>

Վճռաբեկ բողոքը վերադարձրել է 30-ամյա տղամարդու բողոքը և վճռաբեկ բողոքի ձևական սխալը շտկելու և այն կրկին ներկայացնելու համար սահմանել 3-օրյա ժամկետ։

30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել իր ծանոթի կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու համար։ Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատավճիռը վերաքննիչ դատարանում բողոքարկել է ամբաստանյալը՝ խնդրելով բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և իրեն արդարացնել կամ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վերաքննիչ բողոքում նշվել է, որ առաջին ատյանի դատարանն իրեն մեղավոր ճանաչելու պայմաններում պետք է ստույգ ապացույցների առկայությամբ փաստեր հանցագործության մեջ իր մեղավորությունը, մինչդեռ առաջին ատյանի դատարանն իր օգտին առկա ապացույցներն անհասկանալի կերպով արժանահավատ չի դիտել: Ըստ բողոքի՝ ապացույցների նման հետազոտության և համադրման պայմաններում ակնհայտ է, որ ինքը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Ինչ է հաստատված համարել ընդհանուր իրավասության դատարանը




Քոչարյանի զոհերը

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել, որ ամբաստանյալն իր ընկերուհու հետ զբոսնել է այգում: Նշված վայրում պատահական հանդիպել է իր ծանոթ, քրեական գործով տուժող տղամարդուն և նրան հրավիրել է իր բնակության հասցե` ալկոհոլային խմիչք օգտագործելու: Նշված վայրում երեքով խմել են 1,5 լիտր օղի: Ամբաստանյալն այդ ամբողջ ընթացքում հասկացել է, որ ծանոթը սիրահետում է իր ընկերուհուն:





Որոշ ժամանակ անց ամբաստանյալի ընկերուհին հայտնել է, որ իրեն լավ չի զգում, և գնացել է ննջասենյակ` քնելու: Ամբաստանյալն օղի գնելու պատրվակով դուրս է եկել տանից: Ունենալով կասկածներ, որ իր ծանոթը սիրահետում է ընկերուհուն` մի քանի րոպե անց վերադարձել է: Մտնելով տուն՝ գնացել է ննջասենյակ և տեսել, որ ծանոթը գնացել է ննջասենյակ, պառկել է ընկերուհու կողքին և արձակում է վերնաշապիկի կոճակները: Այդ ամենից զայրանալով` նրան տարել է տան բակ, հարցրել է, թե ինչու է նման վարքագիծ ցուցաբերել, մեկ անգամ ապտակել է վերջինիս, որից հետո նա սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել իր հասցեին: Դրանից հետո ձեռքերով և ոտքերով անկանոն սկսել է հարվածել տուժողին՝ վայր գցելով գետնին, շարունակել է հարվածել և նրա առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ինչ ցուցմունք է տվել ամբաստանյալը

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, հայտարարել է, որ տուժողին ծեծի է ենթարկել իրեն հայհոյելու համար, սակայն նրա առողջությանը ծանր վնաս չի պատճառել:


Նախաքննության ընթացքում ամբաստանյալը ցուցմունք է տվել, որ այգում հանդիպել է իր ծանոթին ու նրան հրավիրել է իր տուն: Տանն խմել են մոտ 1,5 լիտր օղի: Տանն է գտնվել նաև իր ընկերուհին, ով նույնպես իրենց հետ օղի է խմել: Որոշ ժամանակ անց ընկերուհին հայտնել է, որ իրեն լավ չի զգում, և գնացել է ննջասենյակ՝ քնելու: Այդ ընթացքում հասկացել է, որ ծանոթը սիրահետում է ընկերուհուն:

