>

Թավշյա հեղափոխությունից հետո մեծ թափով սկսված մարտի 1-ի գործի քննությունը տարվում է նաեւ առավոտյան դեպքերի դրվագով: Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում քննվում են նաեւ այն դեպքերը, երբ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ոստիկանները անհամաչափ ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների վրա`ցրելով խաղաղ նստացույցը: Սակայն հետո կեղծ փաստաթղթեր են պատրաստել`իբր օպերատիվ տեղեկությունների հիման վրա Ազատության հրապարակում զենք-զինամթերքի որոնման մասին:

Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներից ի վեր այս մասին խոսվել է, եւ հիմա էլ քննվում է նաեւ այս վարկածը: Բայց հետաքրքիր է՝ արդյոք ՀՔԾ-ն քննել է կամ քննելու է նաեւ հանրահավաքի կազմակերպիչ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, օրվա վարչապետ Սերժ Սարգսյանին: Ինչո՞ւ. որովհետեւ առավոտյան իրադարձությունների մեջ էլ մութ կետեր կան, որոնք տարիներ շարունակ չեն քննվել:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ «Առավոտյան 6-ին ինձ արթնացրին, ես մեքենայի մեջ քնած էի: Սովորաբար 7-ին էին արթնացնում: Ասացին` Ներքին զորքերից եւ հատուկ զորամասերից շարժ կա Փարաքարից եւ Դավիթաշենից: Առանց տեխնիկայի՝ ո՛չ ջրցան, ո՛չ զրահապատ մեքենաներ: Մեքենաներով զինվորներ են: Ես դուրս եկա հրապարակ, մարդկանց հետ զրուցեցի, չէինք կարծում, որ կարող է այսպիսի բան տեղի ունենալ, որովհետեւ նման ահազանգեր ամեն գիշեր ստանում էինք: Մտածեցինք՝ հերթական կրկնությունն է, եւ հանգիստ էինք, բայց բոլոր դեպքերում միացրեցինք միկրոֆոնները, որպեսզի եթե լրջանա, ժողովրդի հետ կարողանանք խոսել:




Քոչարյանի զոհերը

Շատ արագ եկան: 6:40-ին մոտ երեւացին նախ շրջակա փողոցներում, պտտվեցին եւ միանգամից հայտնվեցին հրապարակում: Ես միկրոֆոնից ասացի մեր ժողովրդին` հանդարտություն, հանգստություն, ոչ մի բողոք, ոչ մի գոչյուն եւ ոչ մի կոնտակտ ոստիկանության հետ, ոչ մի շփում: Ասեցի սպասենք, տեսնենք` ոստիկանությունն ինչ է ուզում: Շարքերը սկսվեցին առաջ շարժվել եւ մահակներով ջարդել այդ ժողովրդին: Ոչ մի զգուշացում չի եղել, ժամանակ չի տրամադրվել: Իմ ելույթի վերջին խոսքի վրա տեղի է ունեցել այդ բախումը: 10-15 վայրկյան հետո իմ թեւերը ոլորեցին եւ իջեցրեցին հարթակից…»:





Տեր-Պետրոսյանի ասուլիսի տեսագրությանը հետեւելով` ակնհայտ է դառնում, որ առաջին նախագահի զրույցի տեւողությունը համակիրների հետ դժվար թե գերազանցեր 5-10 րոպեն: Ինչպես ինքն է պատմում, նա բարձրացել է հարթակ, ու կարճ ժամանակ անց սկսվել է հարձակումը: Ու թեեւ Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե հորդորել է կոնտակտի չգնալ, ակնհայտ է, որ եղել է նաեւ մարդկանց կողմից բնազդային դիմադրություն, որի արդյունքում գրանցվել են առաջին վիրավորները թե՛ ոստիկանների, թե՛ ցուցարարների կողմից:

Օդում կախված լուրեր կան, թե Տեր-Պետրոսյանը հրապարակում գտնվող հիմնականում ազատամարտիկներին հորդորել է «գոնե մի 20 րոպե ծեծ ուտել հրապարակից հեռանալուց առաջ»:


Ուստի այս հարցի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը հարցումներ է ուղարկել ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին.

«Դեռեւս 2008 թվականից լուրեր են պտտվում այն մասին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր համախոհներին խնդրել է հետեւյալը. «Երբ ոստիկանները հարձակվեն, 20 րոպե դիմացե՛ք, մի փոքր ծեծվե՛ք»:

Արդյոք ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ճշտել է այս լուրերի հավաստիությունը, արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը քննվել է այս դրվագով: Եթե այո, ապա ո՞ւմ եւ ինչո՞ւ է նման հրահանգ տվել նա»:

Ի պատասխան` ՀՔԾ-ից հայտնեցին. «Ինչպես բազմիցս ասվել է, ՀՔԾ-ն չի մեկնաբանում, թե ովքեր են հարցաքննվել կամ հարցաքննվելու  քրեական գործի շրջանակներում: Գործով նախաքննությունը շարունակվում է»:



Բայց առավոտյան իրադարձությունների ժամանակ մի կարեւոր իրողություն էլ կա, որը, պարզ չէ` քննության առարկա դարձել է, թե ոչ: Ուստի դա էլ փորձեցինք ՀՔԾ-ից պարզել. «Դեռեւս 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Մարտի 1-ի առավոտյան արթնացրեցին ինձ, ասացին, որ Ներքին զորքերի տեղաշարժ կա: Ես դուրս եկա հրապարակ, մարդկանց հետ զրուցեցի, ասացի` բախումների մեջ չմտնեք, սպասենք, տեսնենք՝ ինչ են ուզում…»: Արդյոք Հատուկ քննչական ծառայությունը քննե՞լ է, թե ով է նրան փոխանցել տեղեկատվությունը, ում հետ է այս թեմայով խոսել եւ այլն»:

Ի պատասխան` ՀՔԾ-ից հայտնեցին. «Ինչպես բազմիցս ասվել է, ՀՔԾ-ն չի մեկնաբանում, թե ովքեր են հարցաքննվել կամ հարցաքննվելու  քրեական գործի շրջանակներում: Գործով նախաքննությունը շարունակվում է»:

Ուշագրավն այն է, որ Մարտի 1-ի քրգործը նախկինում քննվում էր բացառապես ողջ մեղքը ընդդիմադիր գործիչների վրա բարդելու մղումով, իսկ այսօր կարծես միայն Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմակիցներն են թիրախում: Իհարկե, այն ժամանակվա իշխանությունները` Քոչարյանի ղեկավարությամբ, ունեն իրենց մեղքի լրջագույն բաժինը եւ պետք է պատասխանատվություն կրեն կատարվածի համար: Բայց հարց է` ինչու, օրինակ, այն ժամանակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ էլի շատերը որեւէ կերպ գործում ներգրավված չեն:

Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->