>

«Մարտի 1-ի» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, ում նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երեկ Վերաքննիչ դատարանը բեկանել էր, այսօր տեսակապի միջոցով հարցազրույց է տվել armdaily.am-ին։

Հարցազրույցից որոշ ուշագրավ դրվագներ ներկայացնում ենք կրճատումներով։

-Վերաքննիչ դատարանը վերացրել է Ձեր նկատմամբ խափանման միջոց կալանքը։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան, ի՞նչ է դրված որոշման հիմքում, և ի՞նչ է սպասվում։

-Խափանման միջոցի հարցը կորոշի նախաքննական մարմինը, իսկ դատարանի որոշման մասին չեմ կարող ասել, քանի որ ծանոթ ենք եզրափակիչ մասին միայն, որոշումը դեռ չենք ստացել։ Մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո կլինի նաև մեր դիրքորոշումը՝ թեկուզ փաստաբանների միջոցով։




Քոչարյանի զոհերը

-Մարտի 1-ի գործը վերաբացելուց հետո Դուք երբևէ հարցաքննվե՞լ եք։





-Ոչ, երբևէ չեմ հարցաքննվել։ Այդ գործով առաջին ծանուցումը ստացել եմ կարծեմ սեպտեմբերի 11-ին. այն մեր հասցեով տուն էին ուղարկել, և իմ փաստաբանը արձագանքել է ծանուցմանը, գրավոր բացատրություն է ներկայացրել քննիչին, որ ես գտնվում եմ Մոսկվայում բուժման նպատակով, և որ անհրաժեշտության դեպքում նրանց կտրամադրվեն կոնտակտային տվյալներ, հասցե և ինչ որ անհրաժեշտ է։ Սակայն որևէ արձագանք երկար ժամանակ չկար։

-Եթե Ձեր գտնվելու վայրը հայտնի էր, ինչո՞ւ էին Ձեր նկատմամբ հետախուզում հայտարարել։

-Ոչ միայն հետախուզումը, այլև ողջ գործընթացն ի սկզբանե ապօրինի է, անհիմն, շինծու, և կարծում եմ, որ դրա համար կան բազմաթիվ դրդապատճառներ, և առաջինը անձնական վրեժխնդրությամբ է դա թելադրված։ Հետախուզում ուղղակի լինել չէր կարող։

Հետախուզում հայտարարելու համար ՀՔԾ-ն ուղղակի կեղծիքների է գնացել, և ես լինելու եմ հետևողական, ու նրանք պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ… Ինձ ՀՔԾ են հրավիրում որպես վկա։ Ընդ որում, վկան չունի պարտավորություն արտերկրից ժամանելու հարցաքննության։ Ես ինքս եմ զանգահարել քննիչներին, հայտնել իմ հասցեն, կոնտակտային տվյալները և կրկին ասել, որ 1-2 օրվա ընթացքում ես կարող եմ տեղեկատվություն տալ իմ՝ Հայաստան վերադառնալու ճշգրիտ ժամանակի վերաբերյալ։


Պարզվում է, որ այդ ժամանակ նրանք ինձնից թաքցնում են այն հանգամանքը, որ դեռևս ամսի 30-ին որոշում է կայացվել ինձ որպես մեղադրյալ ներգրավելու, հետախուզում հայտարարելու մասին, և հաջորդ օրը մենք մամուլից ենք իմանում այն մասին, որ իմ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը… Եթե ինձ ասեին, որ ինձ որպես մեղադրյալ են ներգրավել, ես բուժումը կթողնեի, որ հետախուզումը բացառվեր, և հաստատ կվերադառնայի Երևան, որովհետև հաստատ ոչինչ չունեմ թաքցնելու։ Այսօր Հայաստանի հանրապետությունում արդարադատությունը ոտնատակ է տրված, հավասարեցված է զրոյի, և արդարադատություն՝ որպես այդպիսին, գոյություն չունի։

-Դուք Ձեր խոսքում նշեցիք անձնական վրեժխնդրության, թշնամանքի մասին։ Ո՞ւմ կողմից և ի՞նչ նպատակով է դա իրականացվում, ըստ Ձեզ։

