմանը, թաղապետը նշեց՝ որոշումը կայացրել է տիկին Ալվինան։

Նյութի աղբյուր՝ hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->