>

Ազատություն ռադիոկայանը հայտնում է, որ կառավարությունը քննարկում է առաջին փոխվարչապետի պաշտոնը լուծարելու հարցը: Նախատեսվում է ունենալ ընդամենը երկու փոխվարչապետի պաշտոն, երեքը համարելով Հայաստանի համար շռայլություն:

Առաջին փոխվարչապետի պաշտոնը ստեղծվել էր Կարեն Կարապետյանի համար, որպես «մխիթարական մրցանակ», այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը նրան չհանձնեց վարչապետի պաշտոնը: Հայաստանի Սահմանադրությամբ նախատեսված է երեք փոխվարչապետ: Կարեն Կարապետյանի համար մեկի կարգավիճակը բարձրացրին: Նա ընդունեց, թերեւս ակնկալելով, որ ի վերջո վաղ թե ուշ գալու է Սերժ Սարգսյանի հեռանալու ժամանակը եւ պետք է լինել «մոտակայքում»:




Քոչարյանի զոհերը

Ի դեպ, տեղեկություն տարածվեց, որ Կարեն Կարապետյանն արդեն ՀՀԿ-ից էլ հեռանում է, իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կարող է հեռանալ նաեւ Հայաստանից՝ վերադառնալ Ռուսաստան եւ դառնալ Զարուբեժնեֆտի տնօրենների խորհրդի անդամ: Կարեն Կարապետյանը վերադառնում է այնտեղ, որտեղ նրա համար թերեւս ամենահարմարավետն է:





Կարապետյանը Հայաստանի նորագույն պատմության մեջ սակայն ունի իր բացառիկ տեղը, որպես մարդ, որն ըստ էության միակն էր, որ հավակնում էր քաղաքական բարձրագույն պաշտոնի, իսկ որոշ իմաստով էլ զբաղեցրել է այդպիսի պաշտոն, լինելով քաղաքական մտածողությունից էապես հեռու եւ արտաբերած չլինելով քաղաքական որեւէ տեքստ:

Ինչ վերաբերում է փոխվարչապետերի թվի կրճատմանը, ապա Կարեն Կարապետյանի պարագան վկայում է, թե ինչ սկզբունքով է Հայաստանում ձեւավորվել կամ տարբեր կերպ փոփոխվել պետական կառավարման համակարգի կառուցվածքը: Այդ ամենը տեղի է ունեցել ըստ որեւէ մեկի կամ ուժի քաղաքական ախորժակը եւ հավակնությունը բավարարելու անհրաժեշտության:


Այդ տեսանկյունից ողջունելի է Հայաստանի նոր իշխանության ազդարարած կառուցածքային վերափոխման նպատակը, ըստ որի 18 նախարարության փոխարեն պետք է մնա 11-ը, եւ պետք է կատարվեն էլի որոշ կառուցվածքային փոփոխություններ:

Լեգիտիմ իշխանության եւ ընտրական ինստիտուտի առկայության պայմաններում քաղաքական նպատակահարմարությունն ինքնաբերաբար պետք է ենթադրի կառավարության կառուցվածքի փոփոխություն ծախսերի նվազման, ոչ թե հակառակ ուղղությամբ:

Այդ իմաստով սակայն Հայաստանի նոր կառավարությունը դեռ պետք է ցույց տա հիմնարար վերափոխումներ իրականացնելու գործնական կամք:



Մասնավորապես, խոսքն օրինակ վերաբերում է ծառայական մեքենաների պարկին, որտեղ կրճատումներ տեղի ունեցել են արդեն նախորդ ամիսներին էլ, սակայն դրանք դեռեւս հեռու են հիմնարար համարվելուց: Մինչդեռ այստեղ խնդիրը ոչ միայն խնայողությունն է, այլ իշխանության հոգեբանությունն ու մտածողությունն ընդհանրապես, որի վրա ծառայական մեքենաների առկայությունը թողնում է բացասական ազդեցություն:

Այդ իմաստով հարցը նույնիսկ ավելի կարեւոր է, քան 3 փոխվարչապետը երկու դարձնելը:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->