>

Մարդու Իրավունքի Պաշտպան Արման Թաթոյանը տեղեկություն է տարածել Ռոբերտ Քոչարյանին այցելելու, նրա հետ մի շարք հարցեր քննարկելու մասին, որոնք եղել են ՄԻՊ գործունեության տիրույթում: Արման Թաթոյանն ասել է, որ պահպանելու է զրույցի գաղտնիությունը եւ չի ներկայացնելու մանրամասներ, սակայն զրույցի արդյունքում նախաձեռնում է որոշ ընթացակարգեր:

Արման Թաթոյանը հայտարարել է, որ իր համար՝ որպես մարդու իրավունքի Պաշտպան, նշանակություն չունի հանցանքը, որի մեջ մեղադրվում է որեւէ քաղաքացի: Նրա խոսքով, ինքն անկախ ամեն ինչից Պաշտպան է՝ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքի պաշտպան:




Քոչարյանի զոհերը

«Ես ոչ թե աշխատում եմ ինչ-որ մեկին դուր գալու համար, այլ կատարում եմ իմ գործառույթը։ Դա արել են մարդու իրավունքների բոլոր պաշտպանները», հայտարարել է Թաթոյանը:





Նախկին պաշտպաններն են եղել Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը եւ Կարեն Անդրեասյանը: Նրանցից առաջին երկուսն այդ պաշտոնին նշանակվել են Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում: Լարիսա Ալավերդյանը հենց այդ շրջանում էլ ազատվել է պաշտոնից, ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հակադրությունների պատճառով:

Առավել հատկանշական էր Արմեն Հարությունյանի պատմությունը: Նա նշանակվել է 2006 թվականին եւ թողել պաշտոնը 2011-ին: Ռոբերտ Քոչարյանը հենց նրա առնչությամբ էր ասել, որ իր «ամենաանհաջող կադրն» է: Իսկ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Պաշտպան Հարությունյանը զեկույց ներկայացրեց Մարտի 1-ի առնչությամբ, եւ այնտեղ եղան ձեւակերպումներ, որոնք ականջահաճո չէին Ռոբերտ Քոչարյանի համար, որն արդեն թողել էր պաշտոնը:


Երբ Արման Թաթոյանը ներկայում խոսում է այն մասին, որ ինքն անկախ քաղաքացուն ուղղված մեղադրանքից կատարում է իր գործառույթը, եւ դա ըստ նրա արել են նաեւ նախկին Պաշտպանները, փաստորեն Ռոբերտ Քոչարյանին ակնարկում է, որ Արմեն Հարությունյանն էլ իր գործառույթն էր կատարել՝ անկախ ամեն ինչից:

Հիշե՞լ է դա Արման Թաթոյանը, երբ գնում էր Ռոբերտ Քոչարյանի մոտ, թե՞ հիշել է այնտեղ տեղի ունեցած զրույցի արդյունքում: Թե՞ նա ոչինչ էլ չի հիշել, պարզապես խոսքի մեջ փորձել է հարգանք դրսեւորել նաեւ նախկին գործընկերների նկատմամբ եւ չառանձնանալ նրանցից որեւէ կերպ:



Համենայն դեպս, ստացվում է, որ ՄԻ Պաշտպանը յուրօրինակ դաս է տալիս երկրորդ նախագահ Քոչարյանին, այն համատեքստում, որ կյանքը կարող է մատուցել անակնկալներ եւ ստեղծել իրավիճակներ, որոնք տրամագծորեն հակառակ են մինչ այդ եղած ընթացքին:

Դա գործնականում դաս է ցանկացած իշխանության, բարձրաստիճան ցանկացած պաշտոնյայի, ով մտածել կամ մտածում է, որ ոչ թե իրավունքի գիտակցումից է ծնվում ուժը, այլ ինքնամոռաց իշխանության ուժն է ծնում իրավունք:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->