>

Եթե մինչ այս պահն այդպիսի հանդիպում չի եղել, ուրեմն չի եղել այդպիսի հանդիպման անհրաժեշտություն: Այդպես է արձագանքել Հայաստանի վարչապետի խոսնակ Արման Եղոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Բելառուսի թեկնածու, գեներալ Ստանիսլավ Զասի հայտարարությանը:

Իսկ Զասը հայտարարել է, որ ցանկացած պահի պատրաստ է հանդիպել Հայաստանի ղեկավարի հետ: Նա հույս է հայտնել, որ մինչեւ տարեվերջ կամ հաջորդ տարվա սկզբին կանցնի իր պարտականությունների կատարմանը:

Դեկտեմբերի 21-ին Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ Խորհրդի որոշման նախագիծ, որով Զասը նշանակվում է գլխավոր քարտուղարի պաշտոնին:




Քոչարյանի զոհերը

Լուկաշենկոյի թեկնածուն անցել է ՀԱՊԿ բոլոր մայրաքաղաքներով, Երեւանից բացի:





Երեւանի դիրքորոշումը հայտնի է: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը համարում է, որ չկա Երեւանի քվոտան ժամկետից շուտ դադարեցնելու անհրաժեշտություն:

Միեւնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաեւ, որ բուն գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական է, եւ Հայաստանի համար գլխավոր խնդիրը ՀԱՊԿ ռազմա-քաղաքական բնույթն է եւ ըստ այդմ` Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների իրացումը: Սանկտ-Պետերբուրգի հայկական համայնքի հետ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանի վարչապետն ասել էր, որ Բելառուսի ներկայացուցիչը թող 50 տարի լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի համար դա չէ կարեւոր, այլ ՀԱՊԿ դաշնակցային բնույթն ու պարտաճանաչությունը:


Հատկանշական է, որ Լուկաշենկոն էլ, ընդունելով Զասին հայտարարել է, թե ՀԱՊԿ ռազմա-քաղաքական կառույց է եւ հետեւաբար պաշտոնաթող գեներալների փոխարեն այն պետք է ունենա գործող գեներալ գլխավոր քարտուղար: Բելառուսի նախագահը ակնարկել է Հայաստանի թեկնածու Յուրի Խաչատուրովին, որի նշանակմանը դեմ լինելու մասին նա հայտարարեց ամիսներ առաջ, երբ Խաչատուրովն արդեն հետ էր կանչվել: Խաչատուրովի նշանակումը ձգվեց մեկ տարի եւ ավելի: Միաժամանակ Սերժ Սարգսյանն էլ ակնհայտ պասիվություն էր ցուցաբերում այդ նշանակումը շուտափույթ ավարտելու հարցում, թերեւս լավ հասկանալով, որ իրականում այդ քվոտան Հայաստանին տրվեց Երեւանի «բերանը փակելու» համար, երբ Սարգսյանը փոքր ինչ հաճախ էր սկսել դժգոհել ՀԱՊԿ ղեկավարների պահվածքից:

Ինչպես ավելի ուշ հայտարարեց այն ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Խաչատուրովի նշանակումը Հայաստանի համար որքան լավ էր, այնքան էլ կարող էր խնդիրներ առաջացնել, որովհետեւ նրա հայտարարությունները կվերագրեին հայ լինելուն, ոչ թե ՀԱՊԿ քաղաքականությանը:

Մյուս կողմից, իհարկե տարօրինակ կլիներ, եթե Երեւանը հրաժարվեր իր քվոտայից, այն էլ դժգոհելով ՀԱՊԿ պահվածքից: Այդ իմաստով, ՀԱՊԿ նախագահները Սերժ Սարգսյանին գցեցին ծուղակը՝ Հայաստանին առաջարկեցին մի բան, որից հրաժարվել չէր կարող, սակայն որով նաեւ չէր կարող բուն խնդիրը լուծել, այսինքն փոխել ՀԱՊԿ քաղաքականությունը:



Հիմա ստեղծվել է իրավիճակ, երբ Հայաստանն է ՀԱՊԿ նախագահներին դրել ծուղակի առաջ, մասնավորապես նրանց, ովքեր բացահայտ խոստովանում են Ալիեւի վարձու գործակալ լինելու հանգամանքը: Երեւանը թվում է թե ստեղծեց ճգնաժամ, իրականում վաղուց, հենց սկզբից այդ կազմակերպությունում առկա ճգնաժամը Հայաստանի վրայից տեղափոխեց այսպես ասած «գյուղամեջ»՝ կազմակերպության կենտրոն, այն դարձնելով բոլորինը: Եվ ավելին, այն այժմ կարծես թե բոլորինն է, Հայաստանից բացի, որովհետեւ Երեւանն այս վիճակում չի կորցնում գործնականում ոչինչ, որովհետեւ բացի ԳՔ բուտաֆորիկ եւ ծուղակային պաշտոնից, ոչինչ այդ կառույցում չի էլ ունեցել:

Փոխարենը Հայաստանը այժմ ստացել է առանցքային դերի հեռանկար: Լուկաշենկոն ըստ երեւույթին հասկացել է, որ առկա իրավիճակում ստանձնում է ավելի շուտ բուտաֆորիան, մինչդեռ խաղի նախաձեռնությունը հանձնվում է Հայաստանին: Այդ իսկ պատճառով շտապում է, հնարավորինս քիչ գին վճարելու համար:

Նիկոլ Փաշինյանի արձագանքը հուշում է, որ Երեւանը չի շտապում: Հայաստանի խնդիրն իհարկե Բելառուսի նախագահի «հաղթանակ» թույլ չտալը չէ, այլ այդ հաղթանակը այնպես կառավարելը, որ այն ի վերջո վերածվի Պյուռոսյանի, մոտավորապես այնպիսի հաղթանակի, ինչպիսին էր Սերժ Սարգսյանի համար Խաչատուրովի նշանակումը: Հայաստանի խնդիրն է ձեւավորել այդ հաղթանակի համար Լուկաշենկոյի վճարելիք այնպիսի գին, որը հետո նրան չի համաձայնի փոխահատուցել նույնիսկ Ալիեւը:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->