>

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համակիրները հայտարարել են դեկտեմբերի 11-ից հանրահավաքների եւ պիկետների շարժում սկսելու մասին, որի նպատակը Քոչարյանին կալանքից ազատելուն հասնելն է: Նրանք հայտարարել են, որ շարժումը սկսում են 11-ին, որովհետեւ դեկտեմբերի 9-ին արտահերթ ընտրություն է, 10-ին ձայների հաշվարկ եւ ամփոփում, ըստ այդմ որոշել են սկսել 11-ից:

Արտահերթ ընտրության հանգամանքին հղում անելը հատկանշական պահ է: Դեկտեմբերի 9-ի ընտրությունն արձանագրեց, որ ՀՀԿ-ն չի անցնում խորհրդարան: Դա փաստացի ՀՀԿ «դարաշրջանի» ավարտի արձանագրումն էր: Ռոբերտ Քոչարյանն ըստ երեւույթին սպասում էր դրան, սպասում է գործնականում 2000 թվականից հետո, երբ Անդրանիկ Մարգարյանին տալով վարչապետի պաշտոնը, Քոչարյանը սկսեց ՀՀԿ-ն իշխանությունից հեռացնելու գործը:




Քոչարյանի զոհերը

Հաջորդ քայլը կոալիցիայի ձեւավորումն էր՝ ՀՅԴ, ՕԵԿ, ՀՀԿ, երբ Հանրապետականը չստացավ բացարձակ մեծամասնություն: Մյուս քայլով արդեն ստեղծելով ԲՀԿ նախագիծը, Ռոբերտ Քոչարյանը ծրագրում էր ընդհանրապես փոխել ստատուս-քվոն եւ ՀՀԿ-ն դարձնել երկրորդ ուժ, խորհրդարանի մեծամասնություն դարձնելով ԲՀԿ-ն, նախագահ՝ Վարդան Օսկանյանին, հավանաբար իրեն դիտարկելով վարչապետ, իսկ հետո նաեւ վերադարձող նախագահ:





Սակայն Սերժ Սարգսյանը խափանեց այդ ծրագիրը եւ 2007 թվականին արձանագրեց ՀՀԿ բացարձակ մեծամասնություն: 2008 թվականի Մարտի 1-ը ներիշխանական հարաբերությունների այդ պարզաբանումն այսպես ասած հավասարեցրեց, դարձրեց «ոչ-ոքի»: Հետագա տասնամյակում սակայն առավել արդյունավետ խաղաց Սերժ Սարգսյանը, ու չնայած նրան խանգարելու Քոչարյանի համառ ջանքին, Սարգսյանը կարողացավ նախագահության տասնամյակը հասցնել ավարտին, իհարկե դրան զուգահեռ ավարտին մոտեցնելով նաեւ ՀՀԿ իշխանությունը:

Սարգսյան-Քոչարյան բարդ փոխհարաբերությունը նոր բնույթ ստացավ արդեն հեղափոխությունից հետո, երբ համակարգը զրկվեց իշխանությունից: Ռոբերտ Քոչարյանն սկսեց ակնառու տողատակերով կասկածել, որ Սերժ Սարգսյանը հանձնել է համակարգը: Միաժամանակ նա փորձեց այդ հանգամանքը օգտագործել նախկին իշխող համակարգն իր շուրջ մոբիլիզացնելու համար, առավել եւս, որ նախորդ տասնամյակում էլ նա փորձում էր այդ համակարգին համոզել, որ Սերժ Սարգսյանը հուսալի երաշխավոր չէ, ինքն է լավագույնը: Համակարգը այդ ժամանակ նրան չվստահեց, ինչի պատճառներից մեկն ի դեպ այն էր, որ Քոչարյանը այդ ազդակը հղում էր, սակայն չէր անցնում դրանից այն կողմ եւ ռիսկի մեծագույն մասը թողնում էր նրանց վրա: Այդ հանգամանքը մի առիթով լավագույնս բնորոշել էր ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, ասելով, թե վերադարձողը վերադառնում է՝ չի սպասում հանգամանքների:

Հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանն արդեն ստիպված էր հայտարարել վերադարձի մասին, երբ նրան մեղադրանք առաջադրվեց ու դրվեց կալանքի խնդիր: Բայց նա վերադարձի մասին հայտարարեց արդեն գնալով ոչ թե ռիսկի, այլ չունենալով այլ տարբերակ:


Բայց անգամ այդ դեպքում, երկրորդ նախագահը հրապարակային պատասխանատվության տեսանկյունից չարեց որեւէ քայլ, որը կենթադրեր որեւէ թեկուզ քաղաքական ռիսկ: Նա փորձեց խաղարկել Ռուսաստանի խաղաքարտը, բայց Պուտինը գործնականում մերժեց այդ փորձը: Երկրորդ նախագահը այժմ էլ շարունակում է խաղադրույքն այդ ուղղությամբ, բայց արդեն ոչ թե Պուտինի, այլ Զատուլինի մակարդակով՝ Լազարեւյան ակումբի շրջանակում, դիտարկելով այն յուրօրինակ այլընտրանքային խորհրդարան իր քաղաքական ծրագրերի համար, դարձյալ անմիջական պատասխանատվությունից հեռու մնալու համար:

Ավելի վաղ նա հայտարարել էր նաեւ կուսակցություն ստեղծելու մտադրության մասին, ասելով, թե նոր ու երիտասարդ ուժերը կգան եւ դրա միջոցով կիրացնեն իրենց գաղափարները: Այլ կերպ ասած, երկրորդ նախագահը գործնականում հայտարարում էր մրցույթ՝ իր անունից քաղաքականությամբ զբաղվելու համար, փաստացի իր փոխարեն:



Ի դեպ, հատկանշական է, որ նա նույն կերպ անմիջական պատասխանատվությունից հեռու մնաց նաեւ իր նախագահության տարիներին առնչվող տնտեսական աղմկոտ պատմությունների, նաեւ Մարտի 1-ի համար, օրինակ հայտարարելով, որ տեղյակ չէր պաշտպանության նախարարության քայլերից, տեղյակ չէր Մաքսային կոմիտեի նախագահի գործողություններից եւ ունեցվածքից:

Տեղյա՞կ է Ռոբերտ Քոչարյանն իր պաշտպանության համար մեկնարկող հանրահավաքային եւ պիկետային շարժումից: Կասկած չկա, որ նա տեղյակ է խորհրդարանի ընտրության արդյունքից եւ ՀՀԿ «դարաշրջանի» ավարտից: Վերջապես տեղի է ունեցել այն, ինչին նա ձգտում էր դեռեւս 2000 թվականից: Իհարկե, նա դրան ձգտում էր ՀՀԿ փոխարեն իշխանության գալու համար, իսկ այժմ նա կարող է օգտվել առիթից  ՀՀԿ փոխարեն առավելագույնը ընդդիմության գալու նպատակով, ընդդիմություն դառնալու նպատակով:

Ակնառու է, որ երկրորդ նախագահը սկսում է ստանձնել հերթափոխը: Ինչ կստացվի եւ ինչպես կստացվի նրա մոտ, վաղ է ասել: ՀՀԿ-ի մոտ ընդդիմությունից ստացվեց առավելագույնը հեղափոխության պահպանություն, ինչը ՀՀԿ-ն կամա թե ակամա արեց բավական արդյունավետ: Փաստացի, Ռոբերտ Քոչարյանը սկսում է հեղափոխության պահապանի իր հերթափոխը:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->