>

Hraparak.am-ը գրում է՝

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին խնդրեցինք ամփոփել տնտեսական տարին եւ ներկայացնել երկրի տնտեսական վիճակը, որի առաջին չորս ամսվա համար պատասխանատու էր նախորդ իշխանությունը՝ ի դեմս Կարեն Կարապետյանի կառավարության, իսկ հետագա ութ ամիսների համար՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Հրանտ Բագրատյանը դժգոհ է թե՛ կառավարության աշխատանքից, թե՛ առկա տնտեսական վիճակից։

«Նախ պետք է ասեմ, որ մենք ունենք այնպիսի ԱՎԾ, որը, բոլոր դեպքերում, տարին կներկայացնի տնտեսական աճով։ Բայց նույնիսկ այդ ԱՎԾ-ի պայմաններում, որը ստում էր՝ ինչպես անցյալ տարի, այնպես էլ հիմա, այդ սուտ թվերի մեջ տարբերություններ կան։ Եվ պետք է անմիջապես ասել, որ տարին կփակվի ցածր տնտեսական աճով, նույնիսկ ավելի ցածր, քան ներկայացված էր բյուջեում։ Եթե տարվա առաջին չորս ամիսը տնտեսական աճը գրեթե 10 տոկոս էր, ապա աճի տեմպը հետագայում երկու անգամ ընկավ։ Իմ խնդիրը միայն դա չէ, որովհետեւ եղած աճն էլ, որը մոտավորապես կտատանվի 4.5-5 տոկոսի շրջանակներում, եղած աճի 75 տոկոսը եղել է ծառայությունների ոլորտը, որի մեջ առյուծի բաժինը պատկանում է խաղերին։ Այսինքն՝ չնայած որ տարվա ընթացքում փոխվեց կառավարությունը, եւ նոր վարչապետը պառլամենտում հայտարարեց, թե ինչ մի տնտեսական աճ եք ունեցել որ՝ խաղերով եւ այլն, հիմա ճիշտ հակառակն է։ Հենց իր օրոք այդ կոմպոնենտի դերը տնտեսական աճում շեշտակիորեն ավելացավ»,- ասաց պարոն Բագրատյանը։

— Նիկոլ Փաշինյանը հենց այդ մասին էր խոսում, որ չպետք է մեր տնտեսությունը զարգացնենք կազինոների, բուքմեյքերական ընկերությունների, խաղամոլության հաշվին։




Քոչարյանի զոհերը

— Ես էլ դա եմ ասում, ինքըն ասում է, որ կազինոներով չպետք է զարգացնել տնտեսությունը, բայց իր օրոք շարունակում է բարձրանալ կազինոների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում։ Այսինքն՝ տեղի է ունենում իր ասածի հակառակը։





— Իսկ որքա՞ն տնտեսական աճ եք կանխատեսում նոր տարում։

— Միջինը 4.5-5.5 տոկոս։ Բայց այդ տնտեսական աճի 3.5 տոկոսը ծառայությունների ոլորտ է, որը ռեալ տնտեսական աճ չէ։ Իսկ նախորդ կառավարությունը, թեպետ վիճարկելի են այդ թվերը, բայց ունեցել է 7.5 տոկոս տնտեսական աճ, իսկ այս տարի առաջին 4 ամսում ունեցել է 9.7 տոկոս տնտեսական աճ։ Այսինքն՝ մենք ունեցանք տնտեսական աճի էական անկում։ Ավելին, 2019-ի սկզբին մենք կունենանք էլ ավելի ցածր տնտեսական աճ, եւ բացառված չէ՝ նույնիսկ բացասական տնտեսական աճ։

— Այս անկումն ինչի՞ հետեւանք է, եւ 2019-ին բացասական աճի Ձեր կանախատեսումն ինչո՞վ է պայմանավորված։

