>

«Ժողովուրդ» օրաթերթի նախաամանորյա հարցերին պատասխանել է երգիչ Արսեն Սաֆարյանը: Նա խոսել է 2018-ի իր ձեռքբերումներից, նշել, թե ինչպես եւ ում հետ է նախընտրում նշել տոները: Արսենը պատմել է, թե ինչի հետ է ասոցացնում Ամանորը եւ այս տարի ինչ է խնդրում Ձմեռ պապիկից: Երգիչը անդրադարձել է նաեւ կիսատ թողած գործերին եւ Ամանորի հետ կապված երբեւէ ունեցած ամենաքաղցր հիշողությանը:

-Արսե՛ն, ո՞րն է 2018 թվականի ամենամեծ ձեռքբերումը, նախ՝ անձամբ Ձեզ համար:

-Սկսել եմ շատ երգել, հանդիսատեսիս հետ կապն ավելի ամրացել է: «Էս ինչ սիրուն ես» երգը նոր ալիք բերեց իր հետ, երկրպագուները սկսեցին ակտիվանալ: Հիմա պետք է էլի նոր երգեր մատուցեմ, որպեսզի այդ ալիքը չմարի: Մեծ ձեռքբերում էր նաեւ համերգային շրջագայությունս Հայաստանի մարզերում: Եղա Գյումրիում, Էջմիածնում,Մարտունիում, Գորիսում եւ մի շարք այլ քաղաքներում:

-Իսկ ի՞նչ չհասցրեցիք անել, որ կցանկանայիք հաջորդ տարի իրականացնել, ավարտին հասցնել: Եղա՞վ նման բան:




Քոչարյանի զոհերը

-Կցանկանայի եւս մեկ տեսահոլովակ նկարահանել նոր երգի հիման վրա, բայց ամանորյա այս թոհուբոհի մեջ այն կկորչեր, իմաստ չուներ, այնպես որ, դա մնաց մյուս տարի:





-Ո՞րն է Ամանորը դիմավորելու Ձեր նախընտրելի տեղն ու ձեւը: Ավանդակա՞ն, թե՞ կրեատիվ մոտեցումների սիրահար եք:

-Ինչ որ օրիգինալ, յուրահատուկ բան չեմ ասի: Սիրում եմ Ամանորը նշել տանը, ընտանիքիս հետ: Այն ավանդական տոն է, եւ երբ կեսգիշերին զանգերը ղողանջում են, պետք է տանը լինել: Իհարկե, ոչ միշտ է դա ստացվում:

-Տոների հետ կապված ի՞նչը տանել չեք կարողանում: Կա՞ մի երեւույթ, որ կցանկանայիք՝ իսպառ վերանար:

-Ավելորդ լարվածությունն ու անհանգստությունը, որ համակում է գրեթե բոլորին: Չեմ սիրում, երբ իրար հետ մրցակցության մեջ են մտնում, որ տեսնեն, թե ում սեղանն է ավելի լավը: Պետք է թեթեւ նայել տոներին, ավելի հեշտ ապրել, պետք չէ մեջտեղից ճղվել:

-Ամանորն առաջին հերթին ինչի՞ հետ եք ասոցացնում: Ի՞նչ պատկերներ են մտքում գալիս:


-Մանկությանս: Հենց տոները մոտենում են, մի տեսակ մանկանում եմ, միանգամից հիշում եմ մանկությանս նվերները, քսակը՝ բարձի տակ, Ձմեռ պապիկից մեր ակնկալիքներն ու հրաշքի սպասումը:

-Ո՞րն էր 2018-ի ամենահիշարժան պահը հայ ժողովրդի համար:

-Կարծում եմ՝ ոչ միայն ինձ, այլեւ շատերի համար դա համաժողովրդական շարժման օրերն էին: Այն ընդվզումն ու միասնականությունը, որ ցուցաբերեց մեր ժողովուրդը, բացառիկ էր: Դրան շատերը չէին հավատում, կասկածներ ունեին, որ կարող է ոչինչ չստացվեր, բայց ժամանակը ցույց տվեց, որ ժողովուրդն ունակ է համախմբվելու: Ինձ ամենաշատը դուր եկավ այն, որ ժողովուրդն իր նպատակին հասավ ազնիվ ճանապարհով: Իհարկե, այդ ճանապարհին մի շարք բացթողումներ եղան, բայց չենք կարող չխոստովանել, որ այն, ինչ եղավ, երեւույթ էր ոչ միայն մեզ, այլեւ ամբողջ աշխարհի համար:

-Ձեզ համար ո՞րն էր 2018 թվականի ամենամեծ կորուստը, եթե, իհարկե, ունեցել եք:



-Մտքիս ոչինչ, բարեբախտաբար, չի գալիս, երեւի չեմ ունեցել:

-Նոր տարվա ուտեստներից ո՞րն եք ամենաշատը սիրում: Կառանձնացնե՞ք:

-Էլի օրիգինալ չեմ գտնվի եւ կասեմ՝ մայրաքաղաքային աղցանը, ինչպես նաեւ նրբաբլիթները:

-Մանուկ հասակում Ձմեռ պապիկին նամակներ գրե՞լ եք: Հիշու՞մ եք՝ հիմնականում ինչ բովանդակություն ունեին դրանք:

-Գրել եմ, այո, բայց վաղ հասակում: Մինչեւ երկրորդ դասարանը գրել եմ նամակներ: Բովանդակությունն այն էր, ինչ բոլոր մանուկներինը:

-Այս տարի ի՞նչ եք խնդրում Ձմեռ պապիկից: Կա՞ հատուկ մի բան:

-Խնդրում եմ, որ ինձ էլի բալիկ պարգեւի:

Աղբյուր՝ «Ժողովուրդ» օրաթերթ

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->