>

«Մարտի 1»-ի քննության ընթացքի, այդ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հարցազրույցի ու նրանում հնչեցված հայտարարությունների շուրջ 168.am-ը զրուցեց «Մարտի 1»-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ

– «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն օրերս իր հարցազրույցում, մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) լուրջ մեղադրանքներ ներկայացրեց՝ թե՛ իր նկատմամբ հետախուզում հայտարարելու, թե՛ մեղադրանքի հիմքում քաղաքական ենթատեքստ դնելու, թե՛, իր պնդմամբ,  այլ ապօրինություններ կատարելու մեջ։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ հայտարարությունների վերաբերյալ։

– Ես այդ հարցազրույցը լսեցի և այնտեղ որևէ արժեքավոր բան չեմ տեսել։ Վահագն Հարությունյանը, փոխանակ այսօր ՀՔԾ-ին մեղադրելու, պիտի պատասխանի այն հարցին, թե ինչո՞ւ մարտի 1-ին իր գործառույթները պատշաճ չի իրականացրել, պիտի պատասխանի այն հարցին, թե այդ ընթացքում քանի՞ անգամ է հանդիպել կամ Սերժ Սարգսյանին, կամ Ռոբերտ Քոչարյանին, ի՞նչ կարգի քննարկումներ են եղել, որ գործն այս հունով է տարել։ Եթե ինքն ինքնուրույն է դա արել, ապա պիտի պատճառաբանի, թե ինչո՞ւ, որովհետև 10 սպանություններից որևէ մեկը չի բացահայտվել, էլ չեմ ասում, որ ոստիկանական գործողությունների՝ առավոտվա համաչափության, իրավաչափության վերաբերյալ որևէ գործ չի քննել և մտադրված է դրանից դուրս քաղաքական այլ հայացքներ ունեցող անձանց, մասնավորապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին դատապարտել։ Երբ որ ինքն այս հարցերին լուրջ ու պատճառաբանված կպատասխանի, երբ որ կոնկրետ գործերը կդրվեն նրա առաջ ու կասեն, թե՝ դու ի՞նչ բազմակողմանի քննությունից կամ օբյեկտիվությունից ես խոսում, երևի Վահագն Հարությունյանն իր կարծիքն իր քննած գործի նկատմամբ մի փոքր փոխի։

Ես տեսա, որ նա նույն հանդուգն պահվածքն էր դրսևորում, ինչ 2008 թվականին։ Հո ես 12 մարդկանց գործով առնչվել եմ այդ անձի հետ և տեսել եմ քննություն տանելու նրա տրամադրվածությունը և ուղղությունը։ Ես տեսել եմ, որ նա պատժիչ գործառույթներ է իրականացնում և քաղաքական նպատակներով է դա անում։ Թող ինքն իր որոշումները կարդա, ոչ թե հղում անի, թե ՀՔԾ-ն այսօր ինչ է անում։




Քոչարյանի զոհերը

Այսօր ՀՔԾ-ն նրան հնարավորություն է տվել, որ նա գա և արդարանա և այս հարցերի պատասխանները տա, իսկ ինքն անցել է ուրիշ դաշտ։ Եթե ինքը գտնում է, որ իրենից շատ են սխալ արել, երևի թե չարաչար սխալվում է, որովհետև, ըստ էության, կարծում եմ, որ ժամանակն է, որ մարդիկ պատասխան տան իրենց կատարածների համար, և 2008թ. մեղավորը միայն Քոչարյանը չէ և նրան մոտ կանգնած մարդիկ, այլ նրանք, ում ձեռքով նաև որոշակի գործառույթներ չեն իրականացվել, ովքեր զբաղվել են հակաօրինական վարքագծով։

Իմ կարծիքն այն է, որ Վահագն Հարությունյանը որևէ լուրջ հիմնավորում չներկայացրեց, և կարծում եմ, որ նրան առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, և, եթե ինքը գտնում է, որ պարկուճներ փոխելը կամ մնացյալ գործողությունները, որոնց երևի թե դեռ չեն անդրադարձել, աննշան իրավիճակներ են, ու փորձում է դրանք կապել սպանության հանգամանքների բացահայտման հետ, ես գտնում եմ, որ դա ինքնին հանցագործություն է, և նա իր միտումը պիտի ասի։