-Ամբողջ այս գործընթացներն ուղղորդված են։ Վարչապետի ընտրության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Մարտի 1-ի գործով լինելու են աղմկոտ բացահայտումներ։ Նա որտեղի՞ց գիտեր մանրամասները, եթե քրեական գործի նյութերին ծանոթ չէր ու չէր ուղղորդում։ Նույնի մասին են վկայում նաև պարոն Սասուն Խաչատրյանի հայտարարությունները։ Ես դեռևս ոչ ոքի չեմ մեղադրում, ես ասում եմ իմ կարծիքը… Նրանք, ովքեր ասում են, որ ես փորձագետին եմ ուղղորդել, ես էլ ասում եմ ՝ գլուխներդ պատին եք տվել։

-Մեղադրանքի հիմքում Ձեր դեմ ցուցմունքներ կա՞ն։

-Ես չեմ ուզում դրան անդրադառնալ, որպեսզի պարոնայք Հատուկ քննչական ծառայության պաշտոնյաներին հիմք ու տեղիք չտամ ինձ մեղադրելու գործին խոչընդոտելու, տվյալներ հրապարակվելու մեջ։ Մեղադրանքի որոշման մեջ կան երկու անձանց տվյալներ, ովքեր իբրև իմ ասելով՝ թե փամփուշտները կրակել են։ Է թող չկրակեին, կամ կրակել են, իրենց համար են կրակել, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ։ Անընդհատ ասվում է, որ ես դա կատարել եմ՝ խմբային շահերից ելնելով։ Ո՞ւմ հետ խմբային շահերից ելնելով, ո՞վ է այդ խումբը։ Այդ մասով դատարանին որևէ փաստական տվյալ չի ներկայացվել։ Ես իզուր չասացի, որ Հայաստանում արդարադատություն չկա, որովհետև ՀՔԾ պաշտոնյան իրեն թույլ է տալիս հակասահմանադրական գնահատական տալ։ Քանի դեռ չկա ՍԴ որոշում, իրավաբանը, որ գլխիվայր էլ կանգնի, չի կարող այդ ակտը համարել հակասահմանադրական։ Հիմա ՀՔԾ պաշտոնյաներն իրենց փառապանծ պետի՝ Սասունի գլխավորությամբ, որոշել են ու որոշման մեջ դա արձանագրել են, որ բանակի ներկայությունը հակասահմանադրական է։ Ինչի՞ եմ ես անընդհատ պնդում, որ սա քաղաքական փաստաթուղթ է, ոչ թե մեղադրանքի որոշում։ Մեղադրանքի մեջ մեղադրանքի հետ կապված՝ մի 10 տող բան է գրված, մնացածը քաղաքական գնահատականներ են։



Եթե ես փամփուշտ կեղծած լինեմ, բանակի կրակված փամփուշտները փոխարինած լինեի ոստիկանական պարկուճներով՝ այդ կերպ իբր հերքելով բանակի մասնակցությունը, պիտի՞ հետո դա հերքեի։ Ես հո աննորմալ չեմ՝ փոխարինեմ, հետո չհերքեմ։ Եթե մի բան անում եմ, պիտի նպատակին հասցնե՞մ, թե՞ չէ։ Այսինքն՝ եթե գնում եմ էդ կարգի հիմարության, արածիս արդյունքը պիտի լինե՞ր քրեական գործում։ Որ իբրև բանակը այնտեղ չի եղել։ Բայց ո՞վ ասաց, որ բանակն այնտեղ չի եղել։

-Բանակն ի՞նչ չափով է մասնակցել։

-Բանակի ներգրավվածության մասին մենք քրեական գործով ունենք փաստաթուղթ, ՊՆ-ից ստացած մեր հարցման պատասխանը, թե որ ստորաբաժանումն է որտեղ եղել, և կա Հանրապետության նախագահի հրամանագիրը արտակարգ դրություն հայտարարելու մասին և այդ արտակարգ ռեժիմի պահպանմանն ուղղված Զինված ուժերի կոնկրետ ստորաբաժանումների ներգրավման մասին։ Բանակն այդ գործում ներգրավվել է կարծեմ ժամը 22։00-ից հետո։ Պարկուճ կեղծելու նպատակը կամ տրամաբանությունը ո՞րն է։ Բանակը սենց, թե նենց, եղել է այնտեղ։