— Այստեղ կարող եմ հազար ու մի բան ասել տնտեսական քաղաքականության մասին, որը, որպես այդպիսին, բացակայում է Նիկոլ Փաշինյանի կառավարության մոտ։ Այն համարյա թե չկար նախկին կառավարության մոտ, բայց նախկինի մոտ գոնե կար մի 20-25 տոկոս միջոցառումների ցանկ, որոնց հետ ես համաձայն էի, 75 տոկոսի հետ համաձայն չէի։ Հիմա համաձայն չեմ 100 տոկոսի հետ։ Այն, ինչ որ ես ասել եմ, սա է. նախեւառաջ, պետք է լուծել մակրոտնտեսական թրիլեման Հայաստանի համար։

— Ո՞րն է այդ մակրոտնտեսական թրիլեման։


— Արդեն քանի տարի է՝ ես ասում եմ, որ անհնարին է ունենալ կայուն տնտեսական աճ, դինամիկ զարգացում, եթե չի փոխվում ազգային արժույթի կուրսը, եթե փորձում են գնաճն իջեցնել 3-4 տոկոսից պակաս տարեկան, եւ եթե բյուջեի դեֆիցիտը տատանվում է 2 տոկոսի շրջանակներում։ Այս դեպքում մակրոտնտեսական փոփոխականները դուք դարձնում եք ստաբիլիզատոր, որը բացառում է էական տնտեսական աճը երկրում։ Դրա գինը շատ թանկ է, նման կարգի «ստաբիլության» գինը տնտեսական աճի բացակայությունն է։ Ես դա անվանել եմ մակրոտնտեսական թրիլեմա, եւ դա համաշխարհային տնտեսագիտական գրականության մեջ հենց այդպիսի անվանում էլ ստացել է։ Այդ թրիլեման սպոնտան կերպով առաջացավ 1999-ին, երբ հայտնվեցին առաջին տրանսֆերտները, եւ որոնք մենք սկսեցինք օգտագործել կուրսը կայունացնելու համար, եւ շարունակվում է մինչեւ էսօր։ Դա հիվանդագին դարձավ արդեն 2003-2007 թվականներին, երբ որ դրամի կուրսը 600-ից դարձավ 300, եւ այդ հանցագործության հեղինակը հետագայում ոչ միայն վարչապետ դարձավ, այլ նաեւ այսօր ԵԱՏՄ-ն է գլխավորում (Տիգրան Սարգսյանին նկատի ունի՝ Վ․ Մ․)։ Իսկ հետագայում կատաղի ձեւով այն շարունակում էր Սերժ Սարգսյանը։ Այդ առումով Նիկոլ Փաշինյանի տնտեսական քաղաքականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Սերժ Սարգսյանի այդ թյուրիմացությունը խորացնելը։

— Ի դեպ, հենց դրամի կուրսի հետ կապված, Կենտրոնական բանկը, թե չեմ սխալվում, վերջին ամիսներին արհեստական ձեւով հավելյալ դրամ է բաց թողնում շուկա, որպեսզի դրանով կարողանա դոլար-դրամ հարաբերակցությունը կայունացնել, եւ դրամը չարժեզրկվի։

— Դուք սխալ գիտեք, որովհետեւ Ձեր ասածը ճիշտ կլիներ, եթե մենք տրանսֆերտները ստերիլիզացրած լինեինք։ Մենք այդպիսի բան չենք անում։ Իսկ Կենտրոնական բանկը ոչ թե մեկ միավոր պետք է դրամ տպեր, այլ գուցեեւ տասնապատիկը, որովհետեւ այլապես պարզապես հակառակ կողմից կսպանվեր ծայրահեղությունը․ դրամը կսկսի արժեւորվել, եւ ամբողջ տնտեսությունը կանգ կառնի։