Նա պիտի բացատրի, թե բանակի կապակցությամբ ինքն ինչ է արել քննության ընթացքում, ո՞ւմ է հարցաքննել, ի՞նչ խորությամբ, ի՞նչ հարցերի շրջանակում։ Եվ այն պատճառահետևանքային կապերը, որ նա փորձագետների վրա ներազդել է, իհարկե, բոլորն էլ վստահ են, որ դա այդպես էլ եղել է, որովհետև ինչո՞վ էր շահագրգռված փորձագետը, որ իր գործառույթները չիրականացներ։ Բազմիցս հայտարարել եմ, որ 2008-2009թթ. ապացույցներն այն կարգով են ոչնչացվել, որ տարիներ անց որևէ մեկը եթե ուզենա «Մարտի 1»-ն ամբողջական բացահայտել, իհարկե, չի կարողանա, որովհետև դրա մեջ մեծ դեր ունեն նախկին իշխանությունները և նրանց կամակատարները, հանձինս նաև այն անձանց, ում մասին ներկա պահին խոսում ենք։





– Բայց այսօրվա իշխանությունները հայտարարում են, որ «Մարտի 1»-ը բացահայտվել է։

– ««Մարտի 1»-ը բացահայտվել է» հասկացությամբ հավանաբար նկատի ունեն, որ այս վերնախավը, ովքեր ակտիվ ու որոշիչ դեր են ունեցել, երևի թե, որ նրանց նկատմամբ կարողացել են քրեաիրավական գնահատականներ ապահովել և մեղադրանքներ առաջադրել, դրանով համարել են, որ Մարտի 1-ի թեման հիմնականում բացահայտվել է։ Սակայն, ես կարծում եմ, որ շատ անելիքներ կան, և այնքան էլ համակարծիք չեմ, որ «Մարտի 1»-ը բացահայտվել է։

«Մարտի 1»-ն այնքան շերտեր ունի։ Երբ գործի նյութերը մեզ կտրամադրեն ծանոթանալու, ես՝ որպես տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ, հնարավորություն կունենամ միջնորդություններ ներկայացնել։ Առայժմ ինչ տեսնում եմ, շատ բան էլ չենք տեսնում, որովհետև վարույթն իրականացնող մարմինը պարտավոր չէ ամեն ինչ հանրության սեփականությունը դարձնել.  էդ տեսանկյունից նաև օրենքն է արգելող նորմ նախատեսում, սակայն խոսել, որ «Մարտի 1»-ն ամբողջական բացահայտված է, թեպետ ես չգիտեմ, թե դա ինչ համատեքստում է հնչել, այն շերտերը, որոնց մասին խոսում էի, մարդիկ, ովքեր պասիվ ու ակտիվ մասնակցություն են ունեցել, չեմ կարծում, որ նրանց բոլորի արարքներին գնահատական տրվել է։

– ՀՔԾ պետը հայտարարեց, որ ոստիկանական զորքերի ծառայող Տիգրան Աբգարյանի սպանության հանգամանքներն ու կատարողը հայտնի են։ Եթե մենք այսօր գոնե այդ մասով առանձնացված գործ չունենք դատարանում քննվող, կամ սպանություն կատարողի անունը չգիտենք, հասկանալի է, որ հասարակությունն ամեն ինչ չէ, որ պետք է իմանա, բայց գոնե այդ աղմկահարույց սպանության մասով որոշակիություն պետք է լիներ, այս դեպքում ի՞նչ ակնկալենք, միգուցե մյուս հայտարարություններն է՞լ առանձնապես հիմք չունեն։

– Եթե Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները և, մասնավորապես, սպանությունը կատարող անձը պարզ են, բնականաբար, պետք է քրեաիրավական գնահատական տրվեր։ Առայժմ այդ կապակցությամբ հանրությանը ոչինչ հայտնի չէ։ Եթե նման հայտարարություն արվել է, ուրեմն պարզ է, դրանից էլ է վրդովվել պարոնը (Վահագն Հարությունյանը.- Ա.Վ.), չգիտեմ՝ ինչո՞ւ էր վրդովվել, որովհետև դա այնպիսի բան է, որ, եթե հայտարարություն է արվում, բնականաբար, հետո նաև պետք է ներկայացվի այդ անձի անունը։