-Ինչպիսի՞ հարաբերություններ Դուք ունեք Նիկոլ Փաշինյանի հետ, ճանաչո՞ւմ եք, ի՞նչ մակարդակով եք շփվել։

-Ոչ մի հարաբերություն էլ չունեմ։ Նիկոլ Փաշինյանին՝ որպես մեղադրյալ, ներգրավել եմ ես, նրա մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան եմ ուղարկել ես, և ոչ միայն նրա, այլև բազմաթիվ անձանց, ովքեր քրեական գործի նախաքննությամբ ներգրավված են եղել որպես մեղադրյալներ, ովքեր ներկայումս ստանձնել են պետական բարձր պաշտոններ։

Այստեղ շատ լուրջ խնդիր է իր համար լուծում ՀՔԾ-ն։ Պարոն արդարադատ Սասուն Խաչատրյանը, ով այդքան դաստիարակություն չունի, ոչ էլ շնորհք, որ գոնե մահվան հանգամանքների հետ կապված ամպագոռգոռ, գլխից դուրս հայտարարություններ չանի, որ հետո դրանց ձեռքը կրակը չընկնի։ Ես լսեցի, որ նա ասում էր, որ պարզել են, թե ով է սպանել զինվորական Տիգրան Աբգարյանին, և էս պարկուճների հետ արված հեքիաթը միանգամից լուծում է ևս մեկ խնդիր։ Նրանք կփորձեն իրենց ոչ ձեռնահասությունը, ինչպես նաև սպանությունները չբացահայտելու օբյեկտիվ պատճառները, թեպետ օբյեկտիվը նրանք մոռացել են, ամեն ինչ բարդել իրենց իսկ հորինած կեղծված ապացույցների վրա և մեկնաբանել, որ սպանությունները, տեսեք, չենք կարողանում բացահայտել, շատ ենք ուզում, բայց նենց են արել, որ էլ չենք կարողանում… Կներեք, ժողովուրդ ջան։ Բայց ղալաթ են արել, գլուխները պատին են տվել, որովհետև դա էլ տենց չի։ Մենք ունենք սպանության 10 դեպք։ 10-ից 3-ի մահը հաստատված հանգամանքներով վրա է հասել «Չերյոմուխա-7» հատուկ միջոցից արձակված գնդակներով, 1-ը պայթյունի արդյունքում, մեկն էլ բութ գործիքի արդյունքում։ Այսինքն՝ 10-ից 5-ի դեպքում պարկուճները բացառվեցին, որևէ կապ դրանք պարկուճների հետ չէին կարող ունենալ։ Հրազենային վնասվածք ստացել են մյուս 5-ը, որից 2-ը միջանցիկ հրազենային վնասվածքներ են, այսինքն՝ գնդակը չի հայտնաբերվել, և այն կրակող զենքի հետ հնարավոր չէ համեմատել։ Այսինքն՝ ինքնըստինքյան այս 2 մարդկանց մահվան հանգամանքն էլ պարկուճի հետ չի կարող կապվել, որովհետև առանց գնդակի՝ միայն պարկուճով ոչինչ չես կարող որոշել։ Երկուսը մահացել են «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված գնդակից։ ՀՔԾ-ն ինձ մեղադրում է, որ իբրև կեղծել ենք ինքնաձիգներից արձակված պարկուճները, այսինքն՝ այս 2-ն էլ բացառվեցին։ Մնաց մեկ գնդակ։ Այն էլ՝ 5.45 տրամաչափի ինքնաձիգից արձակված գնդակ է։ Չլինեմ սուբյեկտիվ, բայց 5.45 տրամաչափի ինքնաձիգներ ԶՈՒ-ում կամ չեն օգտագործվում, կամ շատ հազվադեպ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->