>

Հանրային շրջանակում շարունակվում է գեներալ Արշակ Կարապետյանի նոր նշանակման աղմկոտ քննարկումը, որի համար Նիկոլ Փաշինյանն արժանացել է զգալի քննադատության: Նրան հիշեցրել են, որ Արշակ Կարապետյանը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հայկական զինուժի հետախուզության ղեկավարն էր: Հանրության շրջանում կա որոշակի համոզում, որ ապրիլյան քառօրյան հետախուզության ձախողումն էր, ինչի պատճառով ադրբեջանական գրոհը եղել է անակնկալ:

Նիկոլ Փաշինյանը նախօրեին պատասխանել է այդ մեղադրանքներին, ասելով, որ վարչապետի պաշտոնում հարյուրավոր էջեր գաղտնի ինֆորմացիա է ընթերցել ապրիլյան պատերազմի մասին եւ դրանցում չի նկատել հետախուզական տվյալի բացակայության որեւէ դրվագ:




Քոչարյանի զոհերը

Փաշինյանը միաժամանակ ասել է նաեւ, որ պատասխանատվությունը հետախուզության ղեկավարի վրա դնելը նշանակում է չդնել պատասխանատվություն Գերագույն գլխավոր հրամանատարի հանդեպ, որն այդ ժամանակ եղել է Սերժ Սարգսյանը:





Արշակ Կարապետյանի առնչությամբ զարգացումներն իսկապես հետաքրքիր են: Օրինակ, Սերժ Սարգսյանը նրան պաշտոնանկ արեց 2016-ի ապրիլի պատերազմից գրեթե անմիջապես հետո, սակայն մոտ երկու տարի անց էլ՝ 2018-ի փետրվարին, երբ պատրաստվում էր նախագահի պաշտոնից անցնել վարչապետի պաշտոնի, նշանակեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդ:

Ինչու՞ Սերժ Սարգսյանը կատարեց այդ նշանակումը: Եթե Արշակ Կարապետյանը ուներ լուրջ պատասխանատվություն ապրիլյան քառօրյայի համար, ինչու՞ է այդ լուրջ պատասխանատվություն կրող մարդը պաշտոնանկությունից երկու տարի անց նշանակվում անվտանգության հարցում Հայաստանի առանցքային գործընկեր պետությունում ՀՀ ռազմական կցորդ:


Այդ կարգավիճակը Սարգսյանի համար անկարեւոր ու անլու՞րջ էր, «աքսորավա՞յր», թե՞ Սարգսյանը փորձում էր ցույց տալ ապրիլյան պատերազմում Ռուսաստանի «կառուցողական» դերը: Բայց ինչու՞ երկու տարի անց:

Իսկ արդյոք այդ նշանակումը կապ ուներ Սերժ Սարգսյանի նախագահից վարչապետ անցման հետ, որում անկասկած մեծ նշանակություն էր ունենալու Մոսկվան, հաշվի առնելով Սերժ Սարգսյանի ներքին լեգիտիմության իսպառ բացակայությունը: Արշակ Կարապետյանի նշանակումով ի՞նչ հարց էր փորձում լուծել Սարգսյանն այդ ժամանակ:



Փաստացի ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը Արշակ Կարապետյանին խորհրդականի կարգավիճակի է բերում, ազատելով ռազմական կցորդի կարգավիճակից: Դա վերադարձ է աքսորի՞ց, թե՞ Փաշինյանը այդպիսով ազատում է Ռուսաստանում ՀՀ ռազմական կցորդի կարգավիճակը կամ այլ կերպ ասած՝ վերադարձնում է ոչ թե Կարապետյանին, այլ Հայաստանին է վերադարձնում ՌԴ-ում ռազմական կցորդի պաշտոնը: Բայց դրա համար նա ամենեւին չուներ Կարապետյանին խորհրդական նշանակելու անհրաժեշտություն:

Ամենից հետաքրքիրն իհարկե այն է, թե ի՞նչ խորհուրդներ է ակնկալում Փաշինյանը հետախուզության նախկին ղեկավար գեներալից, եւ ինչ հարցերում՝ բանակի՞ հետ առնչվող, թե՞ արցախյան կարգավորման գործընթացի, որը փաստացի գտնվում է ստատուս-քվոյի քաղաքական կառավարման մեխանիզմի ձեւավորման նոր փուլի շեմին, եւ այստեղ Նիկոլ Փաշինյանն ըստ երեւույթին արդյունավետ լինելու համար զգացել է նախկին փուլերի առավելագույնս ամբողջական տիրապետման անհրաժեշտություն, ոչ միայն «թղթերով», այլ նաեւ առարկայորեն, հաշվի առնելով այն, որ Սերժ Սարգսյանի մոտ «թղթերով ամեն ինչ կարգին» էր:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->