>

Բելառուսի նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, որ ՀԱՊԿ շրջանակում կա պայմանավորվածություն, որ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչեւ տարեվերջ: Խոսնակն ասել է, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում ԵՏՄ Վեհաժողովի շրջանակում այդ հարցն այնքան բուռն է քննարկվել, որ բոլոր մասնակիցները հետո հարկ են համարել միմյանցից ներողություն խնդրել:

Բելառուսի նախագահի խոսնակը կամա թե ակամա խոստովանել է, որ իր ղեկավարը խաբել է հանրությանը, երբ Սանկտ-Պետերբուրգի ԵՏՄ Վեհաժողովից հետո հայտարարել է, որ Գլխավոր քարտուղարի հարցը լուծվել է եւ այն կլինի Բելառուսի ներկայացուցիչը:

Այլապես ինչպես հասկանալ, որ խոսնակն էլ ասում է, թե պայմանավորվածություն կա հարցը լուծել մինչեւ տարեվերջ: Խոսնակն ըստ երեւույթին որոշել է այդպես հարթել անհարմար իրավիճակը, որում հայտնվեց Լուկաշենկոն, երբ Հայաստանի վարչապետի խոսնակի հայտարարությունից հետո նույնը հաստատեց նաեւ Պուտինի խոսնակ Պեսկովը:




Քոչարյանի զոհերը

Բանն այն է, որ Արման Եղոյանը հայտարարել էր, թե Սանկտ-Պետերբուրգում ՀԱՊԿ ԳՔ հարցը լուծելու մասին Լուկաշենկոյի հայտարարությունն իրականություն չէ: Ըստ Եղոյանի, որեւէ այդպիսի հարց չէր լուծվել եւ Հայաստանի դիրքորոշումն էլ այդ առումով անփոփոխ է:





Մի քանի ժամ անց Դմիտրի Պեսկովն էր հայտարարել, որ այդպիսի հարց չի լուծվել, եւ խնդիրն ընդամենը բարձրացրել է Բելառուսի նախագահը, ինչպես ցանկացած նախագահ ազատ է բարձրացնել իրեն հուզող խնդիրներ:

Մինսկի համար թերեւս բարդ էր հակաճառել Պեսկովին, կամ Պուտինին, եւ Լուկաշենկոյի խոսնակին թերեւս մնում է հարթել իրավիճակը հայտարարությամբ, որ պայմանավորվել են ՀԱՊԿ ԳՔ հարցը լուծել մինչեւ տարեվերջ: Չի բացառվում, որ առաջիկա օրերին պարզվի նաեւ այդպիսի պայմանավորվածության բացակայությունը: Համենայն դեպս, եթե Երեւանի դիրքորոշումն անփոփոխ է, ինչպես հայտարարել էր վարչապետ Փաշինյանի խոսնակը, ապա մինչեւ տարեվերջ հարցը կամ պետք է լուծվի Հայաստանի ներկայացուցչի նշանակումով, կամ Բելառուսի ներկայացուցիչ չպետք է նշանակվի, այսինքն հարցը չպետք է լուծվի, կամ լուծվելու դեպքում էլ Բելառուսն ու ՀԱՊԿ-ը պետք է վճարեն Հայաստանի համաձայնության շոշափելի գին, որը կլինի ակնառու եւ կունենա քաղաքական ծանրակշիռ նշանակություն:

Առայժմ տպավորություն է՝ Բելառուսի նախագահի խոսնակի հայտարարությունից, որ այդտեղ ոչ միայն Լուկաշենկոյին անհարմար դրությունից դուրս բերելու, այլ նաեւ Ալիեւի առաջ արդարանալու ջանք կա: Հատկապես այն մասում, երբ նա խոսում է շատ բուռն քննարկումների մասին, այնքան բուռն, որ ըստ նրա հետո բոլորը բոլորից ներողություն են խնդրել:


Լուկաշենկոն օրեր առաջ Մինսկում ընդունելով Ադրբեջանի նախագահին, ըստ ամենայնի նրան խոստացել էր Սանկտ-Պետերբուրգում «նեղել» Փաշինյանին: Ընդ որում, այդ համատեքստում հետաքրքիր է, որ Պուտինն էլ առաջարկել էր Փաշինյանին հետաձգել ՀԱՊԿ Վեհաժողովը, այդպիսով անակնկալի բերելով Լուկաշենկոյին: Հատկանշական է, որ ԵՏՄ Վեհաժողովում նա այդուհանդերձ բարձրացրել է հարցը, քանի որ խոստացել էր Ալիեւին: Ընդ որում, այստեղ իհարկե խնդիրը միայն Հայաստանը չէ, ու դա ակնառու է: Այստեղ ակնհայտորեն թիրախավորված է նաեւ Պուտինը, եւ գուցե հենց նա է գլխավոր թիրախը: Պարզապես, ինչպես միշտ, նրան թիրախավորում են ոչ թե ուղիղ՝ դրա համար չկա բավարար համարձակություն, այլ Հայաստանի միջոցով՝ թիրախավորելով Հայաստանի շահը:

