>

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 4 քաղաքացու:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջիններս կասկածվում են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Հովհաննես Խմելյանին դեկտեմբերի 12-ին առևանգելու մեջ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը, ժամը 23:30-ի սահմաններում Ադոնցի փողոցից նշված 4 անձինք Հ. Խմելյանին Mercedes մակնիշի ավտոմեքենայով առևանգել են՝ բռնություն գործադրելով իր կամքին հակառակ, այնուհետև տեղափոխել Քանաքաեռ ՀԷԿ-ում գտնվող առանձնատներից մեկը և մի քանի ժամ պահել այնտեղ, որտեղ էլ մի քանի հոգով ծեծի են ենթարկել Հ. Խմելյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ծեծի ժամանակ նրանցից մեկը, ում անունը Գոռ է, ատրճանակով, իսկ մյուսը, ում անունը Կարեն է՝ դանակով, սպանության սպառնալիքներ են տվել Հ. Խմելյանի հասցեին:




Քոչարյանի զոհերը





Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ առևանգողներն են եղել Երևան քաղաքի Ադոնցի փողոցի բնակիչներ, 39-ամյա Սարգիս Մկրտչյանը, 35-ամյա Գոռ Հովհաննիսյանը, 38-ամյա Կարեն Ջումայանը և Հասրաթյան փողոցի բնակիչ, 28-ամյա Արմեն Մկրտչյանը:

Անձի առևանգման հատկանիշներով ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Հարուցված քրեական գործը Արաբկիրի ոստիկանության բաժնից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:


Անձի առևանգման կասկածանքով Արաբկիրի ոստիկանների կողմից հայտնաբերված Ս. Մկրտչյանը, Գ. Հովհաննիսյանը, Ա. Մկրտչյանն ու Կ. Ջումայանը տեղափոխվել են Արաբկիրի քննչական բաժին:

Առևանգված Հ. Խմելյանը ոստիկանության Արմավիրի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանի եղբոր տղան է, ով մեկ այլ քրեական գործի շրջանակում անցնում է որպես վկա և այդ գործը կապված է Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու, 19-ամյա քաղաքացուն հրազենային վնասվածքներ պատճառելու հետ:



Ավելի վաղ՝ նոյեմբերի 5-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Ն. Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

 Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված վայրից Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն էր տեղափոխվել Ն. Տիգրանյան փողոցի 21 շենքի բնակիչ՝ 19-ամյա Սուրեն Թադևոսյանը՝ հրազենային վնասվածքներով, որտեղ բժիշկներն առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները մի քանի ժամ պայքարել էին նրա կյանքի համար, ով գտնվում էր բժիշկների հսկողության տակ։ Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել էին «Մակարով» տիպի ատրճանակից արձակված 10 պարկուճ, 4 գնդակ և 3 գնդակի բեկոր։ Հայտնաբերվել էր նաև Nissan մակնիշի 34 ՏN 738 համարանիշի ավտոմեքենան, որի վրա կար կրակոցի հետք, ասֆալտի մի քանի հատվածներում էլ հայտնաբերվել էին արնանման հետքեր։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->