>

Նախընտրական քարոզչության վերջին օրը իրավական հարթության վրա հանրությանը մատուցվեց երկու նորություն, որոնք սակայն անխուսափելի ազդեցություն կթողնեն նաեւ քաղաքական առումով, հատկապես արտահերթ ընտրության քվեարկությունից երկու օր առաջ:

Վերաքննիչ դատարանը Վճռաբեկի որոշումից հետո վերստին քննելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, որոշել է, որ նրան կալանավորելու Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը պետք է մնա ուժի մեջ, այսինքն երկրորդ նախագահը պետք է կալանավորվի:




Քոչարյանի զոհերը

Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ հայտնաբերվել է նաեւ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, որը Պրահայում թաքնվել է Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալես անվան ներքո եւ հայտնաբերման պահին ցույց է տվել Գվատեմալայի կեղծ անձնագիր:





Այժմ դատախազությունը պետք է քննարկի չեխական կողմի հետ նրա արտահանձնման հարցը:

Երկու այդ տեղեկությունն առնչվում էր իշխող նախկին համակարգի առանցքային ներկայացուցիչների, եւ այդ հանգամանքը մեծ հավանականությամբ իր ազդեցությունն է թողնելու հանրային տրամադրությունների վրա, մասնավորապես նոր իշխանության հանդեպ վստահության մասով, հաշվի առնելով նախկին իշխանության հանդեպ ավելի կոշտ քայլերի հանրային շոշափելի պահանջի առկայությունը:


Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կարող է ապահովել ավելի բարձր ցուցանիշ: Իհարկե, առանց նորությունների էլ գործնականում չկար կասկած, որ նրա գլխավորած ուժը հաղթողի միակ հավակնորդն է, բայց այս դեպքում բարձրանում է ավելի մեծ ցուցանիշի հավանականությունը: Ի դեպ, այդ հանգամանքն էլ հետաքրքիր է տարբեր շրջանակներից արվող այն գնահատականների ֆոնին, թե Նիկոլ Փաշինյանը միտումնավոր որոշակի ոչ պոպուլյար քայլեր է կատարում, շատ մեծ ցուցանիշ չարձանագրելու համար:

Ակնառու է, որ Փաշինյանը ձգտում է հնարավորինս մեծ ցուցանիշի, եւ դա ցույց տվեց նաեւ նախընտրական արշավի նրա մարտավարությունը: Միաժամանակ, Փաշինյանը այդպիսի կոչով ուղիղ դիմեց հանրությանը երկու օր առաջ՝ դեկտեմբերի 5-ի մեծ բանավեճից առաջ ունեցած ֆեյսբուքյան եթերով, երբ տարածվեց հայտնի գաղտնալսման երկրորդ մասը: Նիկոլ Փաշինյանը հանրությանը կոչ արեց ապահովել հեղափոխության տպավորիչ ու վստահ հաղթանակ:

Թեեւ Սահմանադրությունը նախատեսում է, որ խորհրդարանի 1/3-ը պետք է լինի այսպես ասած ընդդիմություն, այդուհանդերձ Փաշինյանի համար քաղաքական կապիտալի տեսանկյունից կարեւոր է ունենալ բարձր ցուցանիշ, վստահություն: Այստեղ խնդիրը թերեւս հենց այն է, որ դե յուրե ամբողջական իշխանափոխությունից հետո Փաշինյանը պետք է նոր միջավայրում ձեռնամուխ լինի կառավարման բարդ խնդիրների լուծման, այդ թվում նաեւ նախկին համակարգի հետ պետության եւ հանրության այսպես ասած «պարտքուպահանջային» հարցերը լուծելուն: Իսկ այստեղ խորհրդարանում դե յուրե հարաբերակցությունից բացի, շատ կարեւոր է հնարավորինս մեծ աջակցության պահպանումը:



Առանց  «պարտքուպահանջային» հարցերը կարգավորելու կարող են լինել բավական բարդ համակարգային խնդիրներ: Բանն այն է, որ վերադարձվում է հանրությունից խլված իշխանությունը, բայց ոչ կապիտալը, ռեսուրսները, ունեցվածքը: Այստեղ անշուշտ շատ կարեւոր է, թե ինչ մեթոդաբանությամբ է գողոնը վերադարձվում, սակայն առանց դրա հասարակությունը ստանալով դե յուրե իշխանություն, դե ֆակտո չի կարող այն իրացնել արդյունավետ, որովհետեւ չկա կապիտալի համարժեք բաշխվածություն եւ կապիտալն իր ահռելի մասով գտնվելու է նախկին համակարգի ձեռքում:

Նախընտրական վերջին օրը ստացված երկու հատկանշական նորություն թերեւս վկայում են, որ այդ փուլից առաջ Փաշինյանը կարծես թե պատրաստվում է հանրությանն առաջնորդել, կամ հանրային մեծ վստահությամբ առաջնորդվել ավելի կոշտ փուլ, քանի որ մեղմ եւ սահուն, կամ այսպես ասած սիրո ու հանդուրժողության ռեժիմում անցման մեխանիզմը նախկին համակարգի կարծես թե չընդունեց:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->