>

Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկվել է Արարատ Միրզոյանի, փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները. երեկ երեկոյան «Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողներին ասել է դաշինքից ընտրված պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում՝ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Հակոբ Սիմիդյանի թեկնածությունը:




Քոչարյանի զոհերը

«Ինչպես նաև առաջարկվել են մի քանի հանձնաժողովների նախագահների թեկնածություններ, և կարելի է ասել, որ խմբակցության կողմից ընդունվել են այդ բոլոր առաջարկները: ՔՊ վարչությունը և վարչապետը առաջարկեցին այն թեկնածությունները, որոնք մենք քննարկել էինք, եղավ հարցուպատասխան, և վերջում քվեարկությամբ վարչության բոլոր առաջարկներն ընդունվեցին»,- հայտնել է Ալեն Սիմոնյանը:





Եվ այսպես՝ երեկ «Մարիոթում», ըստ էության, կայացել է հեղափոխության թիմի ոչ ֆորմալ համագումարը, որի ընթացքում ձևավորվել է նորընտիր խորհրդարանի ղեկավար կազմը։ Յոթերորդ գումարման ԱԺ պարագայում ավելի էական են «Իմ քայլը» խմբակցության, քան խորհրդարանի լիագումար նիստերը. Փաշինյանի թիմը ԱԺ-ում ունի սահմանադրական մեծամասնություն, և ընդդիմության ձայնը շատ դեպքերում ոչ միայն լսելի չէ, այլև նույնիսկ խորհրդանշական ու ոչ էական է։

Խորհրդարանի նախագահի ու նրա տեղակալների ընտրության հարցում որևէ անակնկալ չի արձանագրվել։ Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նոր կառավարությունում չի լինելու առաջին փոխվարչապետի պաշտոն, ակնհայտ էր՝ քաղաքական թիմում Փաշինյանի «աջ թևը» համարվող Արարատ Միրզոյանը դառնալու է խորհրդարանի նախագահ։ Կադրային այս լուծումը քաղաքական տեսանկյունից նույնիսկ արդարացված էր, որովհետև մի կողմից՝ նպաստում է ԱԺ հեղինակության բարձրացմանը, մյուս կողմից՝ Փաշինյանը փորձում է վերահսկելի դարձնել խորհրդարանի 88 հոգանոց խմբակցությունը, որն, անկեղծ լինենք, ամենևին էլ միասնական քաղաքական թիմ չէ։


Սակայն առնվազն տարակուսելի են այն կադրային որոշումները, որոնք կայացվել են խորհրդարանական մեծամասնության ղեկավարի նշանակման հարցում։ «Իմ քայլը» խմբակցությունը ղեկավարելու է մշակույթի գործող նախարար Լիլիթ Մակունցը։ Վերջինս ժամանակավոր կառավարությունում ոչնչով աչքի չի ընկել, դժվար է նրան համարել քաղաքական հետագիծ ունեցող գործիչ, ու առհասարակ այնպիսի տպավորություն է, որ Մակունցը խմբակցության ղեկավար է դառնում երկու՝ ամենևին էլ ոչ քաղաքական պատճառներով։

Նախ՝ կառավարության կառուցվածքի օպտիմալացման հետևանքով լուծարվում է մշակույթի նախարարությունը, ու նկատելի է, որ մեծ է եղել Փաշինյանի ցանկությունը Մակունցին տալ, այսպես կոչված, «տիտղոսային» պաշտոն՝ ծառայողական մեքենայով, կաբինետով։ Մակունցն ըստ էության ոչ թե քաղաքական դեմք է լինելու, այլ Փաշինյանի «աչքն ու ականջը» խմբակցությունում։



Ավելորդ չէ նշել, որ Լիլիթ Մակունցը մինչև նախարար դառնալն անգամ կուսակցական չի եղել, ու նրան խմբակցության ղեկավար կարգելով՝ հեղափոխության թիմն ավելորդ անգամ փաստում է, որ իշխանության աստիճանակարգում խորհրդարանին վերապահվում է երկրորդական դերակատարություն։

Հնարավոր չէ չխոսել մեկ այլ տխուր օրինաչափության մասին, որն իներցիայով ժառանգվում է նախորդ տարիներից։ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ձևավորվել էր պաշտոնյաների մի խումբ, որը մոտ էր առաջին դեմքին ու պարտադիր պետք է տիրապետեր տիտղոսային պաշտոնների։ Հիմա այդ երևույթը վերածնվում է։ Չկա մշակույթի նախարարությունը, սակայն Լիլիթ Մակունցի ծառայողական մեքենան պահպանվում է, նույնը վերաբերում է նաև սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին, որը նոր խորհրդարանում զբաղեցնելու է կրթության ու գիտության հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->