Այժմ  Երեւանը որոշել է թույլ չտալ դա եւ անցնել ՀԱՊԿ-ում իր շահի ակտիվ պաշտպանության: Դա պայմանավորված է թերեւս նրանով, որ նախկին համակարգում արտաքին քաղաքականությունն ավելի շատ դրա առաջատարների անձնական հարցերը լուծելու միջոց էր, իսկ պետականը՝ որքանով համահունչ կլիներ անձնականին: Իսկ այդ դեպքում գերադասելի ոճ է լռությունը, անձնական հարցերը այդ մասշտաբներում լռություն են սիրում:

Նոր իշխանության դեպքում խնդիրներն ու շահերի առաջնահերթությունն ակնհայտորեն այլ է, ու այլ է նաեւ լեգիտիմության բազան: Դա թույլ է տալիս դնել Հայաստանի պետական անվտանգությանն առնչվող հարցադրումներ եւ ՀԱՊԿ ռազմա-քաղաքական բնույթի խնդիրներ:



Ընդ որում, այստեղ հատկանշական է այն, որ Ադրբեջանն այդ խնդիրը նշմարում էր դեռեւս ամռանը, երբ նրբորեն փորձեց մեջ գցել ՀԱՊԿ անդամակցության թեման, ձգտելով «գայթակղել» Ռուսաստանին: Մոսկվան չգայթակղվեց, անկասկած լավ պատկերացնելով, որ Ադրբեջանը ամենեւին չի ձգտի դառնալ ՀԱՊԿ դե յուրե անդամ: Եվ պատճառն այն չէ, որ Բաքուն այդպիսով լուրջ սահմանափակում կունենա Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի հետ ռազմա-քաղաքական գործակցության առումով:

Բանն այն է, որ Բաքուն արդեն երկար տարիներ ՀԱՊԿ անդամ է, պարզապես ոչ թե դե յուրե, այլ դե ֆակտո անդամ: Համենայն դեպս ՀԱՊԿ շրջանակում դե յուրե ոչ անդամ Ադրբեջանի քաղաքական կամ ռազմա-քաղաքական շահն ավելի է արտահայտված եղել, քան դե յուրե անդամ Հայաստանի շահը: Եվ արտահայտողները եղել են թե Ռուսաստանը, թե Բելառուսն ու Ղազախստանը: Ապրիլյան քառօրյայի ընթացքում Մոսկվան հասկացավ այդ քաղաքականության լրջագույն խնդիրներն ու միացրեց որոշակի արգելակներ իր համար:

Բելառուսն ու Ղազախստանը այդ խնդիրը չունեն: Ավելին, նրանք փորձում են օղակել Ռուսաստանը, այդ թվում գործակցելով Ադրբեջանի հետ: Դա միայն այսբերգի երեւացող մասն է, որովհետեւ այդ օղակմանը դե ֆակտո միանում են նաեւ մի շարք այլ երկրներ, որոնք Ադրբեջանի հետ ռազմա-քաղաքական սերտ գործակցության մեջ են:

Ահա այդ իրավիճակում խնդիրները փոխվում են, եւ ներկայում առկա է Ադրբեջանը ՀԱՊԿ-ից դե ֆակտո դուրս բերելու հարցը, ինչով զբաղված է Հայաստանը, այդ հարցում ունենալով Պուտինի նկատելի աջակցությունը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանն անկասկած ունի իր այլ հաշվարկներ, որոնք չեն բացառում ընթացքում շահերի հնարավոր տարբերակվածությունը: Այստեղ է նաեւ, որ կարեւոր է Հայաստանի նոր իշխանության լեգիտիմության խնդիրը, որպեսզի Երեւանն այդ իրավիճակներում կարողանա Մոսկվային հետ պահել Հայաստանն օգտագործելու հնարավորությունից եւ ընդհանրապես ներկայիս իրավիճակի բնույթը պահել հայ-ռուսական գործընկերային շրջանակում, ոչ թե գործիքային:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->