>

Lragir.am-ի զրուցակիցն է քրիստոնյա-դեմոկրատական շարժման ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին մեկնում է Ռուսաստան և հանդիպելու է Պուտինի հետ: Ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից՝ հատկապես ՌԴ նախագահի վերջին հայտարարությունից հետո, ըստ որի հայ-ռուսական հարաբերությունները չեն փլուզվել, որ հիմա էլ կարիք լինի վերականգնել:




Քոչարյանի զոհերը

Հայ-ռուսական հարաբերություններն օբյեկտիվ հիմք ունեն, այդ իմաստով բան չի փոխվել: Բայց մենք ունենք գլխավոր խնդիր Ռուսաստանի հետ՝ մեր հարաբերությունները դարձնել գործընկերային, ոչ թե ծառայի և տիրոջ, ինչպես եղել է մինչև այժմ: Այդ առումով Նիկոլ Փաշինյանին ծանր աշխատանք է սպասվում՝ հետևողականորեն հասնել նրան, որ այդ հարաբերությունների որակն ու մակարդակը բարձրացվի: Կարծում եմ՝ Ռուսաստանը դրան պատրաստ է: Ռուսաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին վիճակը շատ ծանր է տնտեսական իմաստով: Հայերը պետք է իմանան, որ Ռուսաստանը ոչ Մոսկվան է, ոչ էլ Սանկտ Պետերբուրգը, իսկ ՌԴ մնացած հատվածներում, այսպես ասած, Ռուսաստանի խորքերում, ստագնացիա է: Ըստ էության, Ռուսաստանը բարեկամ պետություն չունի: Հատկանշական է, որ Պուտինն ասաց, որ Հայաստանն իրենց ռազմավարական դաշնակիցն է ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Այդ խոսքն ուղղված էր ամբողջ աշխարհի հայությանը: Պուտինը հեղափոխության օրերին տեսավ, որ մեր ժողովուրդը մոլորակով մեկ կանգնեց, ու նա ցանկանում էր շահել մոլորակի հայերի համակրանքը: Կարծում եմ՝ եթե մեր նոր վարչապետի նյարդերը չդավաճանեն և նա կարողանա համբերատար աշխատել, բավական զիջումներ կարելի է պոկել Ռուսաստանից:





Զիջումներ ասելով նկատի ունեք նաև գազի գի՞նը:

Այո, բայց ոչ միայն գազի գնի հետ կապված, այլև ռազմատեխնիկական, հումանիտար, տեխնոլոգիական ոլորտներում: Մեզ մոտ, ցավոք, մտածողությունը նեղ է, մեզ մոտ կա երկու հարց՝ գազի գին և գեներալ Մանվելի հարց, ուրիշ բանի մասին չեն խոսում: Իրականում, մենք Ռուսաստանից ստանալիք շատ ունենք: Ի վերջո, Ռուսաստանը զիջելու է, ու այնպես չէ, որ կամավոր է զիջելու, բայց դրա համար նրա հետ սակարկել է պետք, ինչպես թուրքերի դիվանագիտությունն է: Նրանք այնքան են սակարկում, մինչև վերջին կոպեկը պոկում են: Տեսեք, թե Էրդողանն ինչ է անում, ամեն կողմից մի բան պոկում է:

Պարոն Շիրինյան, Դուք Նիկոլ Փաշինյանի խոսքից տպավորություն ստացա՞ք, որ մենք զիջում ենք նաև ՀԱՊԿ գլխավոր քատուղարի պաշտոնը Բելառուսին:


Ես արդեն ասել եմ, որ դա մի երևելի պաշտոն չէ: Դա ռուսական քաղաքականության հավելյալ խողովակ է, ուրիշ ոչինչ, որտեղ որևէ մեկը հարց չի լուծում, բացի Ռուսաստանից: Այստեղ հարցը հետևյալն է. եթե այդ ձևական պաշտոնի զիջման ճանապարհով Փաշինյանն ստանա ավելին, ես առաջարկում եմ ստանալ ավելին: Խաչատուրովի պաշտոնի շուրջ այդ «բազարը», որ կա, որ Պուտինը սարքեց Նազարբաևին և Լուկաշենկոյին քցել, խաբելով, ու զուգահեռ է տարվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ: Իրականում, նման բան չկա, սա ձևական պաշտոն է և ով էլ լինի այդ պաշտոնում, գործի տերը ռուսն է և ինչպես ասի, այդպես է լինելու: Դրա համար կարծում եմ՝ դրա հաշվին կարելի է օգուտներ ստանալ, հատկապես, որ ակնհայտ է, որ Ռուսաստանը այս ճանապարհով Հայաստանի հետ խաղեր անելով այդ նշանակումը ձգձգում է այնքան ժամանակ, մինչև Հայաստանի ժամկետը կվերջանա:

