>

Խորհրդարանի ընտրության անցողիկ շեմը չհաղթահարած Հանրապետական կուսակցության խոսնակը հայտարարել է, որ ՀՀԿ-ն սկսում է «Մերժիր Նիկոլին» շարժում, քանի որ Նիկոլ Փաշինյանն անցնող յոթ ամիսներին չի հաջողել որևէ հարցում, իսկ ընտրությունն էլ հաղթել է ահաբեկելով հանրությանը:

Թե ինչքանով է ընտրությանը տրվող այդ բնորոշումը կամ գնահատականը մոտ իրականությանը և նույնիսկ բանականությանը՝ թերևս կգնահատի յուրաքանչյուր ընթերցող: Ինչ վերաբերում է «Մերժիր Նիկոլին» նախաձեռնությանը, որ սկսում է ՀՀԿ-ն, ապա այստեղ իրականում հասկանալի է, որ խորհրդարան չանցած կուսակցությունն այդպիսով փորձում է շարունակել գոնե շնչել, պահպանել քաղաքական կենդանության նշաններ, հիշեցնել իր մասին:




Քոչարյանի զոհերը

Մյուս կողմից, իհարկե, ինչպես ցանկացած քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն էլ, եթե օրենքից դուրս հայտարարված միավոր չէ, ապա ունի իր քաղաքական նախագծերի ու ծրագրերի լիակատար իրավունքը և նաև ունի իրավունք քաղաքականության մեջ դիրքավորվելու ըստ իր հայեցողության ու մոտեցումների: Հասարակությունն է տալիս այդ ամենի գնահատականը:





Դեկտեմբերի 9-ին, իսկ ավելի շուտ՝ ապրիլ-մայիսին հասարակությունը տվեց ՀՀԿ գնահատականը, իսկ դեկտեմբերի 9-ին, այսինքն՝ յոթ ամիս անց, վերահաստատեց այն: Բայց քանի որ տրված չէ ՀՀԿ-ի, որպես իրավաբանական միավոր, գործունեության իրավական գնահատականը, Հանրապետականը նույնիսկ խորհրդարան չանցնելուց հետո ունի քաղաքականության մեջ մնալու ջանքի իրավունք, ինչպես յուրաքանչյուր միավոր: Հաջորդ քայլը հանրությանն է, թե ինչպես պետք է վերաբերվի ՀՀԿ-ին արդեն իշխանությունից դուրս՝ մերժի՞ նույնիսկ այդ իրավունքը, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա «Մերժիր Նիկոլին» նախաձեռնությունն իրականում բոլորովին էլ Նիկոլ Փաշինյանին կամ հեղափոխությանը չէ, որ մերժում է: ՀՀԿ այդ նախաձեռնությունը Հայաստանում ներքին կյանքը քաղաքական մրցակցության, ինստիտուցիոնալ քաղաքական համակարգի բերելու հեռանկարի մերժումն է, քաղաքական կյանքը արդիականացնելու մերժումը, այն մշտապես հնի ու նորի արանքում պահելու և այդպիսով անորոշության վրա միավորներ հավաքելու հույս փայփայելու գործողություն:


Իրականում ՀՀԿ-ն դրանով մերժում է հասարակության զարգացումը, ոչ թե Նիկոլ Փաշինյանին, որովհետև այդ մերժումն ըստ էության մշտապես տաք է պահելու «ռևանշի», այսպես ասած, մթնոլորտը, ինչն էլ անխուսափելիորեն առաջացնելու է որոշակի արձագանք հանրային ամենատարբեր շրջանակներից՝ այդպիսով նենգափոխելով օրակարգը, քաղաքական արդիական դիսկուրսի ձևավորումը: Հակառակ դեպքում ՀՀԿ-ն կգտներ քաղաքականության մեջ մնալու այլ՝ բովանդակային թե՛ կարգախոս, թե՛ նախաձեռնության գաղափար:



«Մերժիր Նիկոլին»-ն իրականում «Մերժիր Սերժին»-ի հայելային արտացոլումն է, որով ՀՀԿ-ն փորձում է անլրջացնել իրավիճակն ու դրանով կազմալուծել քաղաքական համակարգի անցման գործընթացը՝ աղավաղելով և լղոզելով այն:

Իրականում ՀՀԿ-ն այդպիսով Հայաստանն է մերժում, որովհետև քաղաքական բովանդակային մրցակցության փուլի անցնելը Հայաստանի հրատապությունն է, որը նենգափոխվում է «Մերժիր Նիկոլին» հայելային պարզունակության միջոցով:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->