— Ամեն դեպքում, մենք այս պահին չունենք ո՛չ դրամի կտրուկ արժեւորում, ո՛չ անկում։



— Ոչ, մենք այս պահին ունենք դրամի արժեւորում, որովհետեւ կայուն պահելով դրամը եւ ստանալով 1.5-2 միլիարդի չափով տրանսֆերտ՝ մենք տեսնում ենք, որ դոլարային գներն են բարձրանում, այդ ինֆլյացիան մենք չենք հաշվում դոլարային գներով, որը 20 տարի է՝ պնդում ենք, որ դա էլ պիտի հաշվվի։ Դոլարային գներով մենք տարեկան ունենք 8-12 տոկոսի ինֆլյացիա, եւ ներկայումս նախկին ԽՍՀՄ տարածքում միայն Էստոնիայում է, որ դոլարային գներն ավելի բարձր են, քան Հայաստանում։ Այսինքն՝ գոյություն ունի գների բարձրացում դոլարով, որը հանգեցրել է նրան, որ ոչ մի օտարերկրյա ներդրող չի ուզում նման դոլարային միջավայրում ներդրում կատարել։

— Դուք ասացիք՝ Ձեզ չի գոհացնում նոր կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը, բայց նկատենք, որ նոր կառավարության տնտեսական բլոկի կադրերը հիմնականում նախորդ կառավարության կադրերն են։

— Ես էլ այստեղ ասում եմ՝ իրականում հեղափոխություն է եղել, բայց այս հարցում ոչ մի հեղափոխություն էլ չեղավ։ Եվ խնդիրը միայն այն չէ, որ պետք է կոնկրետ կադրերից ազատվել։ Պատկերացրեք, մենք շորը լվացել ենք եւ ուզում ենք մինչեւ վերջ քամել, բայց որ շատ պտտենք, շորը կփրթվի, չէ՞։ Հիմա փրթվելու վրա է։

— Իսկ ի՞նչ պետք է անեն այդ դեպքում, նոր կադրե՞ր բերեն։

— Պետք էր հրաժարվել վերը նշված մակրոտնտեսական թրիլեմայից։ Նախ պիտի հասկանալ այդ թրիլեմայի էությունը։ Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում կա՞ որեւէ մեկը, որը հասկանում է դրանից կամ ի վիճակի է տանել որակյալ դիսկուսիա դրա շուրջը։ Իմ ասածի վկայությունը կառավարության՝ մայիսին ներկայացրած տնտեսական ծրագիրն էր, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ «Իմ քայլի» ծրագիրը՝ հրապարակված civilcontract.am կայքում, որտեղ այս խնդրին չէին էլ կարողացել մոտենալ։

— Այդ ամենը Դուք փորձե՞լ եք ներկայացնել նոր կառավարությանը։

— Ես ո՞վ եմ, որ կառավարությանը բան ներկայացնեմ։ Եղել է հեղափոխություն, որի մի մասնիկն եմ ես։ Էդ կառավարությունն ինքը պետք է գա ասի՝ ի՞նչ ես ասում։ Չէ՞ որ իմ ելույթները հրապարակային են, բոլորի, այդ թվում՝ կառավարության համար։ Ես, օրինակ, հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյանին․ մաթեմատիկորեն ապացուցվում է, որ անհնարին է տնտեսության զարգացումը, երբ որ դրամի կուրսն անփոփոխ է, գնաճ չկա, բյուջեի դեֆիցիտն էլ 2.5 տոկոսից ցածր է։ Ինքն ունի՞ մի տնտեսագետ, որն ինձ հակառակը կարող է ապացուցել։ Սա գիտականորեն ապացուցվող թեզ է։ Նույն կառավարությունը շնորհակալություն պետք է հայտնի, որ այս հոդվածը ձեր «Հրապարակ» թերթում տպվում է։ Ունե՞ն ավելի խելոք տնտեսագետ, ասենք՝ Տարոն Աճեմօղլուն, գիտի՞ սրա մասին եւ ի՞նչ լուծում է առաջարկում։ Այ քեզ բան։ Մի բան էլ պիտի գնամ կառավարություն, ասեմ՝ խնդրում եմ, եկել եմ՝ իմ բացատրությունը կլսե՞ք։ Բայց կառավարությունը վաղը սա լսելով՝ արդեն պիտի շնորհակալություն հայտնի, որ կա գոնե մեկը, որն այդ բանը հասկանում է եւ ասում է։

Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->