>

Դերասան Կարեն Ասլանյանը այսօր կներկայացնի նոր երգ ու տեսահոլովակ: «Ես խանդում եմ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի հերոսուհին դերասանուհի Ադրիանա Գալստյանն է: Կարենը Tert.am Life-ին է վստահել նոր աշխատանքի մանրամասներն ու լուսանկարներ տրամադրել նկարահանման հրապարակից:

Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Կարենի պրոդյուսեր Արման Անտոնյանն է: Ի տարբերություն նախորդ կատարումների, նոր երգն առավել ռիթմիկ է ու պարային։ «Խանդոտ մարդկանց այս երգը հաստատ դուր կգա, քանի որ հիմքում այդ թեման է: Կարելի է ասել՝ պարելով խանդում ենք:),- ասաց Կարենը, իսկ հարցին, թե ինքն իրեն խանդոտ համարո՞ւմ է, պատասխանեց,- Որևէ նորմալ, հայ, «լավ» տղա չի կարող խանդոտ չլինել: Բնականաբար, խանդոտ եմ: Եթե իմ կողքին լինի ընկերուհի, կլինեմ խանդոտ և պահանջկոտ: Դա նորմալ է: Եթե մի հայ տղամարդ ասի, որ խանդոտ չէ, նա իմ ընկերը չի կարող լինել»:

Նոր երգի տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է: Տեսահոլովակի նկարահանումները տևել են երկու օր` տարբեր վայրերում: Կարենը նշեց, որ տեսահոլավակը հագեցած է տարբեր տեսարաններով:




Քոչարյանի զոհերը


«Տեսահոլովակի գլխավոր հերոսները ես ու Ադրիանան ենք:  Մոտ հինգ տարի է` ծանոթ ենք Ադրիանայի հետ։ Երբ հերոսուհի ընտրելու պահն էր, ռեժիսորն իր կարծիքն էր հայտնում, մյուսները իրենց տարբերակն էին առաջարկում, ես միանշանակ ասացի, որ Ադրիանան պետք է լինի։ Ըստ իս` նա շատ էր համապատասխանում մտածված կերպարին: Ադրիանան այդպիսին դեռ չի ներկայացել: Տեսահոլովակի առաջին պլանում հենց նա է: Տղան անընդհատ հաճոյանում է աղջկան, ամենուր երգում նրա համար և որքան էլ աղջիկը կամակորություն է անում, միևնույն է, սիրում է տղային և վերջում իրենք միասին են լինում:





Ինձ համար էլ սա նորովի աշխատանք է, որովհետև այսպիսի տեսահոլովակ դեռ չեմ ունեցել»,-ասաց Կարենը:

Tert.am Life-ի հետ զրույցում Ադրիանան էլ նշեց, որ սա իր մասնակցությամբ թվով 5-րդ տեսահոլովակն է, սակայն ամեն բան արել է, որպեսզի ամեն անգամ յուրովի ներկայանա. «Միշտ աշխատել եմ հանդես գալ տարբեր կերպարներով, որպեսզի հետաքրքիր լինի լսարանին: Կարող եմ ասել, որ կերպարս բավականին նման էր ինձ՝ ամաչկոտ, միաժամանակ, ճարպիկ: Չեմ ուզում ավելին ասել, մեկնաբանությունը  թողնում եմ դիտողին»:

Խոսելով Կարենի հետ համագործակցության մասին՝ դերասանուհին նկատեց, որ իրենք լավ ընկերներ են ու դա նպաստել է հեշտ աշխատելուն: «Միակ խանգարող փաստը ցուրտ եղանակն էր, բայց դա էլ կարողացանք հաղթահարել, բախտներս բերեց, որ երկուսս էլ լավ հումորի զգացում ունենք,- ասաց նա, ինչ վերաբերում է իր` խանդոտ լինելուն, դերասանուհին նկատեց,-Եթե սիրում ես, չես կարող չխանդել»:


Ինչպես Մաշ Իսրայելյանի հետ Կարենի նախորդ զուգերգը, այնպես էլ այս երգը պրեմիերայից առաջ տարածվել է համացանցում: Եթե նախորդ անգամ նրանք նախընտրեցին նկարահանումը չեղարկել ու երգն արագ ներկայացնել լսարանին, այս դեպքում այլ կերպ վարվեցին:

«Այս անգամ երգը տարածվեց այն ժամանակ, երբ տեսահոլովակն արդեն նկարահանել էինք և մոնտաժային փուլն էր սկսվել: Ես չգիտեի ինչ անել, ստիպված համբերեցինք: Երգը ձևափոխեցինք, նոր շեշտադրումներ արեցինք, որպեսզի լսարանի համար իսկապես պրեմիերա լինի: Որոշ չկայացած մարդիկ ուզում են աշխատանք տանել, չգիտեմ ո՞վ է ցանկանում ուրիշի գործը փչացնել, տարածել, բայց բոլորիս համար էլ պարզ  է, եթե արտիստը չի արել պրեմիերա, ինչ-որ մեկի կողմից երգի տարածումը մարդկային չէ»,-ասաց նա:



Կարենը նկատեց, որ անկախ երաժշտական ասպարեզում իր նկատելի ակտիվությունից, շարունակում է մնալ այն կարծիքին, որ ինքը դերասան է, որը պարզապես երգում է: Դերասանի խոսքով, եթե չլիներ լսարանի դրական արձագանքը, ինքը չէր շարունակի նոր երգեր թողարկել ու տեսահոլովակներ նկարահանել:

«Ես դա չեմ անում, որ ինձ համարեմ երգիչ: Ես դերասան եմ, որը մշտապես երաժշտության հետ կապ է ունեցել: Այս ամենը իմ հանդիսատեսի համար է, որը սիրում և  նոր աշխատանքներ է սպասում  ինձնից: Կարծում եմ ՝ իմ տեսահոլովակների դիտումների քանակն արդեն խոսուն փաստ է։ Ինձ համար ամենակարևորը հանդիսատեսի կարծիքն է: Եթե հեռուստադիտողը և հանդիսատեսը չընդունեն իմ երգելը, ես դա միանշանակ չեմ շարունակի, բայց քանի որ ես զգում եմ մարդիկ կան, որոնք սպասում են դրան, շարունակում եմ աշխատել այդ ուղղությամբ»,-ասաց Կարենը:

Վերջինս նաև փաստեց, որ երաժշտական գործունեությունն իր համար կոմերցիոն նպատակ չի հետապնդում. «Ես բազմիցս նշել եմ՝ ո՛չ դերասանությունը, ո՛չ երգարվեստն ինձ համար գումար աշխատելու միջոց չեն: Ես ունեմ բիզնես, իսկ սա ինձ համար սիրելի զբաղմունք է, որով փորձում եմ իմ ներաշխարհն արտահայտել: Ես այս ամենն անում եմ սիրով: Չեմ երգում այնպիսի երգեր, որ ինձ հրավիրեն հարսանիքների կամ այլ միջոցառումների: Եթե հրավիրեն, բնականաբար, կասեմ իմ համապատասխան հոնորարը, որովհետև ես գումար եմ ծախսում այդ երգերն ունենալու համար, բայց իհարկե դա ինձ համար նպատակ չէ»,-եզրափակեց նա:

Աղբյուր՝ Tert.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->