Գուցե քննության շահերից ելնելով՝ չի հայտարարվել. ես չեմ կարող ասել, սակայն ես այնքան էլ բավարարված չեմ այն ելույթով, որը քննչական խմբի նախկին ղեկավարն ունեցել է, և շատ ափսոսում եմ, որ տարիներ անց նրա հայացքներում բան չի փոխվել։ Առնվազն ինքը, եթե ասելիք ուներ, պետք է գնար և իր գործընկերների հետ քննարկեր մութ ու անհասկանալի էջերը, բայց նա դա չի արել, թողել Հայաստանից հեռացել է, և այս պայմաններում նրա նկատմամբ հետախուզում հայտարարելը ճիշտ է եղել։ Ես չեմ կարծում, որ հասցե է տրամադրվել, հասցեով Մոսկվա դժվար է եղել ծանուցելը։ Ես կարծում եմ, որ անորոշ է թողնվել նրա՝ Մոսկվայում գտնվելու հասցեն։ ՀՔԾ-ն այստեղ փնտրել է նրան, չի գտել և հայտարարել է հետախուզում։ Այստեղ տարօրինակը ո՞րն է։

Ինքը քանի՞ մարդկանց հանդեպ է հետախուզում հայտարարել։ Եթե տասնյակ տարիների ընթացքում ուսումնասիրենք իր պրակտիկան, շատ ավելի վատ բաներ են արվել։ Ես գործ ունեմ, որ նույն օրում մարդու տուն են գնացել, հետախուզում են հայտարարել, այսինքն՝ տվյալ մարդու նկատմամբ տրամադրվածություն է եղել։

Իր նկատմամբ տրամադրվածություն, կարծում եմ, որ չկա, պարզապես բոլորս էլ գիտենք, որ «Մարտի 1»-ի ձախողման գործում իր դերը շատ մեծ է եղել։ Թող գնա և պատճառաբանված ներկայացնի, թե ի՞նչը չի ընդունում, ինչի՞ մեջ իրեն մեղավոր չի ճանաչում, ինչո՞ւմ է մեղավոր զգում։

– Վահագն Հարությունյանն ասում է, որ քննիչների հետ հեռախոսով խոսել է, իր տեղը, հասցեն ու կոնտակտային հեռախոսահամարը, որով միշտ հասանելի է, հայտնել է ու տեղեկացրել է նաև, թե ինչ ժամկետներում հնարավոր կլինի իր վերադարձը։

– Ես չեմ կարծում, որ նման դեպքում նրա նկատմամբ նման մոտեցում լինի։ Իր զրույցից էլ չի երևում, որ նա քննիչներին կոնկրետ հասցե է ասել։ Կարող է՝ նա ասել է՝ ես Մոսկվայում եմ, բայց դա նշանակում է՝ ինքն իր տեղն ասե՞լ է։ Ես չեմ կարող Վահագն Հարությունյանի ասածները ոչ հաստատել, ոչ հերքել, բայց չեմ կարծում, որ նման իրավական գիտելիքներ ունեցող մարդու հետ կարող էին ապօրինի ինչ-որ բան սկսել, մանավանդ, որ հիմա կողմ չեն ապօրինի եղանակով քննություն տանելու տարբերակին։

– Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Հատուկ քննչական ծառայությունը չի արձագանքում այս հարցազրույցին։



– Ես կարծում եմ, որ այս հարցազրույցում այնպիսի բան չկա, որին արձագանքեն։ Անկեղծ եմ ասում, ամբողջը լսել եմ։ Ինքը, սպանությունները բացառելով, ինքն իր համար ինչ-որ բաներ բացառելով՝ գնում էր։ Ի՞նչ նյութ կա, ինչի՞ն արձագանքի ՀՔԾ-ն։ Եթե ինքը, ասենք, իրոնիայով Սասուն Խաչատրյանի մասին խոսում է, Սասուն Խաչատրյանն էլ նույն ձևով հակադարձի՞ Վահագն Հարությունյանին։ Ես կարծում եմ՝ իմաստ չունի։ Թող իրենք որոշեն, իրենց խոսելու ձևաչափն իրենք մշակեն։

