>

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի «Արսենալ»-«Ղարաբաղ» հանդիպումը հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Մրցավեճի ժամանակ խաղադաշտ ներխուժեց հայ երիտասարդը, որը ծածանեց Արցախի դրոշը: Նրա շապիկի վրա պատկերված էր Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարը:

Տեղի ունեցածը, բնականաբար, վայնասունի շարժառիթ է դարձել Ադրբեջանում: Հարևան երկրում տեղի ունեցածը որակել են հայկական սադրանք: «Հանդիպման վերջնամասում տեղի ունեցավ հայկական սադրանք: Ես տեսա, որ «Արսենալի» դարպասի մոտից վազում է մի երիտասարդ՝ անհայտ պետության դրոշը ձեռքին: Ես անմիջապես վազեցի նրա ուղղությամբ, որ խլեմ նրա ձեռքից այդ փալասը: Ինձ կանգնեցրին անվտանգության աշխատակիցները և թույլ չտվեցին մոտենալ սադրիչին: Ցավում եմ, որ տեղի ունեցածը չկարողացանք մենք կանխել»,- ասել է «Ղարաբաղի» ավագ Ռաշադ Սադիխովը:




Քոչարյանի զոհերը

Նկատենք, որ տվյալ դրվագում անվտանգության աշխատակիցները կանգնեցրին միայն հայ երիտասարդին: Նրան մոտ կանգնած «Ղարաբաղի» ֆուտբոլիստները նույնիսկ խանգարելու փորձ չարեցին: Տեղի ունեցածից հետո ամպագոռգոռ հայտարարություններ անելը ոչ այլ ինչ է, քան դեմագոգիա:





Ի դեպ, Սպարտակը հայ երկրպագուների «Առաջին ճակատ» շարժման՝ ՖԱՖ-ի անդամ է: «Սպարտակը բնակվում է Բելգիայում և շատ հայրենասեր տղա է: Դեռևս երկու ամիս առաջ ծրագրել էր ամեն գնով իրականացնել ակցիան: Երկար ժամանակ քննարկում էինք ակցիայի դետալներն ու մանրամասները: Մտավախություն կար, որ Սպարտակը կարող է մի քանի հազար եվրոյով տուգանվել: Ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ նման նախադեպեր եղել են: Բայց մենք պատրաստ էինք նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերել և հատուցել այդ տուգանքը: Ընդհանուր առմամբ ակցիան ծառայեց իր նպատակին: Նախ՝ ադրբեջանցի երկրպագուների «Ուլտրասի» ներկայացուցիչները մեծ ցավ են ապրում: Բայց, որ ամենակարևորն է, Սպարտակի քայլը հիմք դարձավ խնդրի վերաբերյալ միջազգային պարբերականների օբյեկտիվ և ոչ միակողմանի անդրադարձին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը:

Վերջինս նշեց նաև, որ Սպարտակը Լոնդոնի ոստիկանության բաժանմունք բերման ենթարկվելուց հետո ազատ է արձակվել և հիմա ուղևորվում է Բելգիա: Նրա նկատմամբ տուգանք չի կիրառվել: Սպարտակի քայլն իսկապես կարելի է ցնցող համարել: Սա առաջին դեպքն է, երբ նման մակարդակի հանդիպումներում անմիջապես խաղադաշտում ծածանվում է Արցախի պետական դրոշը: Դեպքերը շատ են, երբ տարբեր տեսակի միջազգային մրցաշարերի ժամանակ տրիբունաներում մեր հայրենակիցները պարզում են Արցախի դրոշը, բայց «Էմիրեյթս» մարզադաշտում տեղի ունեցածն իսկապես յուրահատուկ ակցիա էր:


Բնական է, որ ադրբեջանական կողմը փորձում է աղմուկ բարձրացնել, տարատեսակ ապատեղեկատվություն տարածել: Նման արձագանքը խոսում է ակցիայի հաջողված լինելու մասին: «Արսենալ»-«Ղարաբաղ» հանդիպման շուրջ աժիոտաժը բավական մեծ էր: Մրցաշարային առումով այս խաղը որևէ նշանակություն չուներ «Արսենալի» համար, քանզի Ունայ Էմերիի թիմն ապահովել էր ենթախմբում առաջին հորիզոնականը:

Ակնկալում էինք, որ «Ղարաբաղի» դեմ հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Ադրբեջանցիները, սպասվածի համաձայն, փորձում էին հոգեբանական ճնշում գործադրել մեր ֆուտբոլիստի վրա: Մխիթարյանը հայտավորված էր հանդիպմանը, սակայն մնաց փոխարինողների նստարանին: Էմերին հնարավորություն տվեց երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնք լավ տպավորություն թողեցին: Էմերին խաղաժամանակ տվեց նաև վնասվածքից ապաքինված ֆուտբոլիստներին՝ Լորակ Կոսելնիին և Նաչո Մոնրեալին:



Այս խաղում Մխիթարյանի կարիքն իսկապես չկար, քանզի «Ղարաբաղը» կարգով զգալի ցածր էր, և «Արսենալը» ադրբեջանական թիմին կարող էր հաղթել նույնիսկ երրորդ կազմով: Ադրբեջանցիները խաղից առաջ բնականաբար տարբեր եղանակներով փորձում էին սադրել հայ ֆուտբոլիստին: Մասնավորապես, «Ղարաբաղի» նախկին հարձակվող Սամիր Մուսաևը հայտարարել էր, որ Ռաշադ Սադիխովին հանձնարարվել է Մխիթարյանի դեմ գործողությունների պլան մշակել: Ավելի ստույգ, որոշ աղբյուրների համաձայն, Սադիխովը պետք է մոտիվացներ թիմի լեգեոներներին կոպիտ գործել հայ ֆուտբոլիստի դեմ:

Բաքվում «Արսենալից» կրած պարտությունից և Եվրոպա լիգայի խաղարկությունում բավական թույլ ելույթից հետո փորձ էր արվում երկրպագուների ուշադրությունը շեղել բուն մրցավեճից: Ադրբեջանցիները վախենում էին, որ Մխիթարյանը կգրավի «Ղարաբաղի» դարպասը:

«Արսենալ»-«Ղարաբաղ» հանդիպման վերջում տեղի ունեցածը, կարծում ենք, ավելի լուրջ հարված էր խաղի շուրջ արհեստական լարվածություն ստեղծող կողմի համար: «Ղարաբաղը» պարտվեց, իսկ խաղադաշտում Մխիթարյանի փոխարեն միլիոնավոր մարդիկ տեսան Արցախի դրոշը:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->