>

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը ամենամյա հերթական մեծ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, որ Հայաստանի հետ հարաբերության առումով վերականագնելու որեւէ բան չկա, քանի որ որեւէ բան չի էլ փլուզվել: Իսկ հարցը հնչել էր այն համատեքստում, թե ինչպես է Ռուսաստանը վերականգնելու այդ հարաբերությունը:

Պուտինը միանգամից ասել է, որ փլուզված ոչինչ չկա, որ հարկ լինի վերականգնել: Միաժամանակ նա նշել է, թե պետք է պահպանել եղածը՝ նախկին սերնդի ղեկավարների ընթացքում ստեղծվածն ու զարգացնել այն, խորացնել, հաշվի առնելով աշխարհում եւ ռեգիոնում նոր իրողությունները: ՌԴ նախագահն ասել է, թե այդ հարցերը կքննարկի հաջորդ շաբաթ Մոսկվա այցելող Նիկոլ Փաշինյանի հետ:

ՌԴ նախագահի արձագանքը եւ ձեւակերպումը հատկանշական է, առավել եւս Հայաստանում հնչող այն հայտարարությունների ֆոնին, թե Փաշինյանը տապալել է հայ-ռուսական հարաբերությունը: Ընդ որում, դրա վկայություն էր դիտվում եւ այն, որ Պուտինը մինչ այժմ չի շնորհավորել Փաշինյանին խորհրդարանի ընտրության հաղթանակի կապակցությամբ:




Քոչարյանի զոհերը

Պուտինը փաստորեն պատասխանում է հայ-ռուսական հարաբերությամբ մտահոգներին, որ ոչինչ էլ փլուզված չէ:





Ամենահատկանշականը սակայն այն է, որ ՌԴ նախագահը ազդարարում է հայ-ռուսական «նոր սերնդի» հարաբերության մասին, նշելով, որ պետք է զարգացնել «նախկին սերնդի ղեկավարների» շրջանում ստեղծված հարաբերությունը:

Այլ կերպ ասած, ՌԴ նախագահը ակնարկում է, որ հայ-ռուսական հարաբերության մեջ առկա է ոչ թե փլուզում, այլ սերնդափոխություն, եւ նա, դեռեւս չշնորհավորելով Հայաստանի նոր սերնդի խորհրդարանի ձեւավորումը, այդուհանդերձ ազդարարում է հին սերնդի ժամանակի ավարտը՝ համենայն դեպս հայ-ռուսական հարաբերության տիրույթում:


Խոշոր հաշվով, Ռուսաստանի նախագահին ներկայում հետաքրքիր է հենց դա, ոչ թե Հայաստանի խորհրդարանը: Այսինքն ինչի է պատրաստ նոր սերնդի առաջին ղեկավար Փաշինյանը եւ հայ-ռուսական հարաբերության ինչ կորագիծ է հնարավոր պատկերացնել ներկայում եւ հեռանկարում: Պուտինը մի կողմից ակնարկում է, որ հակված չէ էապես փոխել այն, ինչ կա, մյուս կողմից սակայն հայտնում է նոր համաշխարհային եւ ռեգիոնալ իրողությունները հաշվի առնելու պատրաստակամություն:

Սեպտեմբերի 8-ից առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը կատարելու էր ըստ էության առաջին «ամբողջական» այցը Ռուսաստան, Պուտինի օգնականը հայտարարել էր, թե սպասում են Նիկոլ Փաշինանին, նրա պատկերացումները լսելու համար:

Ներկայում փաստացի նույնն ասվում է արդեն Պուտինի մակարդակով, արդեն մի իրավիճակում, երբ Հայաստանում տեղի է ունեցել ամբողջական իշխանափոխություն: Հատկանշական է մի բան՝ սեպտեմբերի 8-ին Մոսկվա այցից վերադառնալով եւ գրեթե անմիջապես սկսելով Երեւանի Ավագանու ընտրության քարոզարշավը, որը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր փաստացի խորհրդարանի արտահերթ ընտրության հանրաքվե, նա դիմեց այսպես ասած սեւի ու սպիտակի տեխնոլոգիային, առաջին իսկ քարոզչական հանրահավաքում անցնելով կոշտ հռետորաբանության, այն դեպքում, երբ մինչ այդ անհաջող էր որակել սեւի ու սպիտակի մասին քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի խոսքը:



Գործնականում, վերադառնալով Մոսկվայի հանդիպումից, Նիկոլ Փաշինյանը սկսեց խորհրդարանի արտահերթ ընտրությունն արագացնելու գործընթացը: Հատկանշական է, որ արտահերթ ընտրությունից հետո նա մեկնում է Մոսկվա, եւ այդ այցին ընդառաջ ՌԴ նախագահն է ազդարարում Փաշինյանի հետ հայ-ռուսական նոր հարաբերության քննարկումը, արդեն «նոր սերնդի» ռեժիմում, նոր իրողությունների պայմաններում:

Չի բացառվում, որ սեպտեմբերի 8-ին լսելով Փաշինյանին, Կրեմլը փորձել է տեսնել, թե ինչի է նա ունակ գործում: Փաշինյանը սեպտեմբերի 9-ից մինչեւ դեկտեմբերի 9-ը ցույց տվեց, թե ինչի է ունակ: Հատկանշական է նաեւ, որ վերջին օրերին էլ Ռուսաստանը կարծես թե փորձեց մի քանի դիրքային հակադարձումներ անել իր դիրքերը սրընթաց ամրացրած Փաշինյանին՝ մոսկովյան հանդիպմանն ընդառաջ փորձելով հավասարվել խաղաքարտերով:

Կանցնի՞ Մոսկվան դիրքային մարտահրավերից Երեւանի հետ բովանդակային երկխոսության, եւ պատրա՞ստ է Երեւանը նոր առաջարկների, համաշխարհային եւ ռեգիոնալ այն նոր իրողությունների պայմաններում, որոնք Մոսկվայի համար մեծացնում են Հայաստանի հետ գործընկերային եւ դաշնակցային հարաբերության կարիքն ու նշանակությունը:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->