– Վահագն Հարությունյանը կոնկրետ մեղադրանքներ է ներկայացնում Քրեադատավարական օրենսգիրք խախտելու, իր մեղադրանքի հիմքում քաղաքական ենթատեքստ դնելու համար։

– Ի՞նչ քաղաքական բան կա։ Մարդուն ասում են՝ դու ապացույց ես կեղծել։ Մարդու նկատմամբ ապացույց կեղծելը արդարադատության դեմ ուղղված հանցագործություն է։ Քաղաքական նպատակը ո՞րն է։ Ամբողջ Հայաստանը գիտի, որ Վահագն Հարությունյանի դերը մեծ է եղել։ Ես 2010-2011թթ., նաև 2012թ. հայտարարությամբ հանդես եմ եկել այն մասին, որ «Մարտի 1»-ը ձախողողներին առաջ են տանում, մարդիկ իրենց տեղը վերևներում ապահովում են։ Այդ տեսանկյունից որևէ հակադարձում ինձ չի եղել։ Հո նո՞ր չենք այդ մասին ասում։

Մենք հո գիտե՞նք, որ ով ակտիվ դեր ունեցավ «Մարտի 1»-ը կոծկելու գործում, նրան տարան, պաշտոնի նշանակեցին։ Սա հանրահայտ ճշմարտություն է։ Սա գործարք է, որը տեսանելի է նաև հանրության համար։ Եվ, վերջին հաշվով, ամբողջ գործի վիճակը խոսում է այն մասին, որ Վահագն Հարությունյանը գործ չի արել։ Ինքը զբաղված է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհներին դատելով։ Սպանության գործերում կան ընդամենը դատաբժշկական եզրակացություններ, մի քանի դատահետքաբանական եզրակացություններ, մի քանի այլ կարգի ապացույցներ, և որևէ լուրջ վկայություններ, ստուգումներ չկան, ծանրակշիռ ապացույց ձեռք բերելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկվել, ու իր անգործության դրդապատճառները նա մինչև հիմա չի ներկայացրել։ Թող ինքը թողնի՝ ՀՔԾ-ն իրեն ինչ է ասում։

Հիմա ես՝ Սեդա Սաֆարյանս, ու իմ ժողովուրդը նրան հարցնում ենք՝ ինչո՞ւ չես կարողացել 2008թ.՝ դեպքից անմիջապես հետո, սպանությունները բացահայտել։ Ի՞նչն է պատճառը՝ մասնագիտական անձեռնհասությո՞ւնը, գործը կոծկելու տրամադրվածությո՞ւնը թե՞ վերևների ցուցումները։

– Կարծում եք՝ հիմա կբացահայտվե՞ն այդ 10 սպանությունները։

– Ես կարծում եմ, որ Վահագն Հարությունյանը պիտի ասի, թե ինչ ապացույցներ են փչացվել, ի՞նչն է անվերադարձ անհայտացել, որ 10 սպանությունները չկարողանան բացահայտել։ Բա ի՞նչ էիք պատկերացնում։ 10 տարի հետո այն մարմինը, որը գոնե փորձ է անում բացահայտել, նրա վրա՞ թողնենք բոլոր այն բացասական հետևանքները, որոնք Վահագն Հարությունյանի և նրա գործընկերների շնորհիվ են եղել։ Ես ՀՔԾ- հետ այսօր ջերմ, բարեկամական հարաբերություններ չունեմ, սովորական, առօրյա հարաբերությունների մեջ եմ, բայց ես չեմ ուզում ամբողջությամբ ջնջել մարդկանց տրամադրվածությունը, ջանքերը ինչ-որ բան անելու ուղղությամբ, չեմ ուզում միայն արդյունքները մրոտելով զբաղվել։

– Ձեզ՝ որպես փաստահավաք խմբի նախկին անդամի, այս շրջանում ՀՔԾ-ն հրավիրե՞լ է համագործակցության։

– Ոչ, չեմ համագործակցել ՀՔԾ-ի հետ։

Աղբյուր՝ 168.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->