Ըստ էության, Մոսկվան Խաչատուրովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները վերցրել է իր վրա՝ տեղակալի տեսքով: Հիմա մեզ այս հարցում պնդելն ի՞նչ է տալիս: Նախ, մենք մեզ արժանապատիվ ենք պահել՝ մարդը հանցագործության մեջ է մեղադրվում և նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել: Երկրորդ, մենք ում ուզենք, կարող ենք գործուղել: Դրա համար, եթե Ռուսաստանին այդ պաշտոնը շատ է պետք, որ մինչև մեր ժամկետի ավարտը այլ մարդ չլինի, ուրեմն պետք է սակարկել, ասենք մի 2 հատ միջուկային ռումբ բերել դրա փոխարեն: Այսինքն մենք տալիս ենք մի բան, որը մերը չի և մեզ համար ոչ մի նշանակություն չունի: Երբ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար էր, դրանից Հայաստանի օգուտը ո՞րն էր, կամ հիմա եթե Բելառուսի ներկայացուցիչը լինի, դրանից մեզ ի՞նչ է լինելու: Դա առանցքային պաշտոն չէ: Դա բուրգ է, որի իրական տերը Ռուսաստանն է: Այստեղ նաև խնդրի երկրորդ մասը կա. Ռուսաստանը կոնսենսուսի սկզբունքը պետք է կիրառի Նազարբաևին ու Լուկաշենկոյին տեղը դնելու համար, պետք է ձգի, որքան հնարավոր է: Այդ դեպքում և ռուսական պահանջը կբավարարվի, և բելառուսները մատ կլինեն:



Ընդհանրապես, հայ-ռուսական հարաբերություններում ի՞նչ է սպասվում առաջիկայում: Որքանո՞վ է այսօր Ռուսաստանն իսկապես պատրաստ ՀՀ նոր իշխանության հետ աշխատել և որքանով մեր իշխանություններն են դրան պատրաստ:

Այստեղ շահերը փոխադարձ են: Այստեղ կարևորն այն է, թե որքանով կարող է Հայաստանը հնարավորինս շատ բան պոկել Ռուսաստանից, որ կարողանա զարգանալ: Իսկ նրանք ուզեն-չուզեն, պետք է մեզ հետ աշխատեն: Ի՞նչ է նշանակում պատրաստ են մեզ հետ աշխատել, թե պատրաստ չեն: Պատրաստ չեն, թող ռադները քաշեն: Հիմա, մենք որքանով ենք պատրաստ հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը լավացնել ու բարձրացնել: Սա է կարևորը մեզ համար: Իսկ նրանք ուզեն-չուզեն, պետք է ընդունեն: Ու Պուտինի հայտարարությունը, որ Հայաստանը իրենց դաշնակիցն է ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում, դրանով նշան է տալիս, որ աշխարհի հայերին էլ է ուզում իր դաշնակիցը դարձնել:

Ես որ ասում եմ, որ քրեապետության ներկայացուցիչներով կատաղի հակահայկական քարոզչություն են անում հայկական կայքերով, այդ բոլորն ակնհայտ է: Դավիթ Շահնազարյանն ու մյուսները քաղաքական, ռազմական ազդեցության ագենտուրաներն են: Դրանց ուշադրություն մի դարձրեք և թևաթափ մի եղեք: Իշխանությունը պետք է ստանա այնքան, որքան իրեն հասնում է, և Ռուսաստանը պատրաստ է տալ այնքան, որքան մենք ուզում ենք: Պարզապես պետք է նյարդերը պահելով, դիվանագիտական բանակցություններով պետք է պոկել առավելագույնը: Պետք է բանակցի նա, ում նյարդերը չեն դավաճանում, որ կարողանա 8 ժամ նույն բաները կրկնել, մինչև բարեկամ հակառակորդի նյարդերը տեղի տան: Դա էլ ժամանակին կբերի հայ-ռուսական հարաբերությունների բալանսի ստեղծման, որը հիմա խախտված է:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->