>

Շոու բիզնեսի ոլորտում գործունեություն ծավալող անձանց՝ երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին հարկային դաշտ տեղափոխելը ոչ միանշանակ գնահատականի է արժանացել վերջիններիս կողմից:

Երեկ ՊԵԿ-ը կրկին հայտարարություն է տարածել, որով հորդորում է շոու բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվող անձանց ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, սեղմ ժամկետներում բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Հակառակ դեպքում հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ:

Հակասական կարծիքների առիթ դարձած որոշման վերաբերյալ Tert.am Life-ը զրուցել է Սիլվա Հակոբյանի, Ռաֆայել Երանոսյանի, Լիանայի և Հակոբ Հակոբյանի հետ:




Քոչարյանի զոհերը

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նկատեց, որ եթե նման օրենսդրական կարգավորում է առաջ քաշվում, ուրեմն կա դրա անհրաժշետությունը: Երգչուհին ասաց, որ ինքն օրենքը շրջանցել չի պատրաստվում:





«Եթե անկեղծ, տեղյակ էլ չէի, որ նման կարգավորում են մտցրել: Ես չեմ խառնվում նման հարցերին, իմ գործն եմ անում՝ երգում եմ: Միայն մի բան կասեմ՝ օրենքի առաջ բոլորս ենք հավասար, եթե օրենքն ընդունվի, մենք նույնպես կենթարկվենք դրան: Դա ասում եմ մեր ամբողջ ընտանիքի անունից: Ինչ Երևի ճիշտ են գտնում, որ նման օրենք են գրել»,-ասաց նա։ Նշենք, որ օրենքը վաղուց է ընդունված, սակայն մինչև այս չի կիրառվել։

Հակոբ Հակոբյան–Արմեն Հովհաննիսյան դուետը ևս հաճախ է ներկայանում տարբեր կորպորատիվ միջոցառումներում: Tert.am Life-ի հետ զրույցում Հակոբը մտավախություն հայտեց՝ վերահսկողության հետ կապված. «Ես դա չեմ պատկերացնում: Կարծում եմ, որ հնարավոր չէ վերահսկել: Ինձ թվում է, եթե փորձեն որևէ կերպ վերահսկել դա, ավելի թանկ կնստի պետության վրա, քան այն հարկերը, որոնք երգիչները պետք է վճարեն: Կարծում եմ` անհեթեթություն է: Ես, որպես երգիչ, գրանցված աշխատող եմ կոնկրետ հաստատությունում և վճարում եմ հարկ դրա համար: Հիմա չեմ պատկերացնում՝ ինչպես է լինելու: Թող վերջապես սկսեն կազմակերեպել միջոցառումներ և վճարեն երգիչներին, ոչ թե միայն իրենց հորեղբոր տղաներին ու աղջիկներին կանչեն համերգների: Եթե օրինակ իրենք որոշում են, որ մեր դուետը տարեկան X գումար պետք է վճարի, ուրեմն Հանրային հեռուստաընկերությունը պետք է ծառայի մեզ որպես գովազդի միջոց»:

Երգիչը կարծում է, որ պետական աջակցության բացակայության պայմաններում հարկ վճարելու պահանջը անհիմն է, իսկ դրա կիրառվելու պարագայում բոլորի համար հավասար սանդղակ չի կարող գործել:


«Ամեն երգիչ ունի հոնորարի իր չափը, դրանք իսկապես շատ տարբեր են և խիստ առանձնանում են: Չեն կարող բոլորը վճարել օրինակ ամսական 50 հազար դրամ, բայց ես չեմ կարծում, որ նման ձևով կկիրառվի օրենքը: Ես կարող եմ գնալ ինքնահայտարարգրվել, բայց ես կվճարեմ այն դեպքում, երբ պետությունը, Մշակույթի նախարարությունը և համապատսխան այլ կառույցները որոշակի ազդեցություն ու կոնկրետ մասնակցություն կունենան իմ գործում: Ես նկարահանել եմ հայրենասիրական երգ, որի վրա ծախսել եմ ավելի քան 10 հազար դոլար: Ամիսներ շարունակ առավոտից երեկո աշխատել եմ, որ այդ գործը ստանամ, բայց պարզվում է, որ դա բացարձակ հետաքրքիր չէ: Ես իմ տեսակով այնպիսի մարդ եմ, որ օրենքներ չեմ խախտում` ամենամանրից մինչև ամենալուրջը, բայց եթե խոսքը գնում է բարեխղճության մասին, դա կլինի այն ժամանակ, երբ ես դիմացինից, այսինքն պետությունից՝ կզգամ բարեխղճություն իմ հանդեպ: Ամեն դեպքում, երկար կմտածեմ՝ ոնց է ճիշտ օրենքի սահմաններում գործել, որովհետև չեմ սիրում իմ շուրջը ավելորդ խնդիրներ ունենալ»,-ասաց նա:

