>

Ներհայկական տիրույթում հասունանում է հերթական տհաճ գործընթացը: Դրա առիթը երկու իրադարձություններ են՝ Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի չպարզաբանված հեռացումը եւ Քոչարյանի պաշտպանության համար հանրահավաքը Ստեփանակերտում: Թե Ստեփանակերտում, թե Երեւանում հնչում են հայտարարություններ, որոնք հարիր չեն ոչ հեղափոխական տրամադրություններին, ոչ էլ մեր հազարամյա պատմությանը:

Մի փոքր ժամանակագրություն բերենք:

Նոեմբերի վերջին Հայաստանում նախընտրական արշավի ժամանակ Սասուն Միքայլեյանը հայտարարում է, որ Հայաստանում հեղափոխությունն ավելի կարեւոր էր, քան հաղթանակն Արցախյան պատերազմում, որովհետեւ այդ հաղթանակը հետո մսխել են, եւ դրա համար չէինք կռվել:




Քոչարյանի զոհերը

Արցախում պատասխանել են, որ ոչ ոք ոչինչ չի մսխել, ու մարդիկ օր ու գիշեր կանգնած են հաղթանակի պահպանության դիրքերում: Հայաստանի որոշ անձանց նկատմամբ հնչել են նաեւ տհաճ խոսքեր:





Հայաստանում որոշ շրջանակներ դա ընկալում են որպես մարտահրավեր Արցախից, նորից խոսում են հակահեղափոխության մասին, Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանին կոչ է անում ընտրություններից հետո «հաշիվ տալ» իրեն:

Ընտրություններից հետո Արցախի խորհրդարանը փորձում է հաստատել 2019 թվականի բյուջեն, որի կեսը ձեւավորվում է Հայաստանից միջպետական վարկի շնորհիվ: Բյուջեն չգիտես ինչու չի ընդունվում եւ հետաձգվում է 3 օրով:

Բակո Սահակյանը գալիս է Երեւան, հանդիպում Նիկոլ Փաշինյանին, վերադառնում Ստեփանակերտ եւ հայտարարում պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հրաժարականի մասին: Ասում են, որ դա արվել է Նիկոլ Փաշինյանի պահանջով, իսկ հաջորդը կլինեն Վիտալի Բալասանյանը, Արշավիր Ղարամյանը եւ անձամբ Բակո Սահակյանը:


Դրանից հետո Արցախի խորհրդարանը բյուջեն հաստատում է, բնականաբար, Հայաստանից միջպետական վարկով:

Դեկտեմբերի 22-ին Ստեփանակերտում հանրահավաք է տեղի ունենում Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով, որին մասնակցում են հիմնականում Քոչարյանի հարազատներն ու մտերիմները: Քաղաքական գործիչներն ու կուսակցությունները չեն միանում: Ելույթները հիմնականում ռուսերեն են հնչում, ինչն առանձնահատուկ տհաճություն է առաջացնում Հայաստանում, ինչպես եւ հանրահավաքի փաստը:

Նույն օրը Ստեփանակերտ է մեկնում Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւ չգիտես ինչու պարգեւատրում Բակո Սահակյանին, Լեւոն Մնացականյանին, Վիտալի Բալասանյանին եւ Արշավիր Ղարամյանին ԱԱԾ 100-ամյակի հուշամեդալներով:



Այս ժամանակագրությունը վկայում է Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ անառողջ հարաբերությունների մասին, որոնք բխում են իրավական հարաբերությունների ամորֆ լինելուց: Հայաստանի իշխանությունները միշտ փորձել են ազդեցություն ունենալ Արցախի իշխանության վրա: Իր հերթին, Ստեփանակերտը ցանկացել է հեռավորություն պահել Հայաստանից, որը լայն դաշտ էր բացում մանեւրի ու առաջին արցախյան պատերազմի ձեռքբերումների պահպանման համար:

Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (Ղարաբաղի հետ միասին)՝ դրանով փակելով Հայաստանի ու Արցախի իրավական միավորման ճանապարհը եւ սկիզբ դնելով ուժասպառ անող բանակցություններին: Պատերազմի տարիներին Հայաստանի ղեկավարությունը, ըստ վկայությունների, բազմիցս շանտաժի է ենթարկել Արցախի ղեկավարությանը սպառազինության, վառելիքի ու ցորենի մատակարարմամբ: Կային ժամանակներ, երբ Հայաստանում ՀՅԴ-ն հայտարարվել էր օրենքից դուրս, իսկ Արցախում ՀՅԴ-ն իշխանական կուսակցություն էր:

Հետո՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, Արցախը նստեցվեց Հայաստանի «բյուջետային ասեղին»: Դա թույլ տվեց նաեւ Երեւանից որոշումներ պարտադրել Ստեփանակերտին եւ Արցախ որպես պահուստ պահել Հայաստանում օլիգարխիկ համակարգին աջակցության համար:

Մինչեւ այդ ամորֆ վիճակը չվերանա, մինչեւ Հայաստանը չհրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից, Արցախի հետ պայմանագիր չստորագրի, որը կկարգավորի հարաբերություններն անվտանգության ու բյուջեի ոլորտներում, եւ քանի դեռ Արցախում շարունակելու են հիշել Գյուլիստանի պայմանագիրը, պարբերաբար ճգնաժամեր են հասունանալու՝ թողնելով անդուր նստվածք:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->