Խմիչքը վերջացել է, և ինքը բջջային հեռախոսով խոսելով՝ դուրս է եկել տնից խանութ գնալու նպատակով: Կասկածների հետևանքով խանութ չի գնացել և վայրկյաններ անց վերադարձել է: Մտնելով տուն՝ տեսել է, որ իր ծանոթ տղամարդը գնացել է ննջասենյակ, պառկել է ընկերուհու կողքին և արձակում է վերնաշապիկի կոճակները: Այդ պահին զայրացել է, և նրան բռնելով՝ հանել է տան բակ: Բակում նրան հարցրել է, թե ինչու է այդպիսի բան արել, և մեկ անգամ նրան ապտակել է: Այդ պահին նա հայհոյել է իրեն, որի պատճառով ինքը սկսել է ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածել նրան: Հարվածների արդյունքում նա ընկել է, իսկ ինքը շարունակել է հարվածել, որից հետո նրան ասել է, որպեսզի հեռանա և այլևս չվերադառնա:

Դրանից հետո ծամոթը քայլելով հեռացել է: Հաջորդ օրն այգու խոսակցություններից տեղեկացել է, որ այգի շտապ օգնություն է գնացել: Հասկանալով, որ շտապ օգնությունը, հնարավոր է, եկած լինի իր ծանոթի համար, ներկայացել է Ոստիկանություն և պատմել եղելությունը։

Ինչ ցուցմունք է տվել տուժողը



Ըստ դատական ակտի՝ դատաքննության ընթացքում հնարավոր չի եղել ապահովել տուժողի մասնակցությունը, նրան բերման ենթարկելու մասին դատարանի բազմաթիվ որոշումներն ի կատար չածելու պատճառների մասին, Ոստիկանության համապատասխան գրությունների համաձայն՝ նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

Դատաքննության ընթացքում հրապարակվել է տուժողի նախաքննական ցուցմունքը, որի համաձայն՝ դեպքի օրն այգում պատահական հանդիպել է իր ծանոթին՝ ամբաստանյալին: Գնացել են նրա բնակության վայր և սկսել օղի են խմել: Տանն է գտնվել նաև իր նախկին ծանոթը՝ ամբաստանյալի ընկերուհին։ Ժամը 23:00-ի սահմաններում ամբաստանյալը դուրս է եկել տնից: Այդ ընթացքում ինքը գնացել է տան ննջասենյակ, որտեղ քնած է եղել ամբաստանյալի ընկերուհին՝ ցանկություն ունենալով քնել: Այդ պահին սենյակ է մտել ամբաստանյալը, իրեն քաշելով հանել է տան բակ և սկսել է ձեռքերով և ոտքերով հարվածել իրեն:

Այդ ընթացքում իր հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, որից հետո պահանջել է հեռանալ: Ինքը ուժասպառ, մի կերպ քայլելով՝ գնացել է այդտեղից և մոտ 100 մետր հեռանալով՝ ընկել է գետնին: Ընկած ժամանակ մոտեցել են անծանոթ մարդիկ և զանգահարել են շտապ օգնություն, որոնք գալով՝ իրեն տեղափոխել են բժշկական կենտրոն: Հիվանդանոցում տեղեկացել է, որ հարվածների հետևանքով պայթել է աջ թոքը:

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալի ընկերուհին ցուցմունք է տվել, որ ոգելից խմիչքը օգտագործել են երեքով, խմելուց հետո պառկել է քնելու, ոչինչ չի հիշում, եղել է հարբած վիճակում: Արթնացել է առավոտյան: Հիշողությունից թույլ է, քանի որ ամեն օր ոգելից խմիչք է օգտագործում: Ոստիկանություն գնացել է, այդ ժամանակ նույնպես եղել է ոգելից խմիչք օգտագործած վիճակում:

Տուժողի վարձով տանը մեկ օր մնացել է, նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել, դա եղել է միակ օրը, իսկ ամբաստանյալն այդ մասին չի իմացել: Դեպքի օրը ամբաստանյալը գնացել է խանութ, ինքը պառկել է քնելու, քանի որ իրեն վատ է զգացել, քնած ժամանակ զգացել է, որ ինչ-որ մեկը պառկել է իր կողքին, ենթադրել է, որ ամբաստանյալն է:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->