Դերասան Ռաֆայել Երանոսյանը, որը զբաղվում է նաև հանդիսավարությամբ, նշեց, որ նման օրենսդրական կարգավորման մասին տեղյակ չի եղել, այդուհանդերձ կարծում է՝ օրենքի կիրառության դեպքում դրան չենթարկվելու այլընտրանք չկա: «Եթե սովորական «բուդկայում» նստող մարդը մտնում է հարկային դաշտ, ես ինչո՞վ եմ պակաս, ես էլ պետք է մտնեմ: Բայց այնպես չէ, որ միայն օրենք պետք է ընդունել ու վերջ: Լիքը բաներ պետք է հաշվի առնեն: Ես շոու բիզնեսի մեջ չեմ ապրում: Ես իմ եկամուտները թատրոնից, ներկայացումներից եմ ստանում: Այնպես չէ, որ ամեն օր գնում եմ միջոցառումներ եմ վարում»,-ասաց նա:



Մինչև օրենիք կիրառությունը, Ռաֆոյի կարծիքով, հարկավոր է հաշվարկել հնարավոր ռիսկերը. «Գոյություն ունի ապահովագրության խնդիր: Աստված չանի, ես նստում եմ ինքնաթիռ, ինքնաթիռը ընկնում, ջարդվում է կամ համերգի ժամանակ ընկնում, ոտքս ջարդում եմ, եթե իրենք նման իրավիճակների համար էլ համապատասխան լուծում առաջարկեն, ես պատրաստ եմ վճարել»:

Երգչուհի Լիանան ընդհանրապես չի հասկանում այս օրենքի կիրառման տրամաբանությունն ու այն համարում է անհեթեթ որոշում: Նրա կարծիքով, պետությունը երգչին հարկատու կարող է դիտարկել միայն այն ժամանակ, երբ որևէ կերպ կօժանդակի վերջինիս գործունեությանը:

«Տպավորություն է, որ հեշտ է երգելը, ի՞նչ են անում որ, բայց ամեն ինչի համար բոլորն ահռելի գումարներ են ուզում՝ սկսած երգի հեղինակից, գործիքավորում, ձայնագրություն, որպեսզի լինի որակյալ աշխատանք: Հիմա, եթե մենք չկարողանանք մեր վաստակած գումարները ներդնել այդ երգերի ստեղծման մեջ, չենք կարողանա ոչինչ անել: Ի՞նչ է տալիս մեզ պետությունը, օգնո՞ւմ է ինչ-որ կերպ: Ուզում եմ հասկանալ նման օրենքի իմաստը: Ես իմ գումարը աշխատում եմ, կոպեկներով հավաքում եմ, տալիս եմ գործիքավորողին, հեղինակին, ձայնագրման ստուդիային, հետագայում տեսահոլովակի ռեժիսորին: Այսինքն դուրս է գալիս ահռելի գումարներ ծախսում ենք, մի հատ էլ պետությանը պետք է տա՞նք: Ուզում եք ասեք Հայաստանում ամեն ինչ դզվեց, բոլորը տեղն է ընկել, միայն երգիչներն էին մնացել օդի մեջ, որ հիմա իրենց էլ ստիպենք պետությանը փող տան»,-ասաց նա:

Լիանան նկատեց, որ պետական մակարդակով համերգներ էլ չեն կազմակերպվում, որպեսզի երգիչներն այդ եղանակով ևս կարողանան գումար վաստակել, իսկ կորպորատիվ միջոցառումենրից ստացված եկամուտներն հարկելը տեղին չէ: «Մենք հո ապրանք չենք առնում–ծախում, որ մեզ հարկում են, ուղղակի աստվածատուր տաղանդ է, ոնց որ ասեն Աստծո տված շնորհից մեզ հարկ տուր: Ես նույնիսկ հումորով ասում եմ՝ մնում է մեր կոկորդին ջրաչափ դնեն, չափեն ինչքան ենք երգում, ասեն դե այդքան գումար փոխանցեք: Սա առողջ միտք չէ: Մենք օդից գումարներ չենք ասում, այդ գումարի տասնապատիկը ծախսում ենք, որ այդ երգերը ստանանք: Օրինակ՝ եթե մի երգը մեզ վրա նստում է 100 դոլար, մենք էլ չենք ասում 50 հազար դոլար տվեք, գանք երգենք: Այդպես չենք անում չէ՞: Ես ուղղակի չեմ հասկանում, թե դա ինչպես են վերահսկելու: Դա շատ դժվար կլինի»,– ընդգծեց երգչուհին։

Աղբյուր՝ Life.tert.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->