>

Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ղարաբաղյան թեմատիկան նորից արդիական է դարձել:

Կողմերն առայժմ ձգտում են չբացել խաղաքարտերը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել է,որ Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսությանը: Ռուսաստանը, ըստ ամենայնի, փորձում է Մինսկի խմբի բանակցային գործընթացին զուգահեռ ակտիվացնել իր պլանը, որով ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դուրս են մնում գործընթացից:

Բաքվում կարծես թե ընդունում են այդ ծրագիրը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թվիթերում գրել է, որ «2019 թվականը նոր ազդակ կհաղորդի հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»:




Քոչարյանի զոհերը

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ Թվիթերի իր էջում է գրել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է Հայաստանի առաջնահերթությունը:





«Մենք կշարունակենք խաղաղ կարգավորման գործընթացը հանուն տարածաշրջանում կայունության եւ խաղաղության: Կարգավորումը ջանքեր է պահանջում բոլոր կողմերից», – գրել է Փաշինյանը:

Թվիթերյան դիվանագիտությունն առայժմ ակնարկների մակարդակի վրա է մնում. Ալիեւն ասում է, որ Փաշինյանը ստիպված է լինելու 2019 թվականին երկխոսության մեջ մտնել, իսկ Փաշինյանն ասում է, որ միայն Ալիեւի «ջանքերից» հետո:

Ի՞նչ ջանքերի մասին է խոսքը: Վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ղարաբաղյան քաղաքականության երկու կարեւոր թեզերի մասին. Հայաստանը բանակցելու է իր անունից, իսկ Արցախն ինքն իր շահերը պետք է ներկայացնի: Բացի այդ, հայկական կողմը փոխզիջումների մասին կխոսի այն բանից հետո, երբ Ադրբեջանն իր կողմից հայտարարի զիջումներին համաձայնության մասին:


Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը կարողացել է թույլ չտալ բանակցային ձեւաչափի փոփոխություն, եւ դրանք շարունակվելու են նախկին տեսքով:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի երկրորդ պայմանին, որ նախ Ադրբեջանը պետք է հայտարարի, թե ինչի է պատրաստ բանակցություններում, ապա Բաքուն պաշտոնապես ասում է, որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Այսինքն, Արցախի անկախության ճանաչման մասին խոսք չի կարող լինել, հետեւաբար, խոսք չի կարող լինել, որ հայկական կողմը տարածքային զիջումներ կանի:

Ոչ պաշտոնապես այլ տարբերակներ էլ են հնչեցվում: Մասնավորապես, երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ էր Հայաստանի կողմից 5 շրջանների զիջելու դեպքում խաղաղության գործընթաց սկսել, անգամ խողովակաշար անցկացնել: Նա ասել է,որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է այդ առաջարկից՝ չնայած «խոսքը շրջանների, այլ ոչ թե Ղարաբաղի մասին էր»: Լուկաշենկոյի հայտարարությունը հին պլանի «թարմացումն» էր՝ հաղորդուղիները բացելու ակնարկով:



Հայաստանում ղարաբաղյան հարցի ակտիվացման մասին խոսակցությունները չգիտես ինչու բացառապես ներքաղաքական դիտանկյունից են ընկալվում: Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն ասում են, որ հակահեղափոխությունը հատուկ է տարածում այդպիսի շշուկներ, որ Փաշինյանին մեղադրի դավաճանության մեջ, իսկ հեղափոխության հակառակորդներն առիթը բաց չեն թողնում այս նուրբ թեմայի շուրջ սպեկուլյացիաներ անելու համար:

Այսպես թե այնպես, Հայաստանը պետք է պատասխանի նոր առաջարկներին ու մարտահրավերներին: Դրա համար նպատակահարմար կլինի օգտագործել ինչպես նախորդ իշխանությունների ներուժը, որը, ըստ Լուկաշենկոյի, մերժել է ոչ ձեռնտու առաջարկները, այնպես էլ նոր ու լեգիտիմ կառավարության ներուժը, որը հենվում է հանրային աջակցության վրա:

Ներկայում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում: Օրինակ, Ալիեւի հրամանով սահմանապահ զորքերը զինվորականներին փոխարինելու են Հայաստանի հետ սահմանային Ղազախի ու Աղստաֆայի շրջաններում, հաղորդում է Թուրանը: Այսինքն, Հայաստանի հետ սահմանին ոչ թե բանակն է կանգնելու, այլ սահմանապահները: Ճիշտ է, առայժմ Նախիջեւանի սահմանի մասին խոսք չկա:

Ինչ վերաբերում է Հայաստանին, նույն Լուկաշենկոն մի քանի անգամ կրկնել է, որ Սերժ Սարգսյանին կոչ է արել հանձնել շրջանները, որովհետեւ «միեւնույն է դատարկ են»: Դա ուղիղ ակնարկ է, որ քանի դեռ շրջանները դատարկ են, դրան ճակատագիրը վիճարկվելու է: Հայաստանը պետք է մտածի դրա մասին:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->