>

Մերձքաղաքական շրջանակներում վաղուց խոսակցություններ են հնչում, որ Ռոբերտ Քոչարյանը, ի թիվս այլ լրատվամիջոցների, գնել է նաև «Արմնյուզ» հեռուստաընկերությունը։ Փաստը պաշտոնական հաստատում չի գտնում նաև այսօր, սակայն մի քանի իրադարձություններ կարծես հաստատում են, որ հեռուստաընկերության նոր սեփականատերը Ռոբերտ Քոչարյանն է կամ նրան մոտ կանգնած մարդիկ։

Երկրորդ նախագահը ստվերային գործարքների մեծ սիրահար է ու երբեք հրապարակավ չի խոստովանում իր ակտիվների գոյության մասին։ Օրինակ՝ այս շրջանում մի քանի ԶԼՄ-ներ կտրականապես հերքել են իրենց կապը Քոչարյանի հետ, սակայն նրանց խմբագրական քաղաքականության անգամ մակերեսային անալիզը մատնում է երկրորդ նախագահի թիմի քարոզչական ձեռագիրը։

Սակայն գանք «Արմնյուզի» խնդրին, որն ավելի բազմաշերտ է ու, ըստ ամենյանի, այստեղ Քոչարյանի ձեռագիրն ավելի առարկայական հետևանքներ է ունենալու։




Քոչարյանի զոհերը

Aravot.am-ի տեղեկություններով, հունվարից «Արմնյուզի» եթերում չի հեռարձակվի նաև «Ա1+»-ի «Այբ-Ֆե+» լրատվական թողարկումը: Այս երկու հեռուստաընկերությունները 2012 թվականից պայմանագիր ունեին, որի համաձայն՝ «Ա1+»-ն արտադրում և «Արմնյուզին» հեռարձակման համար տրամադրում էր «Այբ-Ֆե+» լրատվական թողարկումը: Պայմանագիրն արդեն կասեցվել է: «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն, ըստ էության, հաստատել է այս տեղեկությունը: Նա Aravot.am-ին ասել է, որ իրեն հեռախոսով են հայտնել, որ «Արմնյուզի» սեփականատերը փոխվում է, ու ձևաչափի փոփոխություններ էլ են լինելու. «Մեր պայմանագիրը դադարեցվել է: Ես իրենց խաղերի մեջ չկամ, իրենց ձեւաչափի մեջ էլ…Եթե իրոք պարզվի, որ Ռոբերտ Քոչարյանն է գնել, ես իր համար երեւի ուրախ եմ, որ բերդում նայելու բան կունենա՝ իր սեփական ալիքը»:





Այսպիսով՝ Մեսրոպ Մովսեսյանն, ըստ էության, հաստատում է, որ «Արմնյնյուզը» գնվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից, ինչի հետևանքով իրենց լրատվական թողարկումն այդ հեռուստաընկերության եթերով չի հեռարձակվի։

Երեկ ուշ երեկոյան «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Քեշիշյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Aravot.am-ին «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի տված մեկնաբանությանը, թե «Արմնյուզ»-ի հետ «Ա1+»-ի պայմանագիրը դադարեցվել է և ձևաչափի փոփոխություններ էլ են լինելու, ինչի հետևանքով «Արմնյուզով» չի հեռարձակվի «Այբ-Ֆե+» լրատվական թողարկումը:

Հրաչյա Քեշիշյանը, մասնավորապես, գրել է.«Անկեղծորեն զարմացած եմ իմ հարգարժան գործընկեր Մեսրոպ Մովսեսյանի՝ Aravot.am-ին տված հարցազրույցից: Կարծում էի՝ մեր 1 ժամից ավելի տևած զրույցի ընթացքում անպատասխան հարցեր չէին մնացել, և պարոն Մովսեսյանի կողմից նման շեշտադրումներով հանդես գալու որևէ դրդապատճառ չպետք է լիներ:


Այնուամենյանիվ հարկ եմ համարում նշել, որ.

1. «Արմնյուզ» հեռուստաընկերությունը չի վաճառվել, և որևէ միտք անգամ չկա վաճառելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

2. «Արմնյուզ»-ը չի հրաժարվում եթեր տրամադրել «Ա1 պլյուս» հեռուստաընկերությանը, պարզապես այժմ չունի այնքան ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի, ինչպես տարիներ շարունակ է արել, այսօր ևս կարողանա ապահովել «Ա1 պլյուս»-ի ֆինանսավորումը․․․»։

Հետաքրքիր է, որ «Արմնյուզի» տնօրենը փորձել է հերքել «Ա1+»-ի, այսպես ասած, «փակման» լուրը, սակայն՝ ըստ էության, հաստատել է լուրը։ Այստեղ ձևակերպումների տարբերություն խնդիր կա միայն, իսկ դրա պատճառն այն է, որ Քեշիշյանը կարողանա «հերքել» հիմնական լուրը՝ բոլորին հավատացնելով, թե «Արմնյուզը» չի պատկանում Քոչարյանին։



Սակայն «Արմնյուզի» տնօրենի խոսքը համոզիչ չի թվում՝ թեկուզև այն պատճառով, որ նա փորձել է հերքել անհերքելին, այսինքն այն, որ «Ա1+»-ի լրատվական ծրագիրը հունվարից իրնեց եթերում չի լինելու։

Այս հակասականության համատեքստում ավելի արժանահավատ են թվում խոսակցություններն այն մասին, որ հենց Ռոբերտ Քոչարյանն է «Արմնյուզի» նոր սեփականատերը ու նույնիսկ հիմա՝ բանտում գտնվելու պարագայում, երկրորդ անգամ եթերազրկում է «Ա1+»-ը՝ կրկնելով նախագահության շրջանի իր արատավոր ձեռագիրը։

Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները նրան ներկայացնում են քաղաքական հալածյալի կերպարով, սակայն ակնհայտ է, որ նա նախագահության շրջանում ու նույնիսկ հիմա՝ մեղադրյալի ու կալանավորի կարգավիճակում, համառորեն պայքար է մղում ազատ մամուլի, խոսքի դեմ։ «Ա1+»-ը եզակի դրսևորում չէ, որովհետև Քոչարյանը հետևողականորեն փորձում է «փակել» նաև «Առաջին լրատվականը»՝ շինծու դատական հայցեր ներկայացնելով կայքի ու «Ժամանակ» օրաթերթի դեմ։

Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակը փոխվում է, սակայն նույնն է մնում նրա ավտորիտար մտածողությունը։ Ինչպես ասում են՝ «կարմիր կովը» կաշին չի փոխում։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->